Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դարվինը պարտվեց Աստծուն, բայց ոչ մարդուն

Հոկտեմբեր 05,2002 00:00

Դարվինը պարտվեց Աստծուն, բայց ոչ մարդուն Եվ այսպես, մարդիկ այլեւս կապիկից չեն առաջանում, նրանք առաջանում են Աստծուց եւ միմյանցից: Մեր պետությունը հայ կենսաբաններին այնքան գումար չի տրամադրում, որպեսզի վերջիններս դպրոցների համար էվոլյուցիոն կենսաբանության փոխարեն գրեն մարդաբանական կամ աստվածաբանական կենսաբանություն: Ավելին, պետք է գտնել այն հայ կենսաբանին, որն առանց կարմրելու դպրոցական դասագրքի մեջ կգրի. «Աստված ստեղծեց մարդուն»: Բայց դա 1) կենսաբանը չպետք է գրի, այլ առնվազն կրոնավորը, 2) եթե մարդն ունի ոչ աստվածային ծագում, ինչպե՞ս վարվենք քարանձավներում եւ այլուր գտնված առաջին նախապատմական քարե գործիքների եւ կապկային դեմքով մարդկանց ինքնանկարների հետ (եկեղեցին չի հաշտվում այն մտքի հետ, որ Աստծո արարած մարդը կարող էր առնվազն կապկանման լինել (չէ՞ որ, ըստ եկեղեցու, մարդն արարված է Աստծո պատկերով եւ նմանությամբ) եւ ոչ թե մարդանման կապիկ, ինչպես հավատացնում էր խորհրդային աթեիզմը, որին չհամաձայնելը եկեղեցու համար խաղ ու պար էր), 3) դպրոցական երեխային չես կարող կենսաբանորեն ասել, որ Աստված մարդուն ստեղծեց կավից: Թեկուզ ոչ լավագույն հիմնավորումներով, այնուամենայնիվ, Դարվինը պատճառաբանեց մարդու կապկային ծագումը, որն, ի դեպ, չէր նշանակում, որ կապկային ծագում ունեցող մարդն Աստծո արարած չէ, որն էլ իր հերթին չէր նշանակում, թե կապկային ծագում ունեցող մարդն ի սկզբանե դատապարտված չէր մարդ լինել, որն էլ իր հերթին չէր նշանակում, որ աշխարհն արարելիս Աստված ի սկզբանե չէր տարանջատել կապիկին ընդհանրապես եւ մարդկային վերջաբան ունեցող պրիմատին, 4) դարվինյան տարբերակը բազմաթիվ կենսաբանների ոգեշնչել է խորանալ այդ առարկայի եւ ընդհանրապես էվոլյուցիայի մեջ, դարձել է հաց աշխատելու առիթ եւ ինչու ոչ՝ Դարվինի տեսությունը ոչնչացնելու պատճառ: Քանզի մարդու աստվածային ծագումը կենսաբաններ չի ծնել, ծնել է հավատացյալներ, աստվածաբաններ եւ աղանդավորներ, 5) պարզ է, որ աստվածային ծագման տարբերակը երեխային ավելի բարի է դարձնում: Մենք գիտենք, թե կապկային ինչ մեթոդներով էին առաջին մարդիկ վաստակում իրենց հացը: Բայց եթե երեխան հավատա աստվածային ծագմանը, նա առնվազն տրամաբանող չի մեծանա, քանի որ փաստն ավելի ճչացող է, քան փաստի հիմքերը: 6) հավատը չի բացառում էվոլյուցիան, ինչպես եւ էվոլյուցիան չի բացառում հավատը: Ուստի ինչ իմաստ ունի վստահեցնել, որ եթե մարդը հավատում է Դարվինի էվոլյուցիային, ուրեմն չի հավատում Աստծուն: Առավելեւս, ո՞վ ասաց, որ եթե Աստված է ստեղծել Արտաշես Գեղամյանի, Անդրանիկ Մարգարյանի կամ Անդրանիկ Մանուկյանի նախնիներին ու հենց թվարկվածներին, ուրեմն այսօր էլ Աստված գոյություն ունի կամ լուրջ հիմքեր ունի գոյություն ունենալու: Եվ քանի որ այս մարդիկ մեր կողքին են, դպրոցական երեխայի համար հայ կենսաբանը կարող է անել միայն մեկ հետեւություն՝ Աստված գոյություն ունի, բայց մարդն առաջացել է կապիկից: Կենսաբանության դասագրքում երեխան սովորում է Դարվինի էվոլյուցիան՝ առանց տեղեկանալու, որ կապիկի տեսության հեղինակն ինքն էլ է կասկածել «արարչագործության» իր պատկերացումներին (մեջբերենք Դարվինին. «Ես չեմ հասկանում, թե աշխարհն ինչպես կարող էր մի պարզ պատահականության ծնունդ լինել», այսինքն՝ օրինաչափություն էր պետք, իսկ դա, ըստ ռուս քահանա հայր Ալեքսանդր Մենի՝ Աստվածը պիտի լիներ): Ինչպե՞ս անենք: Արարատի մարզի Լուսաշող գյուղի բնակիչ Սիմոնն օգոստոսի 31-ի առավոտյան մեկ հարվածով հողին հավասարեցրեց Դարվինի էվոլյուցիան. «Մարդն իսկի մարդուց չի առաջանում, ուր մնաց առաջանար կապիկից»: Աստծո գոյության ապացույցի ավելի հիմնավոր պատճառ չեմ լսել: Սիմոնն ասում է, որ ինքը խորհրդային կրթություն ունի եւ յուրացրել է աթեիզմն իր ողջ անպարկեշտությամբ: Այժմ Սիմոնն զբաղված է իր աճեցրած կաղամբի համար գնորդներ փնտրելով: Սիմոնը բանակցություններ է վարում պաշտպանության նախարարության հետ: Այս օրերին սարի խոտն է քաղում, տուկ է անում, որի ավելցուկը նույնպես մտադիր է վաճառել, քանզի խոտի բերքահավաքը, ըստ նրա, երբեք այսքան հաջող չի եղել: Սիմոնն առանձնապես դժբախտ մարդ չէ, բայց մարդը, ահա, հանգել է այդպիսի մտքի: Պարզ է, որ նրա այդ միտքն իր նմանի հանդեպ համակրանքի եւ հավատի կորստի ծայրահեղ օրինակ է: Չարժե, որ աստվածային ծագման հետեւորդ երեխան նման հետեւության հանգի: Իսկ ինչպե՞ս վարվել այն երեխաների հետ, որոնց համար ոչ մի տարբերություն չկա կամ միեւնույն է, թե ով է առաջացրել մարդուն, կամ ումից է առաջացել ինքը՝ երեխան, որը ծնող ունեցողի անխուսափելիությամբ կառչած է իր մորը մայրիկ եւ հորը հայրիկ ասելու երջանիկ փաստի առաջ: Կան, չէ՞, ծնողներ ունեցող երեխաներ, որոնք օր առաջ շտապում են հեռանալ դպրոցից: Գյուղերում այդպիսիներին հաշվում են հազարներով: Ինչպե՞ս վարվենք երեխայի հետ, որն Աստծուն կհիշի հարազատի դժբախտության, մահվան դեմն առնելու կամ արդեն կատարված փաստի առիթով: Կապանում երեք քույր կորցրին իրենց միակ եղբորը: Վերջինիս ձմռանն իր անիվների տակ ճզմեց հսկա «ԿամԱԶ»-ը: Ողջ ընտանիքը դարձավ Եհովայի վկա: Եվ հավատացին, որ ողջ կենդանի բնությունն արարվել է Եհովայի կողմից: Եվ Եհովան էլ կճզմի բոլոր նրանց, ովքեր չեն հավատում իր առաջնայնությանը: Աթեիստների դեֆիցիտով ապրող մեր խղճուկ մոլորակը համալրեցին չորս ոչ ավանդական հավատ ունեցող մարդիկ (մայր, երեք քույր): Գավառի գյուղերի մի շարք դպրոցականներ արդեն գիտեն, որ մարդն Աստծո ծնունդ է: Այս մեկն իմանալու համար նրանք կրոնի եւ եկեղեցու պատմություն անցնելու կարիքը չեն ունեցել: Բայց այս դպրոցականները կենսաբանությունից դեռ չեն սովորել բույսերի, կենդանիների եւ մարդու ծագումը: Շուտով նրանք դպրոցական մակարդակով կտեղեկանան 17-18-րդ դարերի բնագետների ուսումնասիրություններին: Ավելի վաղ կիմանան, որ «Աստվածաշունչը» սեր է քարոզում եւ դա, ըստ երեւույթին, համոզիչ կհնչի նրանց համար: Իսկ այն, որ այդ նույն սերը քարոզում է համաշխարհային ողջ մշակույթը, այդ նույն երեխայի համար այն համոզչությունը չի ունենա: Արարիչը միշտ ասում է ավելին, քան ուսուցիչները՝ հավատացնում է եկեղեցին: Այսպիսով, ինչպե՞ս վարվենք այն երեխաների հետ, որոնց համար միեւնույն է, թե իրենք ինչ ծագում ունեն: Պարզ է, եկեղեցուն մեղադրել չի լինի, կա «Կրոնի եւ եկեղեցու պատմություն» առարկան, կենսաբանությունում մարդու դարվինյան ծագման փաստի ուսումնասիրությունը հասցված է նվազագույնի, կան եւ կկառուցվեն եկեղեցիները: Ծնողներին նույնպես չենք կարող մեղադրել՝ նրանք իրենց խոսքն ասել են մարդու աստվածային ծագման մասին, երեխային ուղարկում են դպրոց, իսկ երեկոյան երեխայի ներկայությամբ կամ առանց նրա հաշիվներ են պարզում այն մասին, թե կյանքն ինչու է այսքան վատ: Վիճում են այն մասին, թե ինչու տան նպաստ ստացող գործազուրկ տղամարդը գոնե տարին մեկ անգամ մի փունջ ծաղիկ չի նվիրում տան գեղեցիկ սեռի ներկայացուցչին: Ուսուցիչներին նույնպես չենք մեղադրի՝ ամսական 15 հազար դրամով նրանք իրենց խոսքն ասել են աստվածային ծագման մասին, հորդորել են կարդալ «Մանկական Աստվածաշունչ» եւ գնացել տուն, որտեղ չգիտեն, թե ինչպես համոզեն իրենց հարեւան աստվածային արարած Հարութին, որ պարտքով հացի փող տա, քանի որ «սուպերմարքեթ» ունեցող Հարութն այդ փողը չունի ու չունի: Իսկ երեխան ապրում է այն երազով, որ Հարութ լինելն էլ մի բան չէ, պետք է ավելի հարուստ լինել: Երեխան երազում է վայելել իր նմանին մերժելու արքայությունը: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել