ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ -2 ՀՀ տնտեսական դատարանի վճռի հիման վրա հոկտեմբերի 8-ին աճուրդի կդրվի Իտալիայի քաղաքացի Մարկո Լիոնելլոյի՝ Երեւանի Վարդանանց 4 հասցեում գտնվող խանութը: ՀՀ տնտեսական դատարանի դատավոր Ա.Մաթեւոսյանը չընդունեց Մ. Լիոնելլոյի ներկայացուցիչ, փաստաբան Իվետա Բադալյանի դիմումները: Փաստաբանը դրանցով պահանջում էր հետաձգել դատական ակտի կատարումը երեք ամսով: «Գտնում եմ, որ ներկայացված դիմումը պետք է վերադարձնել հետեւյալ պատճառաբանությամբ: Դիմումի հիմքերը հաստատող ապացույցների, ինչպես նաեւ Մ. Լիոնելլոյի կողմից տրված լիազորագրի բնօրինակները դիմումին չեն կցվել, իսկ ներկայացված պատճենները պատշաճ վավերացված չեն, ինչը չի համապատասխանում ՀՀ քաղդատօրի 54-րդ եւ 88-րդ հոդվածների պահանջներին»,- գրել է դատավոր Ա.Մաթեւոսյանը: «Պարոն Մաթեւոսյանն անհիմն պատճառաբանություններով արդեն երրորդ անգամ վերադարձնում է մեր դիմումները եւ գործին ընթացք չի տալիս: Դիմումը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանությունն այն է, որ ես չեմ ներկայացրել դիմումի հիմքերը հաստատող ապացույցներ, իմ ներկայացրած լիազորագրի բնօրինակը դիմումին չի կցվել, ներկայացված պատճենը պատշաճ վավերացված չէ: Այդ պատճառաբանությունները լրիվ անհիմն են, քանի որ ես ներկայացրել եմ այն հայտարարության պատճենը, որը ուղարկվել է ՀՀ դատախազություն եւ ՀՀ ԱԱ նախարարություն: Եթե դատարանը հավաստի չի համարել հայտարարությունը ներկայացնելու փաստը, ապա այդ հարցը պետք է լուծվեր գործի ըստ էության քննության ժամանակ, իսկ մինչեւ գործի ըստ էության քննությունը դատավորը պարտավոր է կասեցնել դատական ակտի կատարումը: Ինչ վերաբերում է լիազորագրի պատշաճ լինելուն, ապա իմ կողմից նախօրոք պարոն Մաթեւոսյանին էր ներկայացվել լիազորագրի բնօրինակը, որը նրա կողմից ստուգվել է: Դիմումին կցվել է լիազորագրի պատճենը»,- պատմում է փաստաբան Ի. Բադալյանը: Տեղեկանալով Տնտեսական դատարանի մերժման մասին` Մ. Լիոնելլոն ֆաքսով Իտալիայի դեսպանատուն է ուղարկում իր ստորագրությամբ դիմումը եւ դեսպանատան աշխատակիցներին խնդրում այն ներկայացնել դատարան: Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան ուղարկում է մի գրություն, որով դատարանին խնդրում է վերցնել Իտալիայի քաղաքացի Մ. Լիոնելլոյի դիմումը: Դիմումը եւ նրան կցված դեսպանի գրությունը դատարան է ներկայացրել դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակից Մարատ Մնացականյանը։ «Դատարանում ինձ ասացին, որ չեն կարող ընդունել այդ ֆաքսը, որովհետեւ այն բնօրինակը չէ: Իսկ դա բնօրինակն էր, դեսպանատան ֆաքսով ստացված»,- մեր հանդիպման ժամանակ ասաց. Մ. Մնացականյանը: Մ. Լիոնելլոն ստիպված փոստային արագացված առաքման ծառայությունով է ուղարկում իր դիմումը` կցելով անձը հաստատող փաստաթղթեր` երկու անձնագրի պատճենները, իր ստորագրությունները եւ դիմումը: Դատարանը, սակայն, անսասան է. Ա. Մաթեւոսյանն այդպես էլ չճկվեց, դիմումը չընդունեց: Հարկադիր կատարողները խախտում են օրենքի բազում դրույթներ 2002թ. օգոստոսի 20-ին Տնտեսական դատարանը նույն օրը կայացրել է որոշում կատարողական վարույթ հարուցելու մասին, օգոստոսի 29-ին գրություն է ուղարկվում Իտալիա՝ Մ. Լիոնելլոյին, որում նշվում է, որ վերջինս որոշումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պետք է կատարի դատարանի պահանջները եւ հայտնի, հակառակ դեպքում բռնագանձումը կտարածվի Երեւանի նրան պատկանող խանութի վրա: Չստանալով Լիոնելլոյի պատասխանը, առանց ճշտելու գրությունը նրա կողմից ստանալու հանգամանքը՝ սեպտեմբերի 19-ին որոշում է կայացվում արգելադրված գույքը հարկադիր իրացնելու մասին: «Մինչեւ այդ՝ սեպտեմբերի 19-ին, գրությամբ հայտնել են Լիոնելլոյի խանութի ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին: Փաստորեն մինչեւ իրացման որոշում կայացնելը, իրացում կատարելու գործողություններ են ձեռնարկվել: Արգելադրված գույքը հարկադիր իրացնելու մասին որոշումը կայացվել է պարտատիրոջ թելադրանքով, թե իբր պարտապանը չունի այլ գույք եւ եկամուտներ, ուստի բռնագանձումը պետք է տարածվի Վարդանանց 4 հասցեի խանութի վրա: Հովհաննիսյանների նպատակը Վարդանանց 4 խանութին տիրանալն է, եւ միտումնավոր բռնագանձումը տարածվել է այդ տարածքի վրա»,- ասում է փաստաբան Ի. Բադալյանը: Մ Լիոնելլոն, բացի Իտալիայում ունեցած գույքից եւ եկամուտներից, Գյումրիում ունի խանութ, որի արժեքը 30 հազար դոլար է գնահատված: Այսպիսով, հոկտեմբերի 8-ին Մ. Լիոնելլոյի սեփականություն հանդիսացող Վարդանանց 4 հասցեում գտնվող 160 քմ խանութը կդրվի աճուրդի: Այն գնահատվել է 11 մլն 439 հազար դրամ: Ավելացնենք , որ 1996 թ. Մ.Լիոնելլոն այս խանութը ձեռք բերելու համար վճարել է 46 հազար դոլար: Թե ինչպես են անշարժ գույքի գործակալության աշխատակիցները հաջողացրել այդքան էժան գնահատել քաղաքի կենտրոնում գտնվող, արտակարգ վերանորոգված այդ տարածքը, այդքան էլ անհասկանալի չի լինի, երբ մի քանի օր հետո պարզվի, թե ով է դարձել խանութի տերը: «Մենք առայժմ չենք հրապարակում խանութի տիրոջ անունը: Օրենքը թույլ չի տալիս հրապարակել «գաղտնիքներ», որոնք կարող են խանգարել «ազնիվ եւ արդար» հիմունքներով անցկացվող աճուրդին: Համաձայն «Կալորիա» անշարժ գույքի գործակալության այս տարվա սեպտեմբերին տված եզրակացության` վերոնշյալ խանութի նվազագույն շուկայական արժեքը կազմում է 41 հազար 500 դոլարին համարժեք դրամ: 19.09. 02թ. գրությամբ հարկադիր կատարողը հայտնել է նաեւ, որ աճուրդը նշանակված է 08.10.02 թ.` խախտելով ՀՀ Քաղօրի 464 հոդվածով նախատեսված սակարկությունները կազմակերպելու եւ անցկացնելու կարգը եւ ժամկետները»,- ասում է Մ. Լիոնելլոյի ներկայացուցիչ Ի. Բադալյանը: Ավելացնենք, որ այդ աճուրդի մասին որեւէ հրապարակում չի եղել, որը նույնպես օրենքի պարտադիր պահանջ է: Իսկ թե ինչու է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի դրել Մ. Լիոնելլոյի այս սեփականությունը, նախապես մշակված սցենարի մի մասն է: Դատական ակտերի վարչությունում կա մի գրություն, որտեղ նշված է, որ Լիոնելլոն Հայաստանում այլ սեփականություն չունի: Սակայն վերջինս ներկայացրել է Գյումրիում իր սեփականություն հադիսացող խանութի վկայականը: Մ. Լիոնելլոն առաջարկել է հենց այդ խանութը աճուրդի դնել: «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածը սահմանում է. «Պարտապանը իրավունք ունի առաջարկել իր գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը»: Սակայն հարկադիր կատարողներին հրահանգված է կատարել իրենց ստացած հանձնարարությունը: Շղթան պետք է ամբողջական լինի, այն որեւէ տեղ չի կարող ընդհատվել: Կառույցը կուռ է, համակարգը` հղկված: «Արդարադատության» դեմ Հայաստանում խաղ չկա: Կարծում եմ՝ քաղաքական քայլի անհրաժեշտություն չի լինի Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան ինչպես է պաշտպանում իր երկրի քաղաքացու իրավունքները. «Ընդունելի չէ, երբ քաղաքական հարթության վրա ամեն ինչ լավ է, բարեկամներ են, բայց տնտեսական ոլորտում խնդիրներ են առաջանում: Հայաստանում, որտեղ փոքր ձեռնարկատիրության իտալական մոդելը հավանում են, նման դեպքեր են տեղի ունենում: Իտալիայի քաղաքացու հետ պատահած այս դեպքը պարզ է թվում: Իտալական կողմը Հայաստանում ինչ-որ ներդրում է կատարել` նպատակ ունենալով մի կողմից շահույթ ստանալ, մյուս կողմից` օգնել Հայաստանին աշխատատեղեր ստեղծել: Եթե այս դեպքում էլ Հայաստանի դատական համակարգը պատժի իտալացի ներդնողին, սա չի լինի առաջին դեպքը: Առաջինը իտալական ռեստորանի հետ կապված պատմությունն էր: Սա կարող է դառնալ շատ վտանգավոր եւ Հայաստանի համար բումերանգի նման մի բան կստացվի: Այստեղ այլ է իրավիճակը, իտալացի ներդնողին խաբելու փորձ է կատարվում: Դիմում եմ հայկական կողմին, որը իտալացի ներդնողի հետ բաժնետեր է. թող բավարարվեն նրանով, ինչ մինչեւ հիմա ստացել են: Եվ թող իրենց ցանկությունների մեջ շատ չխորանան: Ընդհանրապես, ինչքան շատ իրավաբաններ ընդգրկվեն այս գործի մեջ, այնքան ավելի շատ փողեր կծախսեն: Ավելի լավ կլիներ, եթե երկու կողմերը միանային եւ խաղաղ ճանապարհ գտնեին: Մ. Լիոնելլոն վերջերս է միայն դիմել մեզ: Իտալացին ժամանակին խնդիրները լուծելու համար ընտրել է Հայաստանի դատարանները: Մենք տեսնում ենք, որ փաստերը բավականին պարզ են: Չկասկածելով Հայաստանի դատական համակարգի աշխատողներին` կարծում եմ, որ քաղաքական քայլի անհրաժեշտություն չի լինի: Պետք է, փաստորեն, դիմենք ամենաբարձր ատյաններին: Հուսով ենք, որ մամուլի հրապարակումները ավելի ազդեցիկ կլինեն, քան մեր դիմումները բարձր ատյաններին»: (շարունակելի) ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն www.hetq.am Հ. Գ. «Իտալացիների արկածները Հայաստանում» հոդվածի հրապարակումից հետո «Առավոտի» խմբագրություն այցելեց հայցվորը` Թելման Հովհաննիսյանը եւ ներկայացրեց հոդվածում բերված փաստերը հերքող գրություն եւ մի քանի փաստաթղթեր: Դրանք կհրապարակվեն եւ դրանց անպայման կանդրադառնանք: