Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՋԻՎԱՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Հոկտեմբեր 05,2002 00:00

ՋԻՎԱՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ Ավետիս բոլորիս Ջիվանին է գալիս. հայոց նորօրյա պատմության Քարե հյուրը… Մեր պատմությունը տխուր պատմություն է, լիքը՝ թույլ, ճղճիմ, բայց նաեւ, փառք Աստծո, ուժեղ էջերով։ Մեր պատմությունը տխուր է՝ իրար եւ ապագայի հանդեպ մեր անբարո (ոչ օրինավոր) վարքով եւ մեր փնթի (դատարկամիտ) ու անհեռատես գոյատեւմամբ։ Հայոց պատմության գետն անընդհատ պղտորվում է մեր նյութապաշտ ոգու մոլագար վազքի կեղտոտ խաղաոճից։ Մեր պատմության էջերից ուժեղ ասվածն այն է, որ երբեմն-երբեմն, հարյուր կամ երկու հարյուր տարին մեկ, նայած հանգամանքների եւ իրադարձությունների դասավորությանը, ունեցել եւ ունենում ենք ընդվզումի եւ հերոսացման թեթեւակի կամ պոռթկուն էջդիրներ։ Դրանից, սակայն, մեր պատմության գետի տխուր ընթացքը չի փոխվում. գուցեեւ պղտորությունը պարզվում է, բայց պարզվում է թափված ազնիվ արյան մաքրության գնով։ Ընդամենը պարզվում է, իսկ գետի ընթացքը դառնում է ավելի թախծոտ։ Եթե չլինեին այդ էջդիրները, երեւի չլինեինք նաեւ մենք՝ ֆիզիկական եւ հոգեւոր առումներով, որովհետեւ մեր վարքը ոչ թե ենթադրվում կամ ապրվում է, այլ թելադրվում՝ տվյալ դարի կամ տվյալ թվականի վերակացուի կողմից… Բայց բոլոր առումներով հանդերձ, միեւնույն է, եթե ոչ հրապարակավ, ապա գոնե թաքուն կամ ինքներս մեր մեջ պիտի խոստովանենք, որ լիիրավ եւ լիարժեքորեն իրավունք ենք վաստակել ազգովի գետինը մտնելու կամ ինքնասպանության ժայռից թռչելու, անամոթ ու անկամ ապրելու փոխարեն… Այնուհանդերձ, հայոց պատմությունն ուժեղ եւ հզոր պատմություն է՝ իր մշակույթով։ Այդ մշակույթի չգնահատված ու չուսումնասիրված անուններից է Ջիվանին. նա հզոր եւ եզակի է, առաջին հերթին, սառը դատողությամբ, որի պակասը՝ դեֆիցիտը (մեր ականջին հասանելին այս բառն է) մենք՝ հայերս, ունեցել ենք մեր պատմության բոլոր քառուղիներում։ Ջիվանին հզոր է խոհափիլիսոփայական աշխարհայացքով, վաղվա օրը սերունդներին անթերի կտակելու ձգտումով եւ ազգային ձեւապաշտություններից ու բարդույթներից ձերբազատվելու գաղափարով։ Փաստը պատմության մեջ արձանագրելիս Ջիվանին ողբերգու է. Օձերն ու գորտերն են խմում հայրենիքիս ջուրը… Առօրեական վարքն արձանագրելիս՝ նա ընդդիմություն է ժամանակակիցներին ու ինքն իրեն. ընդդիմադիր եւ ընդդիմախոս է սպանիչ հումորով. … Մեծամեծ մարդիկ հեռու են կանգնած, Ասպարեզը համբակներուն են թողած… Վարքն այս որքան ավանդական, որքան դիվային, նույնքան էլ այժմեական է. ցավով վախենամ խոստովանել, որ այլեւս ազգային բնութագիր ու ձեւակերպում ունի. … Ջիվանն էլ կաղ էշով քարավան մտած Բանաստեղծ է դարձել, խելքի՜ աշեցեք… Ինքնախարազանման ինչպիսի՜ պատկեր, հայկական խարակիրիի ինչպիսի՜ կատարելություն։ Ջիվանին նաեւ լավատեսության հորդառատ աղբյուր է եւ արդեն հարյուր ու ավելի տարի հորդորում է, որ. Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան… Արդեն երկու հազար տարի Աստվածաշնչյան այս հորդորով Ջիվանին եւ նրա ազնվական տեսակի ընտրյալները հույսի պատառիկներ են նետում մեր տխրության գետը, եւ որովհետեւ հույսն էլ վերջինն է մեռնում, հայոց պատմության կառափնարանի ճանապարհին, տանջամահ անելով «ուսյալ զավակներին», արդեն քանի՜ հարյուրամյակ, անհույս պահերին, մեր տխրության գետի ափին նստած, քթի տակ դնդնում ենք. Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես, Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան… Ինքնախաբեություն չէ՞ սա, արդյոք, մեզ համար, թե հենց ինքը՝ Ջիվանին է փափագել այդ «սերը» իր «երկրի» կողմից «անկիրթ ցեղերի» եւ անկիրթ յուրայինների դեմ մղած իր մենամարտերում… – Երանի ձեզ, հարյուր տարի հետո ծնվող սիրելիք, Բոլորովին ձեւավորված դուք կտեսնեք աշխարհը… 1902 թվագիր դրոշն է կրում իր վրա այս «երանին», որը մեզ երկար ու խոր մտորելու առիթ է տալիս. այդպե՞ս է, արդյոք, այսօր աշխարհը, եւ այդպե՞ս է, արդյոք, այն մանավանդ մեզ՝ հայերիս համար։ Մարգարե՞ է, արդյոք, այդ տողերի հեղինակը, թե՞ միամիտ երազող… Ոչ ոք չի կարող գուշակել, որովհետեւ ոչ թե չկա սառը դատողություն, այլ, ընդհանրապես, մեր շրջապատում առկա է ամեն ինչը, բացի դատողությունից, եւ թերեւս նաեւ այդ է պատճառներից մեկը, որ նա գալիս է… … Գալիս է Ջիվանին. գալիս է ջավախքեցի իր հայրենակցի՝ կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանի ահազանգի կանչով. գալիս է մարմնավորելու «Ջիվանու վերադարձը» կինոսցենարը, ըստ որի մեր քարաժայռերից նորովի կերպավորվում է նա եւ ճամփորդում իր ծանոթ եւ անծանոթ քաղաքներով ու գյուղերով… Ճամփորդում է մեր պատմության քարե ճամփորդը, եւ ճանապարհը նրան վերադարձ է դեպի շրջանս յուր՝ ծննդավայրն Կարծախ։ Ավետիս բոլորիս. Ջիվանին է գալիս։ Գալիս է նա շուրջ հարյուր տարի անց, գալիս է դեռ իր օրոք բարձրացրած հարցերին պատասխան ստանալու… Գալիս է, ու աշխարհում իր ժամանակից մինչ այսօր գրեթե ոչինչ չի փոխվել… Այսինքն, Դամոկլյան այն սուրը, որ կախված էր մեր երկրի գլխին, Ջիվանին էլ, մեր դարավոր մշակույթի ազնվական մշակների օրինակով, ամեն կերպ փորձում էր վտանգը հեռացնել մեզնից, հայացքը հառած Հյուսիսափայլին, օգնության ու գթասրտության կոչել քրիստոնյա, օտար եղբայրներին, իսկ տանը յուրայինները իրար հետ ապրել են անհաշտ, այլակարծիք… Օգնության ու գթառատության է կոչել ուրիշներին, իսկ մեզ էլ փորձել է խելքի եւ իրար հանդեպ հանդուրժողականության բերել։ Ավետիս բոլորիս. Ջիվանին է գալիս. Գալիս է նա բազալտե ժայռակուռ քարե ճամփորդի տեսքով, հոր ու նահապետի, իմաստունի ու փիլիսոփայի կերպարի մեջ։ Գալիս է, ու մեզ բաժանողը հարյուր տարին անց՝ զառամյալ ու մանուկ անջրպետն է, որի վրա հազար ու մի ոճիր կա դրոշմված. եղեռն, հեղափոխություն, մազից կախված երկրից մազապուրծ փրկված մի պտղունց կտոր, 37-41-45-53 թվականներ, 65 թիվ, ճահճացման-դեմոկրատացման տարիներ, հազար ու մի վատ եւ, անշուշտ, ի հեճուկս չարի, նաեւ հազար ու մի լավ-լավ բաներ։ Հետո 88 թիվն է աչքալուսանքի պես թառել մեր ճակատին, փետրվարի 20-համահայկական համազգային շեփորականչով, ու մի պահ այս անսկիզբ ու անվերջ տիեզերքի ներքո մենք մեկ ենք եղել, ու մեզ թվացել է, որ մենք միակամ ու միահամուռ ենք, անհաղթահարելի ու աներեր։ Հետո դեկտեմբերի 7-ը առաջ երերել է մեր ընդերքը ու մեզ, հետո բռնություններն են հաջորդել, պատերազմ, հաղթանակ, եւ ազատությունն է համբույր դրոշմել մեր ճակատին, մեր միջի ամենաազնիվ, ամենանվիրյալ մատաղացուների արյան՝ նրանց սգավորված մայրերի, այրիացած կանանց ու որբացած զավակների ճակատագրերի գույներով… Պատերազմ, հաղթանակ եւ թվացյալ ու դարանակալ խաղաղություն, որ մի քանի աթոռափոխությունից հետո (ա՜խ, այդ աթոռնե՜րը) փշրվել կամ կորսվել են անընդհատ իշխանավորների տակ, բայց կոտրվել են մեր ժողովրդի գլխին։ Դարանակալ խաղաղություն, որ պիտի արձագանքվեր մեր ուղեղներում «Հոկտեմբերի 27» դժոխային համազարկով… Գալիս է նա՝ մեր պատմության հեքիաթի իմաստուն ծերունին։ Գալիս է, երբ կորուսյալ է այլեւս պատմության ընձեռած ինքնուրույն եւ ապահով պետություն դառնալու շանսը, երբ մեր նախնյաց ու մեր սխալների շաղախը ժամանակի տիեզերահոս արագության ընթացքի սեղմակոճակի տակ վաղուց մեզանից հեռացել ու դեպի մեզ է գալիս առանց որեւէ ծրագրային, ծանրակշիռ ու խելամիտ հետեւության… Գալի՛ս է Ջիվանին… Գալիս է այնժամ, երբ հայհոյել, բանտել, տարագրել ու մահվան ենք դատապարտել մեր ուսյալներին, հերոսներին, «կուռքերին» եւ ինքներս մեզ… Երբ վաղուց արդեն չենք կարդում մեր ազնվագույն պատմիչներին, որոնք մեզ հեռվից սթափության, զգոնության ու փրկության զանգ են հնչեցնում։ Իսկ կարդացողների ու այդ մասին հիշողների շնչած օդը հիշողության կորստի հաբերով ենք թունավորում… Գալիս է նա, երբ խառնվել ենք իրար այս սոդոմ-գոմոր հիշեցնող քաղաք-պետության մեջ ու գիտակցաբար թե անգիտակցաբար ավելի ենք արագացնում նրա անկումը. մարդն այլեւս գայլ է մարդու համար եւ գիշատիչ՝ շրջապատում, իսկ մեր կողքի դեւը օրեցօր ավելի ագահ ու անկուշտ է, ու փրկագինը, ինչպես հեռավոր հեքիաթներում, լուսաճերմակ կույսով չի հատուցվելու… Գալիս է նա՝ մեր պատմության Քարե ճամփորդը, մեր հոգու դատավորը, մեր խղճի ու վարքի «ռեւիզորը», մեր անակնկալ անսովոր ճակատագրի մտրակը, գդակը ծակ այն բանաստեղծը, որ իր ապրած օրերի ու լեգենդ դարձած ժամանակի ընթացքում փորձում էր վերջապես մեր գլուխը մտցնել, որ. Խաչին յուր տերը զորություն կտա… Իսկ մենք զբաղված ենք այդ խաչը կամ սեփականաշնորհելով, կամ՝ ոտնատակ տալով… Գալիս է Ջիվանին՝ Ուսերին ծիրանին… Ու ջութակի փայտիկն էլ կախարդական պիտի լինի Աստծո առաջնորդի գավազանի նման։ Ու պահանջված պահին, հարյուր տարվա ամառների, կայծակների շանթերն ու օձերի թույնը պիտի պարպի մաքրազերծման իր անցնելիք ճանապարհին։ Գալիս է կախարդական գավազանով մեր պատմության գետի պղտոր ջրերը մաքրելու, զտելու, զուլալացնելու, ու թվում է, թե այսօր, այս առավոտից սկսած՝ իրար աչքերի նորածին ու զուլալ աչքերով ենք նայելու, ապաշխարանքի ու խոստովանության պատգամով, ներելու եւ ներվելու, սիրելու եւ սիրվելու մղումով։ Բանաստեղծը (Հայոց) կասեր՝ «Դերձակիդ մատներին մատաղ, Ջիվան, որ մորդ պես քեզ կատարյալ ծնեց…»։ Դերձակի մասին. որ է՝ քանդակագործ Արտաշես Հովսեփյանը. մինչ այդ Ալ. Թամանյան եւ այլք կերտած մարդը, որին մեզ՝ մահկանացուներիս, բախտ է վիճակված ժամանակակիցը լինելու եւ կոչվելու, քանի դեռ կանք։ Քանդակագործը, հայ բոլորաքանդակի նախահայրը (մասնագետների եւ իր համեստ վկայությամբ)։ Ջիվանու ծննդյան եւ մաեստրոյի 14-ամյա պարապ գոյության մեջ լիքը անուններ կան, որ կավե կերպարանք են ստացել ու չեն շնչավորվել. 14 տարի՝ դատարկ սափոր, որ կնոջ համար կոչվում է չբերություն, իսկ Ա. Հովսեփյանի չափի քանդակագործի համար՝ խե-լա-գա-րու-թյուն։ Բայց նա, որքան էլ զարմանալի ու զավեշտական թվա, մեր կողքին է՝ դեռ։ Մինչ Ջիվանուն հասնելը՝ իր պարապ գոյության մեջ մխիթարվել է Համո Սահյանով. Ես եզ էի ծնվել Լոկ ամոլի համար Մաճկալս եզ էր՝ Չհասկացավ… Մաճկալը, Ջիվանու արձանի պատվիրատուն, որ է՝ կինոբեմադրիչ, միջազգային տարբեր կինոփառատոների գլխավոր եւ առաջին մրցանակների դափնեկիր Հարություն Խաչատրյանը։ Ու եթե կինոբեմադրիչի «Կոնդը» մեր ճիչն է առ մեր ընչազուրկ եղբայրներն ու նրանց ավերակվող տները, մեր քար, զայրույթի հասցնող անտարբերությունը առ նրանց. եթե նրա «Սպիտակ քաղաքը» մեր եղբայրների մի հատվածի պայքարն է՝ դաժան բնության եւ դավադիր ուծացման դեմ. եթե «Քամին ունայնությանը» մեր թափառական, մեր խաչագող, մեր փախստական ու անընդհատ փախչող ոգու ըմբռնման փնտրտուքն է աշխարհի տարբեր անկյուններում ծնված հայորդիների մեջ. եթե «Վերադարձ Ավետյաց երկիրը» մեր փրկության կանչն է հազարամյակի վերջին, ջարդերից փրկված, Արարատի փեշին ծվարած մի ընտանիքի, որը խաղողի ճյուղի պես արմատ է տալիս Նոյի ոտնահետքերին՝ դրանով ավետելով, որ մենք ուժեղ ու անմահ ենք հողով հայրենական. եթե կինոբեմադրիչի «Վավերագրողը» մեր դաժան գոյակռիվն է իրար կոկորդ կրծելու սովորությամբ եւ դրա բոլոր մահասարսուռ հետեւանքներով, ապա «Ջիվանու վերադարձը» այս ամենի մաքրագործմանն է նման, հայրական ապտակի զորությամբ. ապտակ, որ տալիս է հայրը անառակ որդուն՝ կախաղանից փրկելու, նախճիրից ազատելու, համաճարակից զերծ պահելու, չարից զատելու եւ բարու մեջ պարուրած պահելու համար։ Սա Բարձրյալի մանանան եւ օրհնանքն է թերեւս լինելու, որին, ցավոք, անհաղորդ ենք եղել երկար ժամանակ։ Ավետի՜ս բոլորիս. Ջիվանին է գալիս. Ով ունկ ունի՝ թո՛ղ լսի, Ով աչք ունի՝ թո՛ղ տեսնի… ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել