Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձնական խնդիրնե՞ր»

Հոկտեմբեր 08,2002 00:00

«Անձնական խնդիրնե՞ր» «Սիսիանի դեպքը կապ չունի տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ։ Մարդիկ անձնական խնդիրներ ունեն լուծելու։ Նրանցից ոչ մեկը թեկնածու չէ… Թաղման տեղում ինչ-որ հարցի շուրջ վիճել են, ընդհանուր հայտարարի չեն եկել՝ իրար պտակել են»: Նախորդ օրերին Սիսիանում կատարված դեպքերը երեկ այսպես մեկնաբանեց Սյունիքի մարզպետ Է. Բարսեղյանը, իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հաստատեց։ Մինչդեռ երբ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը խոսեց ընտրացուցակներում դեռեւս առկա թերությունների եւ դրանց շտկման անհրաժեշտությունների մասին, Սյունիքի մարզպետը միջամտեց. «Երբ ճշտում ես ընտրացուցակները, գործող համայնքապետերին դուր չի գալիս, այդտեղից էլ լարվածությունն առաջանում է»։ Մարզպետի այս դիտարկմանն ի պատասխան՝ տարածքային կառավարման նախարարը նկատեց. «մեր սուրբ պարտականությունն է ցուցակները ճշտել եւ ոչ մեկի քմահաճույքով չշարժվել»։ Այս երկխոսությունից հետո Սյունիքի մարզպետն այլեւս չխոսեց։ Տարածքային կառավարման փոխնախարարի մոտ երեկ հրավիրված խորհրդակցությունը մի նպատակ ուներ՝ «հավաստիանալ եւ հավաստիացնել», որ ընտրություններն «արդար եւ թափանցիկ» են լինելու։ Հարկ է նշել, որ մարզպետները՝ Երեւանի քաղաքապետի գլխավորությամբ, գերազանցիկաբար կատարեցին իրենց առաքելությունը։ Բայց, ինչպես պարզվեց ԿԸՀ նախագահի «բողոքից», մայրաքաղաքի 41 ընտրատեղամասերում քվեատուփեր չկան. մարդիկ անփութորեն այրել են պետական գույքը։ Սակայն որպեսզի այդ նույն պետական միջոցները չշռայլվեն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները «յոլա կտանեն» հինգ քվեատուփերով, իսկ նախագահական եւ պատգամավորական ընտրությունները պատիվ կունենանք նաեւ «նոր, շատ գեղեցիկ» եւ ամենակարեւորը՝ «պլաստմասսե» քվեատուփերով անցկացնել։ Հանրապետության 240 համայնքներ զրկված են կապի հնարավորությունից։ Խորհրդակցությանը ներկա ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն ու «ԱրմենՏելի» տարածքային գլխավոր տնօրեն Գագիկ Փանոսյանը խոստացան, որ այդ համայնքներում ընտրատեղամասերը կապահովվեն բջջային հեռախոսներով եւ easy քարտերով՝ զեղչով։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել