Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲՈՂՋ ԱԺ-Ն՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ

Հոկտեմբեր 08,2002 00:00

ԱՄԲՈՂՋ ԱԺ-Ն՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ ԱԺ-ն հերթական եռօրյան սկսեց այնպիսի ծուլությամբ ու այնպես ալարկոտ, կարծես հաստատ գիտի, որ իրենից վախեցող եւ իրեն ցրող չկա։ Իսկ խորհրդարանը ցրելու իրավունք հանրապետության նախագահը դեռ ունի։ Մինչեւ հոկտեմբերի 10-ը պետք է, որ ԱԺ-ն մի քիչ ինքզինքը ձգված զգար։ Նախ՝ ընտրական պոպուլիզմի բուռն պոռթկումից առաջ, պատգամավորները կարծես պաուզա են վերցրել, որ հետո նոր թափով սկսեն ժողովրդին սիրաշահելու եւ ինքնացուցադրվելու բուռն գործընթացը։ ԱԺ ղեկավարությունը հավերժական թռիչքների մեջ է եւ, փաստորեն, Արմեն Խաչատրյանն ու Գագիկ Ասլանյանն ամբողջ բեռը թողել են Տիգրան Թորոսյանի ուսերին։ ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը մեկնել է Իսպանիա, բնական է, աշխատանքային գործուղմամբ (կամ հրավերով), իսկ Արմեն Խաչատրյա՞նը։ Այս անգամ ԱԺ խոսնակը Մոսկվայում է։ Ըստ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկատվության. «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 6-9-ը Մոսկվայում կազմակերպում է «Հայերը դարերի սահմանագծին եւ միջազգային հարաբերությունների այժմեական խնդիրները» միջազգային կոնֆերանս։ Կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը հոկտեմբերի 7-ին կմեկնի (արդեն մեկնել է) Մոսկվա՝ մասնակցելու կոնֆերանսի աշխատանքներին։ Հավելենք, որ վերադառնալուն պես պրն խոսնակը կմեկնի Թբիլիսի՝ Քառյակի հանդիպմանը։ Տիգրան Թորոսյանն այս անգամ թռիչքագոտում չէր եւ ստիպված ինքն էր վարում նիստը։ Արշակ Սադոյանին սարսափելի նյարդայնացնում են թռիչքները եւ նա իր ամբողջ ջղայնությունը փորձեց կոտրել Տիգրան Թորոսյանի ուսերին։ Սադոյանը նախ վրդովվեց, որ եռօրյայի օրակարգի մասին զեկուցում չեղավ. «քանի գնում, աճում ենք. օրակարգի մասին զեկուցում չեղավ, հետո՞ ինչ, որ ճամփորդում են, հիմա ի՞նչ անենք, հարցեր չտա՞նք»։ Տիգրան Թորոսյանը փորձում էր բացատրել. «Իմաստ չունի՝ ես հիմա այստեղ որպես նախագահող խոսեմ, հետո գնամ ամբիոնի մոտից ներկայացնեմ։ Կարծում եմ, երկուսն էլ կարելի է տեղից անել»։ Արշակ Սադոյանին հանգստացնելը դյուրին բան չէ. «Օրակարգը լուրջ հարց է, միայն այնպես չէ, որ տպագրում են, բաժանում են, եւ մեխանիկորեն ընդունվում է։ Եվ, քանի որ մեր ԱԺ-ն դարձել է դակիչ մարմին, նրա օրակարգն էլ տպագրվել է, բաժանվել է, եւ ինչո՞ւ ԱԺ նախագահը զեկուցի կամ վարողը զեկուցի։ Ի՞նչ կարիք կա քննարկումների, հարցերի»։ Տիգրան Թորոսյանը, որը նախորդ եռօրյայում հանգստացրել էր Սադոյանին, թե վերջինս դակիչ չէ, այս անգամ այլեւս նյարդերը տեղի տվեցին, եւ ասաց. եթե Արշակ Սադոյանին դուր է գալիս՝ թող ինքը դակիչ լինի, բայց ուրիշներին թող չվիրավորի։ Սադոյանը շարունակեց. «Մտցնում ենք եռօրյա նիստերի օրակարգ, բարդ վերնագրով օրենքի նախագիծ. «Մարդու վերարտադրողական առողջության եւ իրավունքի մասին»։ Մարդու վերարտադրողական առողջությունը ո՞րն է, սովորականը ո՞րն է, շատ դժվար է հասկանալ։ Եթե ի նկատի ունեք, այսպես ասած, սեռական հարաբերությունների վերարտադրողական կողմը, դա էլ հարց է»։ Այսպիսի աշխատանքային պայմաններում էլ երկրի օրենսդիր մարմինը փորձեց գործի անցնել։ Որքան էլ զարմանալի է՝ աշխատեցին, օրենսդրական նախաձեռնություններ արագ-արագ քննարկեցին։ «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումները, որ սկսվել էին դեռ նախորդ եռօրյայում, շարունակվեցին երեկ։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը մի քանի առաջարկություններ արեց։ Նա փաստորեն ներկայացրեց նոր տարբերակ, որը հիմնականում ընդունվեց ե՛ւ հանձնաժողովի, ե՛ւ կառավարության կողմից. «Առաջինը՝ զենք տալու իրավունք պետք է ունենա նաեւ ԱԱՆ-ն, քանի որ խոսքը գնում է սահմանների պաշտպանության մասին, իսկ սահմանների պաշտպանության հարցը հիմնականում դրված է ԱԱՆ-ի վրա, քանի որ Սահմանապահ զորքերի հրամանատարն ԱԱ նախարարի տեղակալն է (հիշեցնենք, որ նախնական տարբերակում զենքով պարգեւատրելու իրավունք տրված էր միայն ՆԳՆ-ին եւ ՊՆ-ին.- Մ. Ե.)։ Հաջորդ առաջարկությունը հետեւյալն է՝ իրենց տեքստում գրված է՝ զենքով պարգեւատրել մեծ ծառայություններ մատուցած մարդկանց։ Բայց օրենքի նախագծում գրված է՝ ծառայություններ մատուցած մարդկանց։ Ես առաջարկեցի՝ ակնառու ծառայություններ մատուցած։ Ամեն մարդու հո չի՞ կարելի զենքով պարգեւատրել։ Հաջորդ առաջարկս՝ նշել եմ, որ անձը զենքով կարող է պարգեւատրվել միայն մեկ անգամ, որովհետեւ, հակառակ պարագայում, այդ ամենը կվերածվի զինապահեստի։ Առաջարկել եմ նաեւ ավելացնել հետեւյալը. սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կառավարության սահմանած կարգով կատարվում է 1991 թվից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը զենք ստացած անձանց հաշվառում կամ վերահաշվառում։ Որպեսզի մենք իմանանք, թե ովքե՞ր զենք ունեն, ինչո՞ւ ունեն։ Սա նաեւ կուժեղացնի անօրինականությունների դեմ պայքարը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել