Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԵՐ

Հոկտեմբեր 05,2002 00:00

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԵՐ Այս կնոջ (տես լուսանկարը) վնասվածքների «ծագման» մասին ինքը՝ տուժողը եւ հնարավոր կասկածյալը տրամագծորեն հակառակ պատճառներ են նշում, ինչը հիշեցնում է մի հին անեկդոտ։ Դանակի յոթ հարվածներից մահացած կնոջ սպանության մեջ մեղադրվող երիտասարդն արդարանում է, թե կինն ինքն է ընկել դանակի վրա։ Սրան հետեւում է քննիչի տրամաբանական հարցը. եւ այսպես՝ 7 անգամ շարունա՞կ։ Ինչպես տեսնում ենք, անկեդոտում քննիչի տրամաբանությունը կարգին է։ Իրականում, մեր օրերում, այս կնոջ գործը «քննած» ոստիկանը հայտնի չէ, թե ինչ հիմնավորումներով անգամ գործ չի հարուցել։ Մինչդեռ տարրական անատոմիական գիտելիքները հուշում են, որ Հանրապետության հրապարակի 7 աղբյուրի մոտ նույնիսկ 7 անգամ վայր ընկնելու պարագայում էլ (ինչպես կինն է նշել) այս կարգի վնասվածքներ չեն ստանում։ Դեպքից 13 օր անց էլ, ակնհայտ էր կնոջ՝ Թեհմինե Ռափյանի աչքի տակի կապտուկը, կրծքավանդակի եւ թեւի վնասվածքները, որոնք կարող էր «ինքնուրույն» ստանալ, եթե, ասենք, տրակտորի ծանրություն ունենար։ Բայց աչքաչափով կինն անհամեմատ թեթեւ է, ուստի հետեւությունն այն է, որ նրան «օգնել» են վնասվածքներ ստանալ։ Վնասվածքների կասկածելի «ծագման» մասին է վկայում նաեւ հանրապետական 8-րդ հիվանդանոցի կրիմինալ մատյանի 704 համարի գրառումը, որը փոխանցվել է Կենտրոն համայնքի միլիցիայի բաժին։ Հիվանդանոցից տեղեկացանք, որ Թ. Ռափյանն իրենց մոտ է տեղափոխվել սեպտեմբերի 17-ին, «քանի որ կոտրվածքը ձեռքի հետ է կապված եղել, ամբուլատոր օգնություն են ցույց տվել։ Ինքն ասել է, որ Հանրապետության հրապարակում է վայր ընկել։ Ըստ երեւույթին, մի քիչ շեղումներ ունի»։ ՆԳՆ լրատվականից հավելեցին, որ «այդ կինը հայտնի է որպես այդպիսին։ Բոլոր հիմնարկներում փորձում է փող շորթել։ Ոչ մեկը նրան վնասվածք չի պատճառել։ Դիմել են բաժին, աշխատակիցը գնացել է, արեւածաղկի սերմ վաճառողից հարցրել են, դրանով նյութեր են նախապատրաստվել եւ հանցադեպ չլինելու պատճառով գործ չի հարուցվել»։ Արեւածաղկի սերմ վաճառող գտնելը դժվար չէ, մանավանդ որ, կինն իր վնասվածքների համար մեղադրում է բանկերից մեկի պահպանությունն իրականացնող ոստիկանին, որն իբր նրան ծեծել է բանկից փող մուրալու համար։ Նրա մասին, ի դեպ, բոլոր հարցվածները լավ արտահայտվեցին։ Համարենք, որ «այս մրջյուն չտրորող» ոստիկանը չի ծեծել կնոջը, բայց վայր ընկնելու մասին ցուցմունքները չփոխելուց հետո՞ էլ քննիչների մեջ կասկած չառաջացավ, առավել եւս, որ պնդում են, թե կինը «նավոդչիկ» ունի։ Պատրաստի խարդախության գործ է։ Ի հակառակ ոստիկանի, որի անունը չենք նշում, որովհետեւ բավականաչափ համոզիչ չեն նրա մեղավորության մասին կնոջ պնդումները, Թ. Ռափյանի մասին բացասական երանգներով արտահայտվեցին նրա հետ առնչվածները, չնայած առաջին հայացքից նա թողնում էր խեղճ ու անօգնականի տպավորություն։ Նախ իր հետ կատարվածի մասին մի քանի անգամ իրարից հիմնավորապես տարբերվող պատմություն է արել։ Խմբագրությունում կինը սա պատճառաբանեց շանտաժով՝ իրեն սպառնացել են։ Սա հաստատվեց ոստիկանի անուղղակի վկայությամբ. «Թաղայինների պետն ասել է՝ հիմա ես քեզ կեղծ ցուցմունքների համար կդատեմ։ Գիտե՞ս, որ դրա համար դատ կա։ Ես քեզ 6 անգամ հարցրի, ասացիր՝ ընկել եմ։ (…) Հետո ասաց՝ ես կտանեմ, քո անմեղսունակությունն էլ կստուգեմ, տեսնեմ իրոք գիտակցվա՞ծ ես անում, թե՞ ինչ-որ մեկի դրդմամբ»։ Բայց ոչ անմեղսունակությունն են ստուգում, ոչ էլ դատաբժշկական փորձաքննություն նշանակում։ Թե՞ աչքաչափով որոշել են, որ կինն անմեղսունակ է, ու հարցը փակել։ Բայց որքան հայտնի է, մեր օրենսդրությունն անմեղսունակների իրավունքներն էլ է պաշտպանում, ու թույլ չի տալիս նրանց նկատմամբ բռնություններ կիրառել ոչ ոստիկանին, ոչ էլ նույնիսկ «նավոդչիկին»։ Մեր օրենքներով, անմեղսունակներին չի կարելի ծեծել անգամ քաղաքացիական նախաձեռնությամբ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել