Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Կանաչ անդրադարձ»

Հոկտեմբեր 05,2002 00:00

«Կանաչ անդրադարձ» Էկոտուրիզմի գաղափարակիրները գտնում են, որ երբ տուրիզմը բնության ու գյուղական վայրերում ճիշտ չի պլանավորվում ու կառավարվում, ապա վտանգվում է վայրի բնությունը, աղտոտվում են ջրային տարածքները, ավելին՝ աղքատանում է տեղական համայնքը։ Այսքանն իմանալուց հետո կարելի է նույնիսկ կասկածե՞լ, որ մեր գյուղերի աղքատությունն ու բնական հարստությունների ոչնչացումն անմիջականորեն կապված է այն բանի հետ, որ երկրում զարգացած չէ էկոլոգիական տուրիզմը որպես տուրիզմի ճյուղ։ Բնապահպանական քարոզչությունը պետական կրթադաստիարակչական համակարգում բացակայում է։ Ու «ստիպված» ակտիվանում են հասարակական կազմակերպությունները։ Վերջին մի քանի տարում, օրինակ, կազմակերպվում է Սեւանի օր, եւ մի շարք ՀԿ-ների նախաձեռնությամբ հավաքվում է Սեւանի ափեզրին հանգստացողների թողած աղբը։ Էկոկրթական մի կազմակերպություն ժամանակ առ ժամանակ բրոշյուրներ է հրապարակում եւ բաժանում դպրոցներին։ Իսկ վերջերս էլ սկսվել է համատարած էկոտուրիստական շարժում, մասնավորապես՝ երիտասարդների շրջանում։ Նկատենք, որ դրան նպաստող ազդեցիկ պատճառ կա՝ 2002 թիվը ՄԱԿ-ը հռչակել է լեռների եւ էկոտուրիզմի տարի։ Ենթադրելի է, որ համապատասխան ուղղությամբ ֆինանսական հոսքեր են եղել, ինչի հիման վրա էլ ակտիվացել է էկոշարժումը։ Վերջին՝ նշանակալի օրինակը ՄԱԿ-ի հովանավորությամբ իրականացված երիտասարդական էկոտուրն էր։ Մասնակցում էին բնապահպանական ուղղվածության 6 ՀԿ-ների երիտասարդական խմբեր։ Չորս փուլով տարբեր մարզերում շրջագայած պատանիների ու աղջիկների նախնական նպատակը ծանոթությունն էր ու իրավիճակի փորձնական էկոլոգատնտեսական գնահատումը։ Ըստ այդմ, որոշ ուսումնասիրություններ արժանի են ուշադրության։ Մասնավորապես, Սյունիքի մարզի Սատանայի կամուրջ այցելածների 90%-ը հանգստյան գոտու էկոլոգիական վիճակը գնահատել է անբավարար՝ ամենուր սփռված աղբակույտերի պատճառով։ Դա չի խանգարում, որ հունիս-օգոստոս ամիսներին օրական հանգստանա 50-70 մարդ, յուրաքանչյուրն էլ ծախսի օրական 6600 դրամ։ Այսինքն, Սատանայի կամրջի ռեկրեացիոն արժեքն օրական կազմում է 330000 դրամ, նույն հաշվարկներով Շաքիի ջրվեժի «արժեքը» կազմում է 800000 դրամ։ Նաեւ՝ այստեղ հանգստացողները գոտու էկովիճակը համարել են բավարար։ Էկոտուրի դուրս եկած մեր երիտասարդների գնահատմամբ, բացի Գեղարդավանքի շրջակայքից, մնացած (իրենց տեսած) պատմամշակութային վայրերում մաքուր էր ու բարեկարգ, նույնիսկ այնքան ծանրաբեռնված Գառնիի ձորում։ Իսկ Գեղարդում մաքրման աշխատանքներ ընդհանրապես չեն կատարվում, շրջակայքում կուտակված աղբն էլ նետվում է մոտակա քարանձավների մեջ։ Ընդհանուր եզրակացությամբ, հանգստավայրերում պետք է տեղադրել աղբամաններ, համապատասխան զգուշացումներով պաստառներ, իսկ թե ո՞ւմ հաշվին՝ որոշակի չէ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել