Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՎԻՃԱՐԿԵԼԻՆ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԽՆԴԻՐՆ Է

Հոկտեմբեր 05,2002 00:00

ՎԻՃԱՐԿԵԼԻՆ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԽՆԴԻՐՆ Է – Քրեական օրենսգրքի նոր նախագիծն ի՞նչ առավելություններ ունի գործող Քրեական օրենսգրքի նկատմամբ: Միշա Փիլիպոսյան. ՀՀ փաստաբանների միության նախագահ.- Խոսեմ հիմնականում Ընդհանուր մասի առավելությունների շուրջ: Քրեական օրենսգրքի նոր նախագիծը համահունչ է ժամանակի պահանջներին, ընդարձակվել եւ որոշակիացվել են մասնավորապես՝ «Հանցավոր ոտնձգություններից պաշտպանել խաղաղությունը եւ մարդկության անվտանգությունը»: Գործող օրենսգրքում այս կետը չկար: «Մարդասիրության սկզբունքը» հոդվածի (11) 1-ին կետում ասված է՝ «Քր. օրենսգիրքը ծառայում է մարդու ֆիզիկական, հոգեկան, նյութական, էկոլոգիական եւ այլ անվտանգությունն ապահովելուն»: Իսկ 2-րդ կետում՝ «Պատիժը եւ քրեաիրավական ներգործության մյուս միջոցները նպատակ չունեն պատճառել ֆիզիկական տանջանքներ կամ նվաստացնել մարդկային արժանապատվությունը»: Սրանք նույնպես նախկին օրենսգրքում չկային: Սկզբունքների առանձին-առանձին ներկայացնելը հնարավորություն է տալիս օրենքը կիրառելիս օգտվել հատուկ շարադրված սկզբունքներից: Նորույթ եմ համարում հոդված 16-ում շարադրվածը՝ «Հանցանք կատարած անձանց հանձնելը»: Ծավալուն եւ հիմնավորված շարադրվել է նաեւ 3-րդ գլուխը՝ «Հանցագործության հասկացությունը եւ տեսակները»: Որպես նորություն հարկ է նշել հոդված 19-ը՝ «Հանցագործության տեսակները», որում հստակ սահմանազատվում են հանցագործությունների տեսակները: Դասակարգվում են հետեւյալ տեսակների՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների, ինչն օրենքը կիրառողին հնարավորություն է տալիս առանց երկմտելու տալ կատարված արարքի համապատասխան որակումը: Լուրջ առաջընթաց է նաեւ հոդված 44-ը՝ «Անհրաժեշտ պաշտպանության մասին»: Հստակ նշվում է, թե որն է անհրաժեշտ պաշտպանությունը, որն է պաշտպանության սահմանազանցումը: Նշված է նաեւ, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասում: Ուշադրության արժանի եմ համարում նախագծի Ընդհանուր մասում ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի խնդրի սահմանումը: Նորույթ է նաեւ 48-րդ հոդվածը՝ «Հիմնավորված ռիսկը»: Սահմանազատում է անցկացվում ռիսկի պայմաններում կատարված եւ մնացած հանցագործությունների միջեւ, տալիս է ռիսկի հիմնավորվածությունը կամ ոչ հիմնավորվածությունը: Ըստ այդ հոդվածի 3-րդ կետի, «Ռիսկը հիմնավորված չի համարվում, եթե այն ակնհայտորեն զուգորդված է եղել երրորդ անձանց զոհվելով, էկոլոգիական կամ հասարակական աղետի սպառնալիքով»: Այսպիսի հասկացություններ գործող օրենսգրքում չեն եղել: Նորություն է նաեւ նախագծի 49-րդ հոդվածը: Ուշագրավ է նրա 3-րդ կետը, ըստ որի «Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»: Քրեական օրենսգրքի վիճարկելի հիմնական թեման պատժատեսակների խնդիրն է: Ըստ նախագծի, մահապատժի ինստիտուտի կիրառումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում: Շարադրված է գլուխ 35՝ «Անցումային եւ եզրափակիչ դրույթներ»-ի հոդված 39-ում. «Մահապատժի վերացման վերաբերյալ սույն օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն»: Նախագծում որոշակիություն է մտցվում, թե ո՞րն է համաներումը, ո՞րն է ներումը: Գլուխ 14-ի 82-րդ հոդվածով կարելի է պարզ պատկերացում կազմել, թե համաներման ակտով ո՞վ կարող է ազատվել, ի՞նչ չափով կարող է ազատվել, դատվածությունը կարո՞ղ է վերացվել, թե՞ չի կարող վերացվել: – Ձեր կարծիքով նախագծում կա՞ն դատական համակարգի աշխատողներին, այսպես ասած, մանեւրելու հնարավորություններ: – Մանեւրելու հնարավորությունը հիմնականում վերաբերում է Հատուկ մասին: Որքան էլ սկզբունքները հստակեցված լինեն, միեւնույն է, մանեւրելու հնարավորությունը պիտի լինի՝ կապված նախկինում դատվածության հետ, որոշակի պայմանների հետ: Այլ հարց է պատժաչափերի տարբերությունների փոքրացումը, որը նկատելիորեն կիրառվել է նախագծի հեղինակների կողմից: – Հետաքրքրվու՞մ եք «աղմկահարույց» դատավարություններով: – Ինքս չեմ մասնակցում աղմկահարույց դատավարությունների, բայց ի պաշտոնե առնչվում եմ դրանց: Զրուցեց ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել