Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆՆ ՈՒ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ

Հոկտեմբեր 05,2002 00:00

ԳԵՂԱՄՅԱՆՆ ՈՒ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ Երեւանյան հասարակությունը չի որոշակիացնումընդգծված ընդդիմադիր թեկնածուին Առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մոտեցմանը զուգընթաց աճում է հասարակության հետաքրքրությունը իրենց նախագահական հավակնությունների մասին արդեն իսկ հրապարակավ հայտարարած կամ էլ այդ մասին բավականին երկիմաստ ակնարկներ անող տարբեր գործիչների վարկանիշերի վերաբերյալ։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում հայաստանյան շատ գործիչներ իրենց բոլոր հրապարակային ելույթները կառուցում են ելնելով մի հիմնադրույթից, թե իրենք ունեն առնվազն 25-30 տոկոսանոց կայուն ընտրազանգված եւ քաղաքական դաշտի բոլոր սուբյեկտները իրենց հետ հարաբերությունները պետք է կառուցեն՝ հիմք ունենալով այդ իրողությունը։ Այդ առումով կարծում ենք, նրանց, եւ ոչ միայն նրանց համար հետաքրքիր տեղեկություններ է ներկայացնում քաղաքական տեխնոլոգիաների «Լոգոս» հետազոտական կենտրոնի կողմից սեպտեմբերի սկզբին Երեւան քաղաքում ստանդարտացված հարցազրույցի մեթոդով եւ ստրատիֆիկացված, բազմաստիճան տարածական ընտրանքով 18 տարեկանից բարձր 600 հարցվողների շրջանում անցկացված զանգվածային սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Ստորեւ ներկայացվող հարցումը անմիջապես հաջորդել է 16 կուսակցությունների կողմից ընդհանուր քաղաքական նպատակների ու նախընտրական դաշինքի ձեւավորման ցանկության մասին հայտնի հայտարարության հրապարակմանը եւ ներառել է նաեւ քաղաքական գործընթացների ու երեւանյան հասարակության էլեկտորալ վարքագծի վրա այդ հայտարարության ու 16-ի համագործակցության ձեւավորման ազդեցության աստիճանի ստուգման խնդիրը։ Հարցման վերլուծությունը իրականացված է վերլուծական խմբավորման մեթոդով, ինչը հնարավորություն է տալիս տարբեր գործոնների միջեւ առկա փոխկախումները պատկերող խաչաձեւ խմբավորման աղյուսյակների ներկայացման տեսքով ընթերցողների համար առավելագույնս տեսանելի դարձնել հարցման արդյունքում ստացված թվական տվյալներից բխող եզրահանգումների հիմքերը։ Հանրապետության նախագահի թեկնածուների վարկանիշեր Հանրապետության նախագահի հնարավոր թեկնածուների իրական վարկանիշերը հարցման անցկացման պահին ճշտելու համար նպատակահարմար է համարվել նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցը առաջադրել «Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային հանրապետության նախագահի ընտրություններ, ո՞ր քաղաքական գործչին կտայիք Ձեր ձայնը» ձեւակերպմամբ։ Եվ չնայած մի շարք գործիչներ հրապարակայնորեն արդեն իսկ հայտարարել են նախագահական ընտրություններում իրենց առաջադրվելու ցանկության մասին, իսկ մի շարք գործիչների առաջադրումն էլ ենթադրելի է, այդուհանդերձ, քանի որ հանրապետության նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումը դեռ չի կատարված, հարցվողներին գործիչների ցանկ չի առաջադրվել։ Այս պայմաններում գործիչների որեւէ ցանկի առաջադրումը պարզապես կարող էր դիտվել որպես այդ ցանկում ընդգրկված գործիչների օգտին հարցվողներին կողմնորոշելու, այդ կերպ նրանց վրա ճնշում գործադրելու եւ հարցման որոշակի արդյունքներ կանխորոշելու փորձ։ ՈՒստիեւ բոլորի համար հնարավորինս հավասարություն ապահովելու նպատակով հարցը տրվել է առանց պատասխանի տարբերակների ընտրության հնարավորության։ Հարցվողն ազատ է եղել իր պոտենցիալ ընտրությունը ազատ արտահայտելու առումով եւ այդ պատճառով հարցման պատասխաններում արձանագրվել են նաեւ այնպիսի գործիչների անուններ, որոնք սահմանադրական նորմի համապատասխան առաջադվելու իրավունք չունեն (Արթուր Բաղդասայան) կամ որոնց առաջադրման իրավունքը վիճարկելի է (Րաֆֆի Հովհաննիսյան)։ Արդյունքում սեպտեմբերի սկզբին Երեւան քաղաքի ընտրական տարիք ունեցող 600 հարցվողների պատասխաններով ստացվել է նախագահության հավակնորդների վարկանիշերի հետեւյալ պատկերը. Պետք է նկատել, որ հարցման արդյունքների այսպիսի պատկերի ստացման հարցում նշանակալի դեր է ունեցել սեպտեմբերի սկզբի դրությամբ հանրապետական լրատվամիջոցներում երկրի նախագահի հավակնորդ առանձին գործիչների անունների շրջանառության մակարդակը։ Մասնավորապես, ինչպես նկատելի է ստացված արդյունքներից, հատկապես բարձր էլեկտորալ վարկանիշեր արձանագրել են այն գործիչները, ովքեր կամ իրենք են հրապարակայնորեն հայտարարել իրենց առաջադրվելու մտադրության մասին, կամ էլ առնվազն ԶԼՄ-ների կողմից դիտարկվում են որպես նախագահության հիմնական հավակնորդներ՝ մարդիկ, ում առաջադրվելը լրատվամիջոցների կողմից կասկածի չի ենթարկվում։ Ինչեւէ։ Անդրադառնալով ստացված արդյունքների դիտարկմանը, ուշագրավ է նկատել, որ սեպտեմբերի սկզբին նախընտրելի քաղաքական գործչի հարցում դեռ չէին կողմնորոշվել հարցված երեւանցիների շուրջ կեսը՝ 46.5 %-ը։ Ընդ որում, նրանց նշանակալի մասը այն մարդիկ են, ովքեր այդ պահի դրությամբ չեն տեսնում այն գործչին, ում արժանի կհամարեին հանրապետության նախագահի պաշտոնին։ Այդպես մտածողների շուրջ 35 տոկոսանոց զանգվածից ընտրություններին չմասնակցելու վճռականություն են ցուցաբերում հարցման ընդհանուր արդյունքների 20.17 տոկոսանոց մի էական զանգված։ Իսկ քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող 14 տոկոսանոց մի զանգված էլ, ի տարբերություն նախորդ խմբի, որոնք պարզապես ի նշան բողոքի կամ անտարբերության՝ ընտրություններին չէին մասնակցելու, վճռական է տրամադրված գնալու ընտրատեղամաս եւ բոլորին դեմ քվեարկելու։ Այս առումով առանձին խոսակցության նյութ է հարցված երեւանցիների 12,33 տոկոսանոց խումբը, որը ոչ թե նախորդ խմբերի նման Հայաստանի քաղաքական դաշտում նախագահի պաշտոնին արժանի գործիչ չի տեսնում, այլ պարզապես սեպտեմբերի սկզբի դրությամբ դժվարացել է եղած թեկնածուների միջեւ ընտրություն կատարել։ Ընդ որում, այստեղ պետք է նկատի ունենալ, որ այս խմբի մեջ մտնող ընտրողները տրամագծորեն հակադիր պատկերացումների կրողներ են՝ նրանց մի մասը նախագահի պաշտոնին արժանի մարդ չի տեսնում, մյուս մասն էլ ընդհակառակն՝ որպես այդպիսին՝ հարմար է համարում մեկից ավելի թեկնածուների ու դժվարանում նրանց միջեւ ընտրություն կատարել։ Հարցման ընդհանուր արդյունքներում 12,33 տոկոսանոց մեծություն կազմող այս ընտրախումբը առանձնապես պետք է հետաքրքրի պոտենցիալ թեկնածուներին, քանզի այս խմբին քարոզարշավի նպատակային հասցեատեր խմբերի մեջ ընդգրկելու դեպքում պոտենցիալ թեկնածուի ընտրարշավի արդյունավետությունը կարող է նկատելիորեն մեծանալ։ Որեւէ թեկնածուի օգտին դեռեւս կողմնորոշվել չկարողացող ընտրողների զանգվածն այն նպատակային խումբն է, որին ուղղելով իր քարոզչությունը, թեկնածուն կարող է առավել քիչ էլեկտորալ ռեսուրսներով առավել բարձր էլեկտորալ արդյունքներ ապահովել։ Ինչ վերաբերում է արդեն կողմնորոշված ընտրողներին, ապա նկատելի է, որ եթե իշխանության բեւեռն, ըստ էության, հստակեցված է եւ սահմանափակվում է արդեն իսկ կրկին առաջադրվելու իր մտադրությունը հայտնած նախագահ Ռոբերտ Քոչարյանով, ապա ընդդիմության դաշտում որեւէ հստակություն չկա եւ ընդդիմադիր դաշտի լիդերի համար քաղաքական կուլիսներում ու լրատամիջոցներում տարվող կատաղի պայքարը նույնությամբ արտացոլված է նաեւ երեւանյան հասարակական կարծիքում։ Ըստ էության, միասնական ընդդիմության լիդեր, որպես այդպիսին, չի նկատվում։ Ավելին, չի նկատվում նաեւ մեկը, որը հասարակական կարծիքում շահեկանորեն փոքրիշատե առանձնանա մյուսներից։ Այդ առումով ընդդիմադիր դաշտի հասարակական կարծիքի առաջատարներ, որոշակի վերապահումներով, կարելի է համարել Արտաշես Գեղամյանին ու Ստեփան Դեմիրճյանին։ Ըստ էության, սույն հարցման արդյունքներով երեւանյան հասարակության մեջ նրանց էլեկտորալ վարկանիշերը գրեթե կրկնվում են, եւ ընդդիմադիր դաշտում առաջնություն ստանալու առումով նրանք որպես փաստարկ պետք է փորձեն օգտագործել նաեւ մյուս էլեկտորալ ռեսուրսների հանրագումարը, քանզի միայն վարկանիշերի տարբերությունը իր աննշանության պատճառով տվյալ դեպքում որեւէ մեկի առաջնության համոզիչ փաստարկ չի կարող դիտվել։ Ասվածը, մասնավորապես, վերաբերում է Արտաշես Գեղամյանի այն ակնհայտ հավակնությանը, թե իբր ինքը ընդդիմադիր դաշտում հասարակական կարծիքի ակնհայտ առաջատար է եւ միայն այդ հիմքի վրա արդեն պետք է ընդհանուր թեկնածու ընդունվի իր դաշնակիցների կողմից։ Դեռ ավելին՝ ընդդիմադիր դաշտում նկատելի դերակատարություն եւ երեւանյան հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրությունների կրող զանգվածների վրա լուրջ ազդեցություն ունեն եւ չի կարելի բացառել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վազգեն Մանուկյանի էլ ավելի ակտիվացման հնարավորությունները։ Այնպես որ վերջիններս նույնպես կարող են որոշակի քաղաքական իրավիճակներում դառնալ գործող նախագահի ընդդիմադիր միասնական հավակնորդ։ Եվ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում կարող են որոշակի բարդություններ հարուցվել նրա առաջադրման հնարավորության առումով, ապա փորձառու Վազգեն Մանուկյանը, որի հնարավորությունների նկատմամբ շատերի մոտ թեական վերաբերմունք է նկատվում, գրագետ ընտրակամպանիայի կազմակերպման դեպքում կարող է շատ-շատերի, բայց ոչ երբեք իր համար անսպասելի հաջողության հասնել։ Չի կարելի ընդհանրապես հաշվից հանել նաեւ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի առաջադրման եւ դրա արդյունքում ընդդիմադիր դաշտում էական վերադասավորումների ու լրիվ այլ տրամաբանությամբ դեպքերի զարգացման հնարավորությունը։ Այդ առումով ուզում եմ հատուկ արձանագրել, որ հարցման արդյունքներում այդ երկու գործիչների ստացած չափազանց համեստ ցուցանիշները չեն արտացոլում նրանց իրական ներուժը, քանզի հարցման անցկացման պահին այդ գործիչները դեռեւս լրատվամիջոցների կողմից չէին դիտարկվում որպես նախագահի պաշտոնի պոտենցիալ հավակնորդներ (մի քանի վերլուծական՝ ընդ որում՝ նրանց հանդեպ ակնհայտ բացասական տրամադրություններով գրված հրապարակումներից զատ) եւ ըստ այդմ, հարցման անցկացման պահին երեւանյան հասարակության կողմից որպես այդպիսին չէին դիտարկվում, ինչն էլ ուղղակիորեն արտացոլվել է նրանց արձանագրած վարկանիշի ցածր մակարդակով։ Ընդդիմադիր դաշտի մասին խոսելիս չի կարելի նաեւ չարձանագրել Արշակ Սադոյանի աննշան վարկանիշը։ Հանգամանք, որը ցույց է տալիս, որ գնալով փոխվում է հասարակության քաղաքական ճաշակը եւ պոպուլիզմը՝ իր պարզագույն դրսեւորման մեջ այլեւս անհետաքրքիր է դառնում։ Այդ առումով հասարակությունը ավելի հակված է նկատել այն գործիչներին, ովքեր ընտրողին ակնհայտորեն դուր գալու փորձերին արդեն գոնե աշխատում են ծրագրային փաթեթավորմամբ քաղաքական կուրսի տեսք տալ (Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան եւ այլք)։ Նախքան իրենց կատարած ընտրության հիմքի վրա պայմանականորեն իշխանամետների ճամբարին դասվող ընտրողների նախընտրելիությունների պատկերին անցնելը, կցանկանայի անդրադառնալ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդների ցածր վարկանիշին։ Արամ Սարգսյանի եւ Ալբերտ Բազեյանի ստացած 0.17-ական տոկոսները (600 հարցվածներից 1-ական պատասխան) թերեւս մի կողմից պայմանավորված են նրանով, որ այդ գործիչները իշխանությունից հեռանալուց հետո իշխանությանը մեղադրելուց ու իշխանության քայլերը քննադատելուց բացի որեւէ խնդրի շուրջ այդպես էլ երբեւէ հրապարակային փաստարկված տեսակետ չեն արտահայտել եւ այդ պատճառով ցավալի է դա արձանագրել, բայց հասարակական կարծիքում սկսել են ընկալվել պարզապես որպես անձնական հարթության մեջ իշխանությունից հեռացված-նեղացած մարդիկ եւ ոչ որպես քաղաքական գործիչներ, ովքեր կուսակցություն են ղեկավարում եւ ըստ այդմ, ունեն իրենց գաղափարաարժեքային պատկերացումներից բխող քաղաքական խնդիրներն ու նպատակները։ Այդուհանդերձ, Արամ Սարգսյանի ու Ալբերտ Բազեյանի վարկանիշերի գրեթե զրոյականության վրա ազդած գործոններից կարելի է համարել նաեւ նրանց կողմից պարբերաբար արվող հայտարարությունները, թե իրենց կուսակցությունը պատրաստ է թեկնածու չառաջադրել եւ պաշտպանել ընդդիմադիր այլ թեկնածություն։ Ինչեւէ։ Ամփոփելով ընդդիմադիր գործիչների վարկանիշերի դիտարկումը, արձանագրենք նաեւ, որ ընդդիմությանը այս պահին ակնհայտորեն շատ է խանգարում խարիզմատիկ որակներ ունեցող լիդերի բացակայությունը։ Եվ այդ է պատճառը, որ ընդգծված ընդդիմադիր թեկնածու չկա, չնայած այն բանին, որ ընտրություններում ձայների հաշվարկման մոդելով ընդդիմությունը ընդհանրության մեջ ստացել է թեկնածուների օգտին տրվող ձայների կեսից ավելին։ Իսկ եթե այդ մասին ավելի մանրամասն՝ ընդհանրության մեջ 16-ի ֆորմատի բոլոր ընդդիմադիր գործիչները միասին ստացել են հարցված երեւանցիների ձայների 18.33 % կամ թեկնածուների օգտին տրված ձայների 34.27 %։ Այդ առումով հանրապետության նախագահին հակակշռելու համար 16-ի ֆորմատը, դեռ մի կողմ թողած այն հանգամանքը, որ որեւէ «իքս» թվով գործիչների միավորումը երբեք էլ չի ենթադրում նրանց ընտրազանգվածների մեխանիկական միավորում, ակնհայտորեն կարիքն ունի այդ ֆորմատից դուրս գտնվող ընդդիմադիր այլ գործիչների՝ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նախկին իշխանությունների օժանդակության կարիքը։ Իսկ եթե իշխանություն-ընդդիմություն պայմանական ջրբաժանով բաժանենք գործիչներին ու այդ դաշտից յուրաքանչյուրի համար դիտարկենք ստացած ձայների գումարային տոկոսը, ապա ակնհայտ է դառնում, որ երեւանյան հասարակությունն իր ընդհանրության մեջ երկփեղկված է գրեթե հավասար մասերի։ Թեկնածուների օգտին տրվող ձայներից ընդդիմությունը ներկայացնող 16-ի ֆորմատի գործիչները, ինչպես նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արմեն Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վանո Սիրադեղյանը եւ Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաեւ «ընդդիմության միասնական թեկնածու» եւ նույնպես ակնհայտ ընդդիմադիր տամադրությունների արտահայտիչ «Ռ. Քոչարյանից բացի որեւէ մեկը» պատասխանի տարբերակները միասին ստանում են 52.96 տոկոս։ Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքական ջրբաժանի պայմանականորեն իշխանամետների դաշտին դասվող կուսակցությունները ներկայացնող Վահան Հովհաննիսյանի, Արթուր Բաղդասարյանի ու մեկական անգամ նշված Սերժ Սարգսյանի, Լյուդմիլա Հարությունյանի, Արմեն Դարբինյանի եւ Դավիթ Զադոյանի գումարային ցուցանիշը կազմում է 46.10 տոկոս (մնացածների երեք պատասխանները եղել են այս բաժանման մեջ չտեղավորվող Քըրք Քըրքորյան, Արամ Կարապետյան եւ «Գաղտնիք է» տարբերակները)։ Շարունակելով այս թեման եւ հիշեցնելով, որ հանրապետության նախագահը օրերս իր հրապարակային ելույթներից մեկում երկրի տնտեսության համար ցանկալի համարեց, որ ընտրությունները ավարտվեին մեկ փուլով, ուզում եմ նշել, որ դատելով ստացված արդյունքներից, որոնք, ի դեպ, ներկայացնում են Երեւանի հասարակության պատկերը եւ տարածելի չեն ընդհանրության մեջ հանրապետության համար, նա կարող է առաջին փուլում ակնկալել թեկնածուների օգտին տրվող ձայների մինչեւ 40 տոկոսը։ Այստեղ կարեւոր է արձանագրել, որ հանրապետության ընդհանուր միջինից բարձր սոցիոմշակութային պայմաններում գտնվող մայրաքաղաքը, որպես կանոն, ավելի ընդդիմադիր է լինում գործող իշխանությանը, քան սովորաբար հանրապետության ընդհանուր միջինացված պատկերն է։ Այդ առումով մայրաքաղաքում հանրապետության նախագահի արձանագրած 40 տոկոսը պետք է լրջորեն մտահոգի ընդդիմությանը, քանզի այդ տոկոսը աճելու միտում ունի ինչպես ընդհանուր հանրապետական կտրվածքով իշխանության նկատմամբ բարեհաճության աճի ենթադրվող ավանդական միտման առումով, այնպես էլ նախագահի՝ անհամեմատ ավելի մեծ ընտրական այլ ռեսուրսների առկայությամբ։ Մասնավորապես, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ անգամ պատերազմական տարիներին հետսոցիալիստական տարածքի ամենաժողովրդավարական երկրներից մեկը հանդիսացած Հայաստանի ժողովրդավարության՝ այդպես էլ ձեւավորվելու հնարավորություն չստացող փխրուն ողնաշարը 1995-ից սկսած պարբերաբար քացու տակ տվող ընտրական անցանկալի դրսեւորումներից է վարչական ռեսուրսի մոբիլիզացված օգտագործումը գործող իշխանությունների օգտին։ Սակայն նույնիսկ եթե դա մի կողմ թողնենք (մանավանդ, որ դրա անհրաժեշտությունը կարծես թե նաեւ էլեկտորալ նկատառումներով վերջիններս չպիտի ունենան) եւ ի սկզբանե ապրիորի ընդունենք, որ այս անգամ գոնե Հայաստանի իշխանությունները կկարողանան բարձր կանգնել անձնական խնդիրներից եւ երկիրը կրկին վերադարձնել քաղաքակիրթ զարգացումների հուն, ապա նույնիսկ այդ դեպքում գործող նախագահն ունի անհամեմատ մեծ նյութա-ֆինանսական եւ կազմակերպչական ռեսուրսներ ու նրան արժանի դիմադրություն ցույց տալու, առնվազն քվեարկության երկրորդ փուլ ապահովելու համար ընդդիմությունը արդեն այսօրվանից պետք է ակտիվ ու ծրագրված-նպատակային գործողությունների դիմի։ Ի դեպ, երկրորդ փուլի անցկացումը կարելի է համարել ընդդիմության այս պահի գերխնդիրը, քանզի այդ դեպքում էապես փոխվում է ինչպես քաղաքական դաշտի լանդշաֆտը, այնպես էլ ընտրողի էլեկտորալ վարքագիծը եւ քվեարկությունը կատարվում է միանգամայն այլ հիմքերի վրա։ Բայց դա արդեն առանձին խոսակցության թեմա է։ Առանձին գործիչների չառաջադրման դեպքում նրանց ընտրազանգվածների վերակողմնորոշման հնարավորությունները Այս հարցի ընդգրկումը հարցազրույցի քարտում պայմանավորված ոչ միայն եւ ոչ այնքան հանգամանքով, թե տվյալ գործչի չառաջադրվելու դեպքում ու՞մ ձայն կտան նրա ընտրողները, որքան նրանով, որ ըստ էության, այդ կերպ մենք հնարավորություն ենք ունենում դիտարկելու քաղաքական դաշինքների ստեղծման իրական հնարավորությունը։ Ինչպես նաեւ, ավելի լայն առումով, որոշակիորեն մոդելավորել ընդհանրապես ներքաղաքական դաշտում ընթացող գործընթացները։ Քանզի հայաստանյան քաղաքական դաշտի սուբյեկտները, այդ թվում նաեւ նրան հասարակության տրամադրությունները ներկայացնելու կոչված եւ հետադարձ կապի ֆունկցիոնալ խնդիրն ունեցող լրատվամիջոցները էապես կտրված են հասարակության պատկերացումներին հետեւելու հնարավորությունից եւ այդ պատճառով քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները ոչ միշտ են համապատասխան հասարակական աջակցություն ստանում։ Ստացվել է մի տեսակ տարօրինակ իրավիճակ, երբ քաղաքական գործիչները, առանց հասարակության վերաբերմունքն ու հնարավոր ռեակցիան նախապես ճշտելու, կատարում են քայլեր, եւ հետո հրապարակավ էլ տարակուսում, թե ինչու իրենց այդ քայլը կամ գաղափարը չհաջողեց ու ակնկալվող հասարակական աջակցությունը չգտավ։ Այս խաչաձեւ խմբավորման աղյուսյակի դիտարկումից աչքի զարնող առաջին իսկ նկատելի միտումն այն է, որ 1. Արթուր Բաղդասարյանի՝ իր մեծությամբ առանձնապես չփայլող ընտրազանգվածը (հարցման ընդհանուր արդյունքների ընդամենը 1.17 %), նրանից բացի ձայն տալու պատրաստակամություն դրսեւորում է ոչ թե իշխանոթյան բեւեռի որեւէ թեկնածուի կամ նախագահ Քոչարյանին, այլ, որ շատ հետաքրքիր է, միայն Արտաշես Գեղամյանի օգտին։ Հանգամանք, որը վկայում է այն մասին, որ Արթուր Բաղդասարյանի թեկուզեւ փոքրաթիվ, բայց կայուն միտումներ դրսեւորող ընտրազանգվածը ձեւավորվում է ոչ թե իշխանություն-ընդդիմություն երկընտրանքի շրջանակում «Օրինաց երկրի» ու նրա ղեկավարի բռնած համեմատական իշխանամետ դիրքով, այլ, ըստ էության, հասարակությանը հաճոյանալու քայլերի ու խորհրդարանական գործունեության արդյունքում եւ այդ գործչի համար ցանկալի է համարում թերեւս միայն Արտաշես Գեղամյանի հետ դաշինքը։ 2. Արտաշես Գեղամյանը միակ ցանկալի ալտերնատիվ գործիչն է նաեւ Վլադիմիր Դարբինյանի՝ նույնպես փոքրաթիվ ընտրազանգվածում (հարցման ընդհանուր արդյունքների 1,33 %)։ Այդուհանդերձ, այս ընտրազանգվածը աչքի է ընկնում ընդգծված գաղափարականացմամբ՝ Վլադիմիր Դարբինյանի չառաջադրվելու դեպքում նրան ձայն տվողների 62,5 տոկոսը կամ չի մասնակցելու ընտրություններին, կամ էլ բոլորին դեմ է քվեարկելու։ Այսինքն՝ եթե կոմկուսը սեփական թեկնածուով չմասնակցի ընտրություններին, նրա դաշնակիցները դրանից սեփական ձայների նկատելի ավելացում առանձնապես չեն կարող ակնկալել։ 3. Ինչեւէ։ Գեղամյանը շարունակում է հիմնական ալտերնատիվը դիտվել նաեւ Ստեփան Դեմիրճյանին ձայն տալու պատրաստ հարցվողների շրջանում։ Հարցման ընդհանուր արդյունքներում 6.17 % արձանագրած Ստեփան Դեմիրճյանի ընտրազանգվածում վերջինիս չքվեարկվելու դեպքում Արտաշես Գեղամյանից բացի ձայների որոշակի ավելացում կարող էին ակնկալել նաեւ (հերթականությունն ըստ Ս. Դեմիրճյանից ստանալիք ձայների մեծության) Վազգեն Մանուկյանը, Արթուր Բաղդասարյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վլադիմիր Դարբինյանն ու Պարույր Հայրիկյանը։ Ստեփան Դեմիրճյանի ընտրազանգվածի միայն 21.62 %-ն է, որ նրան անվերապահ նվիրված է եւ նրա չառաջադրվելու դեպքում որեւէ մեկի ձայն չի տա։ Իսկ եւս շուրջ 19 տոկոսը դժվարացել է հստակեցնել իր ընտրությունն այն դեպքի համար, եթե Ս. Դեմիրճյանը չառաջադրվեր։ Այդուհանդերձ, կարելի է արձանագրել, որ Ստեփան Դեմիրճյանի ընտրազանգվածը համեմատաբար բարյացակամ տրամադրվածություն ունի Արտաշես Գեղամյանի եւ Վազգեն Մանուկյանի հանդեպ եւ հնարավոր է համարում այդ գործիչների հետ իր նախընտրած թեկնածուի համագործակցությունը։ 4. Իր մեծությամբ երկրորդը հանդիսացող (նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրազանվածից հետո) Արտաշես Գեղամյանի ընտրազանգվածը նույնպես հանդիպակաց բարյացակամություն է դրսեւորում հատկապես Ստեփան Դեմիրճյանի ու ավելի պակաս՝ նաեւ Արթուր Բաղդասարյանի հանդեպ։ Գեղամյանի ընտրազանգվածում հարցման արձանագրած իրենց արդյունքներից բարձր նիշեր են ստացել նաեւ Պարույր Հայրիկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հանգամանք, որը ցույց է տալիս, որ Արտաշես Գեղամյանի ընտրազանգվածը համասեռ չէ։ Այդ առումով պակաս հետաքրքիր չէ, որ ի տարբերություն Ստեփան Դեմիրճյանի ընտրազանգվածի, որտեղ 21,62 տոկոս էին կազմում այն մարդիկ, ովքեր իրենց նախընտրելի թեկնածուի բացակայության դեպքում որեւէ այլ մեկի օգտին չէին քվեարկի, Արտաշես Գեղամյանի ընտրազանգվածը պակաս հաստատակամ է իր կողմնորոշման մեջ եւ այդ էլեկտորատի միայն 7.32 %-ն է հավատարիմ մնում իր նախընտրած քաղաքական գործչին։ 5. Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը բարեհաճ վերաբերմունք է դրսեւորում հատկապես Արմեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Այս ընտրազանվածը բարեհաճ է նաեւ Ստեփան Դեմիրճյանի ու Վազգեն Մանուկյանի հանդեպ։ Այս ընտրազանգվածի 31 տոկոսից մի փոքր ավելին որեւէ այլ գործչի ձայն չի տա, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չառաջադրվի եւ չգրանցվի նախագահի թեկնածու։ 8, 9 6. Արտաշես Գեղամյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գլխավորում է Վահան Հովհաննիսյանի ընտրողների շրջանում ամենաբարձր ժողովրդականություն վայելող ալտերնատիվ թեկնածուների ցանկը։ Վահան Հովհաննիսյանի չառաջադրման դեպքում այս ընտրազանգվածից ձայների մասնաբաժին կարող է ակնկալել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վազգեն Մանուկյանի ընտրազանգվածը այդ գործչի չառաջադրվելու դեպքում հակված է պաշտպանելու Րաֆֆի Հովհաննիսյանի ու Արմեն Սարգսյանի թեկնածությունները։ Վազգեն Մանուկյանի չառաջադրվելու դեպքում նրա ընտրազանգվածից որոշակի ակնկալիքներ կարող է ունենալ նաեւ Արշակ Սադոյանը։ Փաստորեն, այս գործիչների ցանկով սահմանափակվում են Վազգեն Մանուկյանի ընտրազանգվածի համար նրա նախընտրած թեկնածուի պոտենցիալ դաշնակիցները։ Եվ եթե Ստեփան Դեմիրճյանի ընտրազանգվածում Վազգեն Մանուկյանի հանդեպ որոշակի դրական տրամադրվածություն կար (հարցման ընդհանուր արդյունքներում այդ գործչի ստացած ցուցանիշի համեմատությամբ), ապա հանդիպակաց բարեհաճությանը Ստեփան Դեմիրճյանը Վ. Մանուկյանի ընտրազանգվածի կողմից չի արժանանում։ Վազգեն Մանուկյանից բացի որեւէ այլ թեկնածություն չի հանդուրժում նրա ընտրազանգվածի 29,41 տոկոսը։ Ընտրություններին հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չմասնակցելու դեպքում սեպտեմբերի սկզբին նրա օգտին քվեարկելու պատրաստ փոքրաթիվ զանգվածը նույնպես հակված է քվեարկելու Արտաշես Գեղամյանի կամ ընդդիմության միասնական այլ թեկնածուի օգտին։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ տվյալ դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ձայն տալու պատրաստակամություն այդ մարդիկ դրսեւորել են՝ ելնելով հիմնականում գործող նախագահին հակադրվելու կարող ուժ տեսնելու ցանկությունից։ Արմեն Սարգսյանի ընտրազանգվածի համար նույնպես Արտաշես Գեղամյանը համեմատաբար ընդունելի գործիչ է ընկալվում։ Այդուհանդերձ, այս ընտրազանգվածը նույնպես աչքի է ընկնում իր թեկնածուին հավատարմության բարձր մակարդակով։ Արմեն Սարգսյանի չառաջադրվելու դեպքում նրան ձայն տալու պատրաստ երեւանցիների 71,43 տոկոսը որեւէ այլ թեկնածուի ձայն չի տա։ Եվ վերջապես՝ հարցման արդյունքներով ամենաբազմամարդ՝ հարցման ընդհանուր արդյունքներում 21 տոկոսանոց մակարդակ արձանագրած նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը։ Այս ընտրազանգվածի 23 տոկոսը Ռոբերտ Քոչարյանից բացի որեւէ այլ թեկնածու չի պատկերացնում։ Ընտրողների այս խումբը նախագահ Քոչարյանի չառաջադրվելու դեպքում հարցման ընդհանուր արդյունքներում այդ գործիչների արձանագրած արդյունքների համեմատությամբ առավելապես բարեհաճ է գտնվում Րաֆֆի եւ Վահան Հովհաննիսյանների, Արթուր Բաղդասարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի եւ Պարույր Հայրիկյանի հանդեպ։ Իրենց փոքրաթիվության պատճառով խմբավորման աղյուսակում չեն ընդգրկվել Արամ Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի օգտին ձայն տված մեկական անձանց պատասխանները։ Նույն նկատառումով չենք դիտարկի նաեւ Պարույր Հայրիկյանի, Վանո Սիրադեղյանի եւ Արշակ Սադոյանի ընտրազանգվածները։ Սակայն չդիմանալով գայթակղությանը, չեմ կարող չնշել շատ հատկանշական իրողությունը, որ Արշակ Սադոյանի փոքրաթիվ ընտրազանգվածից ձայն ստանալու հավակնություն կարող են ունենալ միայն ու միայն Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը։ Իրենց ցանկալի թեկնածուի չառաջադրվելու դեպքում որպես այլընտրանք ընկալվող գործիչների վարկանիշեր Դատելով ներկայացված պատկերից, հանրապետության նախագահի 21 տոկոսանոց ընտրազանգվածը, որը թեկնածուների օգտին տրվող ձայներից հասնում էր մինչեւ շուրջ 40 տոկոսանոց ցուցանիշի, ըստ էության, սեպտեմբերի սկզբի իրավիճակով ընդլայնվելու եւ առաջին փուլով ընտրությունների արդյունքները կանխորոշելու գրեթե հնարավորություններ չունի, եթե անտեսենք ընտրութունների արդյունքների վրա այլ ընտրական ռեսուրսների օգտագործման ազդեցությունը եւ նկատի առնենք միայն հասարակության շրջանում գործիչների էլեկտորալ վարկանիշերը (այն էլ՝ միայն Երեւանի պատկերում)։ Համենայնդեպս, որոշ գործիչների չառաջադրվելու հանգամանքներով պայմանավորվող որոշակի քաղաքական իրավիճակներում արմատական ընդդիմադիր եւ նախագահի հիմնական հակառակորդ 16-ի ֆորմատի ղեկավարներից Արտաշես Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Վազգեն Մանուկյանի ընտրազանգվածները աճի ավելի մեծ հնարավորություններ են արձանագրում, ինչը ենթադրում է, որ մնացած պայմանների հավասարության դեպքում առաջին փուլում նախագահը Երեւանում չի կարող հավակնել ընտրությունների արդյունքները կանխորոշող ձայների կեսից ավելիին։ 16 կուսակցությունների միավորման ձեւավորման փաստի ազդեցությունը նախագահության հավակնորդ գործիչների վարկանիշերի վրա Դատելով վերը ներկայացված խմբավորման աղյուսակից, որտեղ 16-ի միավորման հայտարարգրից անմիջապես հետ անցկացված հարցման արդյունքներում գործիչների վարկանիշերը առանձնացվել են ըստ այդ միավորման ստեղծման մասին լսածների եւ չլսածների պատասխանների, նկատելի է, որ այդ միավորման բուն փաստն արդեն ինքնին էապես բարձրացրել է 16-ում ընդգրկված կուսակցությունների առաջնորդների վարկանիշերը։ Նկատելի է ընդգծված ուղիղ համեմատական կախում հարցվողի կողմից 16-ի միավորման մասին տեղյակ լինելու եւ նրա մեջ ընդգրկված կուսակցությունների լիդերներին ձայն տալու հավանականության միջեւ։ Մասնավորապես. 16-ի միավորման ստեղծման մասին իմացողների շրջանում Վլադիմիր Դարբինյանը ստանում է երկու անգամ ավելի ձայներ, քան նրանց մոտ, ովքեր չէին լսել այդ միավորման ստեղծման մասին։ 16-ի միավորման ստեղծման մասին իմացողների շրջանում Ստեփան Դեմիրճյանն ստանում է շուրջ 3 անգամ ավելի ձայներ, քան այդ միավորման մասին չլսածների զանգվածում նրա արձանագրած ցուցանիշն է։ 16-ի միավորման մասին արդեն լսածների զանգվածում Արտաշես Գեղամյանը ստանում է շուրջ 1.75 անգամ ավելի ձայներ, քան այդ միավորման մասին չլսածների զանգվածում է։ Ուշագրավ է, որ 16-ի կուսակցությունների լիդերներից նախագահության իրական հավակնորդների թվում միայն Վազգեն Մանուկյանի վարկանիշն է աննշան բարձրացրել միավորման մասին հարցվողի լսած լինելու հանգամանքը։ Այսինքն՝ ի տարբերություն վերոնշյալ երեք գործիչների, Վազգեն Մանուկյանը նշանակալիորեն չի շահել այդ միավորմանը մաս կազմելուց։ Եվ եթե վերջինս չդառնա այդ միավորման միասնական թեկնածուն, ապա 16-ի միավորմանը մասնակցությունը կարելի է համարել ոչ պաշտոնապես արդեն իսկ մեկնարկած ընտրակամպանիայում Վազգեն Մանուկյանի ընտրած ոչ լավագույն տակտիկական շարունակությունը։ Մինչդեռ այդ միավորման մասին իմացողների թվում հարցման ընդհանուր արդյունքներից էապես բարձր ցուցանիշներ են արձանագրել նաեւ պոտենցիալ ընդդիմադիր այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Գործիչներ, որոնք տեսականորեն նույնպես հավակնում են ընդդիմադիր միավորման միասնական թեկնածուի կոչմանը, թեեւ չեն ներկայացնում այդ միավորման մեջ մտնող քաղաքական ուժերից եւ ոչ մեկին։ Այս պայմաններում կարելի կլիներ խոսել նաեւ այն մասին, որ 16-ի միավորման մասին հարցվողի իմանալու եւ 16-ի ֆորմատի ընդդիմադիր առաջնորդներին ձայն տալու միջեւ նկատվող ուղիղ համեմատական կախումը արդյունք է այն հանգամանքի, որ միավորման ստեղծման մասին առաջին օրերին իմացել են հենց ընդդիմադիր տրամադրված ու քաղաքականապես առավել ակտիվ մարդիկ, սակայն այդ պնդումը չի հաստատվում հենց թեկուզ այն պատճառով, որ այդ դեպքում պետք է, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ էլ նույնպիսի ընդգծված բարեհաճություն արձանագրվեր 16-ի միավորման ստեղծման մասին չլսածների մոտ։ Մինչդեռ այդպիսի միտում նկատելի չէ։ Այդ միավորման մասին լսածների զանգվածում նախագահի ստացած 20,60%-ի եւ միավորման ստեղծման մասին նրա գոյության առաջին օրերին չլսածների զանգվածում ստացած 21,20%-ի միջեւ տարբերության աննշանությունը մեզ ուղղակիորեն արգելում է այդպիսի հետեւություն անել։ Հետեւաբար՝ ոչ թե հարցվողի ընդդիմադիր լինելու հանգամանքն է պայմանավորել ընդդիմության միավորման մասին նրա ձեւավորման առաջին օրերին լսած լինելու հանգամանքը, այլ կապը աշխատել է հակառակ վեկտորով՝ ընդդիմության միավորման մասին լսելու հանգամանքը հասարակության մեջ պայմանավորել է որոշակի ընդդիմադիր տրամադրությունների ու դրանից ածանցվող՝ ընդդիմադիր լիդերների վարկանիշերի մասնակի աճ։ Ավելի ճիշտ՝ արդեն իսկ ընդդիմադիր տրամադրություններ կրելու հակված ընտրողների մոտ այդ ընդդիմադիր միավորման ստեղծման ակտը որոշակի ոգեւորություն է առաջացրել եւ 16-ի ֆորմատի լիդերներին է հասցեագրել իշխանափոխության՝ նրանց լատենտ ակնկալիքների իրականացման խնդիրը։ Թերեւս, վերջին եզրակացության օգտին է խոսում նաեւ այն փաստը, որ ընդդիմության միավորման մասին իմացողները 16-ի միավորման մասին նրա գոյության առաջին օրերին դեռ չլսածների համեմատությամբ շատ ավելի կողմնորոշված են՝ նրանց շրջանում ընտրություններին մասնակցելու ցանկություն չունեցողների ու իրենց նախընտրության մեջ դժվարացողների քանակը անհամեմատ փոքր է։ Նախագահության թեկնածուների նկատմամբ վստահության կախումը ընտրողի կուսակցական համակրություններից։ Նախքան նախագահության թեկնածուների վարկանիշերը ըստ առանձին կուսակցությունների ընտրազանգվածների դիտարկումը, թռուցիկ նշեմ, որ խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 5 տոկոսանոց սահմանարգելքը հաղթահարելու հասարակական աջակցության ներուժ սեպտեմբերի սկզբին Երեւանում անցկացված սույն հարցման ժամանակ դրսեւորել են Դաշնակցությունը, Կոմկուսը, «Օրինաց երկիրը», ՀԺԿ-ն, Իրավունք եւ միաբանություն դաշինքը (ճնշող մեծամասնությամբ «Ազգային Միաբանության» հաշվին), ընդդիմադիր դաշինքը, եթե այդպիսին ձեւավորվի եւ ԱԺՄ-ն։ Խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 5%-անոց սահմանարգելքը հաղթահարելու համար անհրաժեշտ ընտրազանգված ձեւավորելու հնարավորություններ ունեն նաեւ իշխանամետ դաշինքը, եթե այդպիսին ձեւավորվի, Հանրապետական կուսակցությունը, ԱԻՄ-ը, «Արժանապատիվ ապագան», եւ Հայոց համազգային շարժումը։ Շատ մեծ վերապահումով այս խմբին կարելի է նաեւ ավելացնել ՀՌԱԿ-ին, որը, սակայն, առնվազն երեւանյան հասարակության մոտ միայն տեսական հնարավորություններ է պահպանում խորհրդարան թափանցելու համար անհրաժեշտ վստահության մակարդակի ստացման առումով։ Կուսակցությունների վերջին՝ երրորդ խումբը, որի մեջ մտնում են Յուրի Մանուկյանի եւ Հրանտ Ոսկանյանի գլխավորած Նորացված կոմկուսը, «Հանրապետությունը», «Սոցիալիստական Հայաստանը» եւ Արշակ Սադոյանի ԱԺԴ-ն, երեւանյան հասարակության պատկերացումները հանրապետականի համար տարածելու դեպքում սեպտեմբերի սկզբին կազմում էին կուսակցական մրցավազքի ակնհայտ աուտսայդերների ցուցակը։ Կուսակցություններ, որոնք ներկայացվող հարցման արդյունքներով սեպտեմբերի սկզբին ինքնուրույն ոչ մի շանս չունեին խորհրդարան ներթափանցելու համար։ Նկատի առնելով ոչ միայն եւ ոչ այնքան վերոնշյալ հանգամանքը, որքան այն, որ պայմանականորեն երրորդ խմբին դասված այդ կուսակցությունների ընտրազանգվածները շատ փոքր են եւ նրանցում ընդգրկվածներից յուրաքանչյուր մեկ ոչ տիպական պատասխանը էապես փոխում է հարցման արդյունքներում արձանագրվող միտումների հստակությունը, հանրապետության նախագահի թեկնածուների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության դինամիկան չդիտարկենք միայն 5 տոկոսանոց սահմանարգելքը հաղթահարելու ունակ եւ այդ հնարավորությունը պահպանող կուսակցությունների ընտրազանգվածներում։ Այդ առումով ստացված պատկերի դիտարկումը նկատելի է դարձնում հետեւյալ օրինաչափությունները. Վլադիմիր Դարբինյանը ձայն ստանում է բացառապես կոմկուսի ընտրազանգվածից։ Հետեւաբար կարող ենք հստակ արձանագրել, որ տվյալ դեպքում նաեւ նախագահական ընտրություններում այդ ձայները ստանում է ոչ թե Վլադիմիր Դարբինյան գործիչը, այլ կոմունիստական կուսակցությունը։ Առավել եւս, որ կոմկուսին ձայն տվողների միայն 15.56 տոկոսն է այդ կուսակցության լիդերին քվեարկելու պատրաստակամություն հայտնում։ Եվ դա այն դեպքում, երբ կոմկուսի համակիրների 20 տոկոսը պատրաստվում էր քվեարկել նախագահ Քոչարյանի, իսկ 13.33 տոկոսը՝ Ստեփան Դեմիրճյանի օգտին։ Այսինքն՝ նույնիսկ իր գլխավորած կուսակցության համակիրների մեջ Դարբինյանը ակնհայտորեն ավելի քիչ վստահություն է վայելում, քան հանրապետության նախագահը։ Այդ առումով վստահորեն կարելի է պնդել, որ իր իսկ «սեփական դաշտում» Վլադիմիր Դարբինյանը հաստատապես կզիջի նաեւ Ստեփան Դեմիրճյանին, եթե վերջինս հանրությանը ներկայացվի 16-ի միասնական թեկնածուի կարգով։ Կոմկուսի ընտրազանգվածում համեմատաբար լավ վերաբերմունք է նկատվում նաեւ Արմեն Սարգսյանի ու Րաֆֆի եւ Վահան Հովհաննիսյանների հանդեպ։ Վլադիմիր Դարբինյան-կոմկուս հարաբերակցության մեջ արձանագրված պատկերի ճիշտ հակառակն ենք տեսնում «Ազգային Միաբանություն» կուսակցությանը ձայն տվողների շրջանում։ Այդ կուսակցությանը առանձին ձայն տվողների 100%-ը միարժեքորեն պաշտպանում է կուսակցության ղեկավար Գեղամյանի թեկնածությունը։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ դա հասարակական ընկալման մեջ հստակ Գեղամյան-անձի կուսակցությունն է։ Ինչ վերաբերում է «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ընտրազանգվածին, ապա այստեղ եւս հստակ է այդ զանգվածի ձեւավորման վրա Գեղամյանի անձի գործոնի նկատելի ազդեցությունը։ Արտաշես Գեղամյանը ստանում է «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին քվեարկել պատրաստվողների խմբի ավելի քան 83 տոկոսի ձայները։ Դա բավականին բարձր ցուցանիշ է որեւէ կուսակցության եւ նրա լիդերի ընտրազանգվածների համընկնելիության բավականին բարձր ցուցանիշ է, առավել եւս, որ «Իրավունք եւ միաբանությունը» ոչ միայն կուսակցություն չէ ու դաշինք է, այլ նաեւ վերջին երկու տարիներին գտնվում էր նրա մաս կազմող քաղաքական ուժերի պարբերական ապահարզանների ու մեղրամիսների շրջապտույտում։ ՈՒստիեւ պատահական չէ, որ այս դաշինքի ընտրազանգվածում հարցման ընդհանուր արդյունքներում իր ստացած պատկերին գերազանցող արդյունքներ է արձանագրել նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ինչը թերեւս դաշինքի՝ ՍԻՄ-ական թեւի տրամադրությունների արտահայտիչ է նկատվել։ «Իրավունք եւ միաբանությունում» հարցման ընդհանուր արդյունքները գերազանցող ցուցանիշ է արձանագրել նաեւ Ստեփան Դեմիրճյանը։ Ստեփան Դեմիրճյանը ստանում է ՀԺԿ-ի ընտրազանգվածի շուրջ 70 տոկոսի ձայները։ Այդ կուսակցության ընտրողների մնացած 30 տոկոսի ձայները ուղղակի փոշիանում են՝ որեւէ այլ գործչի առանձնապես օգուտ չբերելով։ Ընդ որում՝ այդ զանգվածի հիմնական մասն են կազմում որեւէ այլ թեկնածուի պարզապես քվեարկելու ցանկություն չունեցողները։ ՀԺԿ-ին ձայն տվածներից միայն աննշան տոկոսներ ստանում են Ռոբերտ Քոչարյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Մեր դիտարկվող խնդրի շրջանակում ուշագրավ է, որ ի տարբերություն «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ընտրողների, որոնք հարցման ընդհանուր միջինի համեմատությամբ լավ էին վերաբերվում Ստեփան Դեմիրճյանին, ՀԺԿ-ականների ընտրազանգվածում հանդիպակաց բարեհաճություն Արտաշես Գեղամյանի հանդեպ չի նկատվում։ ԱԺՄ-ականների ընտրազանգվածից Վազգեն Մանուկյանը ստանում է տվյալ կուսակցության լիդերի համար բավականին համեստ 52.63 %-անոց արդյունք։ Այս կուսակցության ընտրազանգվածը հարցման ընդհանուր արդյունքներում այդ գործիչների արձանագրած ցուցանիշների համեմատությամբ բարեհաճ է գտնվում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի, Արտաշես Գեղամյանի, Արշակ Սադոյանի եւ Արմեն Սարգսյանի նկատմամբ։ ԱԻՄ-ի համակիրները Պարույր Հայրիկյանից բացի (ընտրազանգվածի 62.50%), նախագահի պաշտոնի համար հնարավոր թեկնածու տեսնում են միայն Ռոբերտ Քոչարյանին (25 %)։ Ռոբերտ Քոչարյանը միարժեքորեն ամենացանկալի թեկնածուն է նկատվում «Արժանապատիվ ապագայի» ընտրազանգվածում։ Այդ կուսակցության ընտրողների շրջանում հանրապետության նախագահի արձանագրած 71.43 %-անոց արդյունքին, իրենց կուսակցությունների համակիրների ձայներից ստանալու առումով, կարող էին նախանձել շատ կուսակցությունների ղեկավարներ։ «Արժանապատիվ ապագայի» ընտրազանգվածից ձայն ստանալու հավակնություն է ցուցաբերում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ ՀՌԱԿ-ի փոքրաթիվ ընտրազանգվածը նախագահի ցանկալի թեկնածուներին դասակարգում է հետեւյալ հերթականությամբ՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Մանուկյան, Րաֆֆի Հովհաննիսյան։ Քաղաքական գործիչներից ՀՀՇ-ի՝ նույնպես փոքրաթիվ համակիրների գնահատականին էլ արժանանում են հանրապետության նախկին եւ ներկա նախագահները։ Դաշնակցականներն էլ նախընտրում են Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանում դաշնակցության բացահայտումից ի վեր կուսակցության անփոփոխ ղեկավարներից երեւի թե միակը հանդիսացող եւ ՀՅԴ կողմից նույնիսկ հանրապետության փոխնախագահ առաջադրված (1991թ.) Վահան Հովհաննիսյանը իր իսկ կուսակցության ընտրազանգվածում հանրապետության նախագահի ստացած 40%-ին կարող է հակադրել միայն 16.38 %։ Դաշնակցության զանգվածում նույնպես հստակ նկատվում է կոմկուսում արդեն արձանագրված իրողությունը, որ տվյալ ընտրազանգվածը իրականում կուսակցության ընտրազանգվածն է եւ կուսակցության նկատմամբ վստահություն ունենալու արդյունքում ի վերջո՝ իր ձայնը վերահասցեագրում է նրա թեկնածուին։ Եվ այդ ձայնի վերահասցեագրման պարագայում թեկնածուի անձն ու նրա հատկանիշները քիչ նշանակություն ունեն, եթե ընդհանրապես ունեն։ Սեփական կուսակցության դաշտում Վահան Հովհաննիսյանն էլ իր անմիջական թիկունքին զգում է Րաֆֆի Հովհաննիսյանի շնչառությունը։ Վերջինիս օգտին պատրաստվում է քվեարկել հարցման ենթարկված դաշնակցության համակիրների շուրջ 15 տոկոսը։ Գրեթե նմանատիպ իրավիճակ է տիրում նաեւ «Օրինաց երկրում»։ Այդ կուսակցության ընտրողների շրջանում Ռոբերտ Քոչարյանի ստացած 43.75 %-ին կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կարողանում է հակադրել միայն «օրինացե?

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել