Պահանջվում է երկթափանցիկության մթնոլորտ «Մենք դեռեւս չունենք կապիտալի կամ ֆոնդային շուկա։ Եթե գնահատենք դրա զարգացածության աստիճանը, ապա այն կազմում է մոտ 2%»,- երեկ լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի նախագահ Էդվարդ Սանդոյանը։ Հետո մխիթարեց. «Ի դեպ, ԱՊՀ տարածքում, բացի Ռուսաստանից ու Ղազախստանից, բոլորի վիճակն էլ կամ մեզ նման է, կամ՝ ավելի վատ»։ Անցնելով հիմնական կայացման փուլերը, հայկական արժութային շուկան առայժմ մնացել է նախնական փուլում. բացակայում է իրացվելիք արժեթղթային շուկան, չունենք նաեւ առաջնային տեղաբաշխման փորձ, այն է՝ երբ շուկայում տեղի է ունենում ներքին խնայողությունների կամ ներքին ու արտաքին ներդրումների հաշվին միջոցների հավաքագրում առաջնային բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով։ Հաշվի առնելով զարգացող այլ երկրների փորձը, Հայաստանի ֆոնդային բորսան արդեն երկար ժամանակ փորձում էր ինտեգրվել միջազգային արժեթղթային բորսաներին եւ առաջին հաջողություններն արձանագրված են։ Ոչ վաղ անցյալում մեր բորսան անդամագրվեց Եվրասիա արժեթղթային բորսային, իսկ սեպտեմբերի 29-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր Մոսկվայի միջբանկային արժեթղթային բորսայի հետ (ՄՄԱԲ)։ Նախատեսվում է անդամ բորսաներում տիրող իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակում (այդ թվում եւ՝ ինտերնետով), կապիտալի շուկաների համատեղ ուսումնասիրություններ, վերլուծություններ, փորձի փոխանակում եւ այլն։ Համագործակցության հիմնական նպատակը, ըստ փաստաթղթի, ԱՊՀ տարածքում միացյալ բորսային շուկայի ստեղծումն է։ «Կապիտալի մեր շուկայի կայացման համար այս ինտեգրումը մեծ նշանակություն ունի, ես հատկապես կարեւորում եմ, քանի որ արժեթղթերի շրջանառության եւ ինվեստիցիոն բիզնեսի տեսանկյունից ռուսական շուկան ունի մեծ ապագա, նրա բաժնետոմսերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում ողջ աշխարհում եւ ռիսկի տեսակետից բավականին վստահելի են»,- ասաց պրն Սանդոյանը։ Որպես վարդագույն, բայց իրագործելի երազանք, բորսայի դիտորդ խորհրդի նախագահը նշեց, որ «այդպիսով հնարավորություն կստեղծվի մատչելի դարձնել այդ բաժնետոմսերը մեր գործարարների, եւ հայկական բաժնետոմսերը՝ ռուս գործարարների համար»։ Անշուշտ, դեռ անելիքներ շատ կան։ Այժմ ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, կլինեն քննարկումներ երկու կողմերի մասնակցությամբ, հնարավոր է աշխատանք միջպետական հանձնաժողովների հետ եւ նույնիսկ օրենսդրական որոշակի փոփոխություններ։ Ի դեպ, այժմ ԱՊՀ երկրների արժութային հանձնաժողովներում մշակվում է, այսպես կոչված, մոդելային մի օրինագիծ, որով փորձ է արվում նմանեցնելու, ընդհուպ՝ մինչեւ միասնականացնելու արժեթղթերի շուկայի կարգավորման վերաբերյալ ողջ օրենսդրական փաթեթը։ Պարոն Սանդոյանը միանշանակ կողմնակից է այդ «միասնականացմանը», այն համարելով կապիտալի մեր շուկայի (նաեւ՝ մյուսների) զարգացման հիմնաքարը։ Հարց եղավ, թե արդյոք ՌԴ-ն այդ կերպ չի՞ ունենա գերակա դիրք եւ չի՞ թելադրի իր պայմանները, Էդվարդ Սանդոյանը, կրկին հիշատակելով այս «բովով» արդեն անցած երկրների փորձը, պատասխանեց. «Այս տիպի գործընթացներ տեղի են ունենում ողջ աշխարհում եւ մոնոպոլիայի խնդիր չի առաջացել։ Բացի այդ, ֆոնդային շուկան առաջին հերթին պահանջում է երկթափանցելիության մթնոլորտ, որպեսզի կապիտալի շարժն ու դրամական հոսքերը չարգելակվեն ինչ-ինչ ներքին քաղաքական կամ օրենսդրական գործընթացներով»։ «Այլապես մենք ընդհանրապես չենք ունենա կապիտալի շուկա, էլ չխոսենք դրա զարգանալու մասին։ Այժմ մեզ պետք է օգնեն, ուզում են օգնել, մենք էլ հաճույքով պատրաստ ենք օգտվել այդ օգնությունից»,- եզրափակեց ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի նախագահը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ