Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԵՑ ԳԵՂԱՄՅԱՆԸ

Հոկտեմբեր 08,2002 00:00

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԵՑ ԳԵՂԱՄՅԱՆԸ Որպես կանոն, մեր գլխավոր խմբագիրը թույլ չի տալիս բացասական շեշտադրումով մեջբերել լրատվամիջոցների անունները: Բայց այս կանոնի պահպանմամբ ուղղակի անհնար կլիներ անդրադառնալ «Ազգային միաբանության» 3-րդ համագումարում կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի զեկույցին: Քանզի 700-ից ավելի պատվիրակների առջեւ ունեցած այդ շուրջ մեկ ժամանոց ելույթն իր զգալի մասով ոչ այլ ինչ էր, քան հակահարված մամուլի այն միջոցներին, որոնք հիացած չեն Արտաշես Գեղամյանով ու նրա հակաճգնաժամային ծրագրով: Նշենք մի քանի օրինակներ: Ծրագրի «Հայոց աշխարհի» քննադատությանը, թե անհնարին է համատեղել պահպանողականությունը՝ արմատականությանը եւ սոցիալիստական մոտեցումները՝ ազատականությանը, «ԱՄ» ղեկավարը հակադարձեց՝ մեջբերելով Բենջամին Դիզրայելիի խոսքերը. «Ես խիստ պահպանողական եմ, որովհետեւ ուզում եմ, որ Անգլիայում պահպանվեն այն բոլոր բարի ավանդույթները, որոնք կան: Ես խիստ արմատական եմ, որովհետեւ ուզում եմ արմատախիլ անել այն բացասականը, որը նույնպես կա Անգլիայում»: Պնդելով, որ ինքը պարզապես տեղայնացրել է այդ միտքը, հայտարարեց. «Է հա՛, հո Գեղամյանը կրակը չի՞ ընկել, որ անգրագետներ են վերլուծում ծրագիրը, որ նրանք չգիտեն՝ Դիզրայելին ով է եղել»: Նույն թերթի մեկ այլ դիտարկման առնչությամբ, թե կառավարությունն էլ է առաջնորդվում նույն ծրագրով, պրն Գեղամյանն ասաց. «Այստեղ է, որ մատնում են իրենք իրենց: Եթե նույն ծրագրով է, դուք էլ կառավարության օլիգարխներից եք սնվում, էդ մարդկանց փող տալու դիմաց՝ ինչի՞ եք ուրանում, ինչի՞ եք ասում, որ իրենց ծրագիրը ջուր է»: Հաջորդ թիրախը «Նովոյե վրեմյան» էր, որը հավասարության նշան էր դրել ծրագրի արտաքին քաղաքականության հիմնադրույթների եւ Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականության միջեւ: Արտաշես Գեղամյանը բազմաթիվ օրինակներով փորձեց ապացուցել, թե հավասարության նշանն անտեղի է. «Բա «Նովոյե վրեմյայի» թղթակիցնե՛ր, հասկանում ենք՝ Ռուսաստանում զանազան բաղնիք աշխատացնողներից փողեր եք ստանում, որ գովերգեք էսօրվա իշխանություններին, ինչո՞ւ եք փաստերը նենգափոխում, ինչո՞ւ եք բացարձակ սուտ եւ կեղծ տեղեկատվություն տալիս»: Անդրադարձ եղավ նաեւ «Օրակարգին», որը վարողի հասցեին իր նկատառումները հայտնելուց հետո, Գեղամյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին. «Իրենց հուշեք, որ բյուջետային 3 մլրդ դրամը, որը տրամադրված է Հանրային հեռուստատեսությանը, ամենեւին նրա համար չի տրամադրվել, որ Ձեր գովքն անեն»: Իր բնորոշմամբ՝ «քոչարյանական մամուլից» հետո, որոնց հղեց Չարենցի այս տողերը՝ «Ո՜վ նաիրյան ստո՛ր, ստո՛ր զավակներ», անցավ «նախկին իշխանությունների գովքն անող լրատվամիջոցներին»: «Չորրորդ իշխանության» հրապարակումների առնչությամբ ասաց. «Ուզում եմ հիշել մեծն գուսան Ջիվանու հայտնի խոսքերը. «Քանքարավո՛ր ընկեր, ինձ մի նախանձիր, գոյությունս իմաստնությանդ վնաս չէ»… Ա՛յ մարդ, թողեք մենք մեր ծրագրերով տապակվենք, երկիրը հանենք էս վիճակից: Թալանն արել, տռզել եք, սթրվե՛ք էլի: Մի՛ ստիպեք, որ անպայմանորեն տոմսը մի ուղղությամբ ուղարկենք, այն էլ՝ հյուսիսային ուղղությամբ. խոսքս Ռուսաստանի մասին չէ՝ Սիբիրի մասին է»: Թեեւ այս հայտարարությունը վկայում էր աշխարհագրության նկատմամբ պատկառանքի իսպառ բացակայության մասին՝ այն դիմավորեցին ծափերով: Ակնարկներ եղան նաեւ «Առավոտի» հասցեին. «Դեռ ամիսներ առաջ ամենալուրջ ուսումնասիրությունները կատարվեցին մեր Ազգային բանակի բարձրաստիճան գեներալների շրջանակում, եւ իշխանությունների կողմից այդ տեղեկատվությունը տրվեց նախկին իշխանությունների շահերը պաշտպանող թերթերին: Դղյակ դղյակի հետեւից նկարում էին՝ էս է՛ս գեներալինն է, սա է՛ն գեներալինն է: Ըտենց թարազուի բերեցին, բոլոր գեներալների դղյակները նկարեցին: (…) Դրանից հետո ուրիշ գործընթաց սկսվեց: Սկսվեց արդեն Ազգային անվտանգության բարձրաստիճան ղեկավարների դղյակների լուսանկարների հրապարակումը: Ի՞նչ, պատահականությո՞ւն էր: Չէ՛: Պարզապես պարոն Քոչարյանն ընտրություններից առաջ ուզեցավ գեներալիտետին, ԱԱՆ-ին ու ՆԳՆ-ին ասի՝ բոլորիդ պոչը ոտիս տակ է, ոնց ասեմ՝ ընենց էլ կանեք»: Արտաշես Գեղամյանը պնդեց, որ ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր թերթերն իր ծրագրի վերաբերյալ հարցադրումներով կրկնում են միմյանց. «Ա՛յ, հենց ստեղ է, որ, ժողովրդական լեզվով ասած՝ իրանց վառած փեշը մեջտեղ է գալիս»: Նրա հետեւությունն էր. «Թե՛ քոչարյանական, թե՛ տեր-պետրոսյանական իշխանությունները՝ նույն մեդալի տարբեր երեսներն են, եւ մեկի գնալը, արդեն իսկ կարող ենք համոզված ասել՝ կանխորոշված է, ինչպես նաեւ՝ մյուսի չգալը նույնպես որոշված է, ինչքան էլ ճամարտակություններ անեն, ինչքան էլ զանազան գուսանային-սազանդարական գովերգումներ անեն իրենց տերերի հաշվին՝ ժողովուրդը չի ընդունում»: Ի դեպ, ներկա էր գուսան Համազասպը, բայց, ցավոք, այս անգամ ելույթ չունեցավ եւ, ինչպես նախորդ համագումարում էր, հանդես չեկավ Արտաշես Գեղամյանի սազանդարական գովերգումներով: Պակասը լրացրեց ինքը՝ պրն Գեղամյանը, որ որակումների նկատմամբ խտրականություն չդրսեւորեց սեփական ծրագիրը գովերգելու համար. «Գողի ձե՜ռն է բռնում էս ծրագիրը, հանցագործին վանդակի հետե՜ւ է ուղարկում էս ծրագիրը»: Անդրադարձ եղավ նաեւ նրան, թե ծրագրին ինչ գնահատական տվեցին 16-ի անդամները: Գեղամյանն առանձնացրեց «գնացքից թռչողների տեսության ջատագովների գնահատականները», թե անհրաժեշտ է ոչ թե հակաճգնաժամային ծրագիր ունենալ, այլ կուրսը փոխել. «Ցավոք, բացի վերնագիրը փոխելուց՝ եւ ոչ մի առարկայական, գործնական առաջարկություն կամ դիտողություն չեղավ»: Նա հատուկ ողջունեց 16-ի այն անդամներին, որոնք դրվատանքով էին արտահայտվել այս ծրագրի մասին՝ ՍԻՄ-ին, ԳիԱրՔՄի վարչությանը, Կոմկուսին, «Հայրենիք եւ պատիվի» ղեկավար Մանուկ Գասպարյանին՝ կարծես մատնանշելով նրանց, որոնց 16-ում համարում է իր թեկնածության կողմնակիցը: Համագումարը, ինչպես եւ սպասվում էր, իր ղեկավարին միաձայն առաջադրեց նախագահի թեկնածու («Ես արդեն գիտակցում եմ մի պարզ ճշմարտություն,- այս առիթով ասաց պրն Գեղամյանը:- Եթե հանկարծ նահանջեմ, եթե մինչեւ վերջ չգնամ, թեկուզ՝ կյանքիս գնով, ես Հայաստանում ապրելու իրավունք չեմ ունենա»): Ելույթ ունեցող բոլոր կուսակցականները կարծես մրցում էին իրար հետ, թե ով ավելի թունդ կգովի առաջնորդին: Ասենք, «ԱՄ» Երեւանի քաղաքային վարչության ղեկավար Սարգիս Մուրադխանյանի խոսքից տեղեկացանք, որ Գեղամյանը վստահություն է ներշնչում, հավասարակշիռ է, «ունի սկզբունքային եւ հետեւողական դիրքորոշում, զուսպ կեցվածք: Խոսքի բնական, ինքնաբուխ արտահայտչականությունը վկայում է, որ նրա ամեն մի ասածը բխում է սրտի խորքից, ժողովրդի հանդեպ մեծ սիրուց: Նա հրաշալի տիրապետում է հայերենին: Ունի աշխարհաճանաչման մեծ փորձ, կառավարելու ձիրք եւ, իհարկե, հումորի մեծ զգացում»: «Առավոտի» հարցին, թե «Ազգային միաբանության» մեջ իր անձի պաշտամո՞ւնքն է հաստատված, պրն Գեղամյանն այսպես արձագանքեց. «Մեր կուսակիցները, բոլորը գրագետ եւ կիրթ լինելով, երբ տեսնում են, թե հանրապետության նախագահը, որ երկու էջից բաղկացած ծրագիր է ունեցել, եւ նրան բոլոր հնարավոր միջոցներով գովերգում են թե՛ հանրային հեռուստատեսությունը, թե՛ իշխանական լրատվամիջոցները, իրենց մոտ ըմբոստություն, ընդվզում է արթնանում. եթե այս դատարկությունը կարելի է այդքան գովերգել՝ ապա մեր ծրագիրը եւ դրա հեղինակին ինչպե՞ս չգովերգել… Եվ միգուցե համոզվելով, որ չորս կողմից փորձում են քարկոծել, ցեխոտել, իրենք ուզում են ասել՝ քարավանը, միեւնույն է, գնալու է, որ կողմից ինչ շուն, առնետ չհաչա եւ չճանգռտի»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել