Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԻ, ԱՌԱՆՑ ՖՈՆԴԵՐԻ

Հոկտեմբեր 05,2002 00:00

ԱՌԱՆՑ ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԻ, ԱՌԱՆՑ ՖՈՆԴԵՐԻ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկը՝ Թամարա Բիտյուտսկայա-Էլիբեկյանն այսօր գործազուրկ է։ Այս կամ այն թատրոնում աշխատելու նրա ցանկությունը միշտ խոչընդոտվել է դրանց ղեկավարների կողմից։ Իսկ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում ինքը չի ցանկանում աշխատել։ «Առաջին գործս, որ 1983-ին բեմադրել եմ Սունդուկյան թատրոնում, մանկական ներկայացում էր՝ Ա. Քալանթարյանի պիեսը։ Իսկ այսօր այնտեղ միտք չունի գնալը, հայտնի է, թե ինչ վիճակում է այդ թատրոնը»,- ասում է բեմադրիչը։ Զուգահեռներ անցկացնելով Ռուսաստանի եւ Հայաստանի մշակույթի գործիչների «կարգավիճակների» միջեւ, նա վերջնականապես համոզվել է, որ այնտեղ հին կադրերին հազար անգամ ավելի լավ են վերաբերվում, քան մեր երկրում։ Նույնիսկ OPT հեռուստատեսությունում գոյություն ունի ակադեմիա, որտեղ հին կադրերն աշխատում եւ օգտակար են լինում իրենց իմացությամբ ու խորհուրդներով։ Իսկ Հայաստանում, ըստ Թ. Բիտյուտսկայա-Էլիբեկյանի, կարեւորը 17 տարեկան լինելն ու երկար ոտքեր ունենալն է, դրա համար էլ ստեղծվել է «անեկդոտային իրավիճակ», իսկ հոգեւոր արժեքներն իմաստազրկվել են։ Տիկին Բիտյուտսկայա-Էլիբեկյանին արդեն ութ տարի է հուզում է հեռուստաթատրոնի ֆոնդերի հարցը (այնտեղ ոչ միայն հեռուստաներկայացումներն են, այլեւ երաժշտական ու պատմական ունիկալ կադրեր), որոնք, ըստ նրա, ողբալի վիճակում են։ Դրանք նկարված են հին՝ խորհրդային ժապավենների վրա, որոնք արդեն քայքայվել են։ Բեմադրիչի կարծիքով, հարցը լուծելու համար այդքան էլ մեծ գումարներ չեն պահանջվում, կարեւորը հոգատարությունն է տարիներով կուտակված ժառանգության հանդեպ, որ պակասում է այն տնօրինողներին։ «Օրինակ, Սերգո Երիցյանը, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է ու պատգամավոր, նույն հեռուստատեսության կադրերից է ու հրաշալի տեղյակ խնդրին։ Փոխանակ Չինաստանի մասին ոչինչ չասող ֆիլմեր նկարելու ու Հայաստանի շրջանների մասին դատարկ խոսելու, կարող էր, չէ՞, գործին օգուտ տալ»,- կարծում է տիկին Բիտյուտսկայա-Էլիբեկյանը։ Նա համոզված է, որ Ռուսաստանում ամենամիջակ դերասանի մասին պատմող 40 տարվա վաղեմություն ունեցող ժապավեններն էլ պահպանված են, նույնիսկ մնացել են թագավորին գնդակահարելու կադրերը, մինչդեռ Հայաստանում որեւէ մեկի մտքով չի անցնում զբաղվել ֆոնդերի պահպանությամբ։ Դրա համար էլ ինքը պատրաստվում է ֆոնդերի փրկության հարցով դիմել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Իբրեւ հեռուստատեսության եւ նրա ներքին խոհանոցին քաջատեղյակ մարդ, տիկին Թամարային մտահոգում է նաեւ եթերում տիրող խառնիճաղանջությունը։ «Նայում ես աղջիկներին ու զարմանում՝ երեսները ներկած, աչքերի փոխարեն էլ երկու մրի գունդ է։ Այնպիսի հասարակ բանից, ինչպիսին եթերային մակիաժն է, գաղափար անգամ չունեն»,- ասում է նա։ Շատ-շատերի նման Թ. Բիտյուտսկայա-Էլիբեկյանն էլ եկել է հետեւյալ համոզման. հեռուստատեսությունը, որ ժամանակին երիտասարդությանը կրթելու առաքելություն ուներ, այսօր դադարել է իր այդ դերը կատարել, եւ վաղուց ժամանակն է, որ վերականգնվի հեռուստաթատրոնի ավանդույթը, թեկուզ նոր ձեւով, մատուցման նոր եղանակներով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել