ՃՏԵՐԻՆ ԱՇՆԱՆԸ ԿՀԱՇՎԵՆ Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագիրն արդեն սկսված է։ Սրա արդյունքում արդեն քանի ամիս չեն գործում Երեւանի թանգարանները, պատկերասրահները, թատրոնները, համերգասրահները։ Բոլոր մշակութային խմբերը ցաքուցրիվ են։ Ինչպես, օրինակ, այսօր բոլոր թատրոնները իրենց պրեմիերաներն ու մնացյալ ներկայացումները խաղում են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ բարձր վարձավճարներ տալով եւ թատրոնի ղեկավարության նազուտուզը տանելով։ Բոլոր թատերական եւ համերգային խմբերին մի դահլիճում կենտրոնացելու այս անհեթեթ լուծումից բացի, բավական տխուր իրավիճակ է ստեղծվել նաեւ մշակութային օբյեկտների շինարարության պատկերում։ Ինչպես հայտնի է, բոլոր օբյեկտների շինարարության համար տենդերներ են հայտարարվել դեռ ամիսներ առաջ։ Մինչ այդ, բոլոր մասնակիցները ստացել էին տենդերի պայմաններով փաթեթները, ըստ որի, մասնակից ընկերությունը պետք է ունենար իրավաբանական բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, վերջին երեք տարում պետք է կատարած լիներ ոչ պակաս, քան 50 մլն դրամ (յուրաքանչյուր տարում) ծավալի աշխատանք, պետք է ունենար Կենտրոնական բանկի կողմից լիազորված՝ որեւէ բանկում 4 մլն դրամի երաշխիք եւ տեղավորվեր ժամկետների մեջ։ «Մշակույթ» ծրագրում ընդգրկված են Երեւանի մշակութային օբյեկտները եւ Գյումրիի թատրոնը։ Լինսի հիմնադրամի կողմից պարտադիր պայմաններ կան, ըստ որի, այս շինարարության մեջ օգտագործվող բոլոր նյութերը պետք է լինեն եվրոպական երկրներից։ Ընդ որում, հատկապես չպետք է լինեն Իրանից, Աֆղանստանից, Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից, Բուլղարիայից։ Սա բացատրվում է ե՛ւ եվրոպական արտադրության նյութերի որակով, ե՛ւ ԱՄՆ-ի՝ այդ երկրների հետ փոխհարաբերություններով։ Ապրիլի սկզբին սկսվեցին տենդերները, որին մասնակցում էին Լինսի հիմնադրամի ներկայացուցիչներ եւ «Մշակույթ» ԾԻԳ-ի ղեկավարությունը։ Գրատախտակի վրա նշվում էին տվյալ օբյեկտի շինարարության համար հայտ ներկայացրած մասնակիցների անունները եւ առաջարկի գնային չափը։ Տեղում մերժվում էին նրանք, ովքեր բանկային երաշխիք չունեին կամ անհրաժեշտ փաստաթղթերի պակաս ունեին։ Ամենահետաքրքիրն այն է, որ Լինսի եւ ԾԻԳ-ի ղեկավարները առաջնորդվել են «ով ավելի էժան» սկզբունքով։ Մինչ այս չափանիշին անդրադառնալը, նշենք, որ ԾԻԳ-ը նախագծային ինստիտուտին մինչեւ տենդերի անցկացումը պատվիրել էր բոլոր այդ մշակութային օբյեկտների նախագծերը եւ կազմվել էին նախահաշիվներ։ Ողջ աշխարհում տենդերների անցկացման փորձ գոյություն ունի, որոնք առաջարկային գնի եւ կատարված ճշգրիտ նախահաշվի արդյունքում են առաջին ընտրությունը կատարում։ Այսինքն, նախահաշվից ամենացածր եւ ամենաբարձր գնով առաջարկները մերժվում են, եւ ընտրությունը կատարվում է միջին առաջարկներից։ Եվ այդ ժամանակ տենդերի շահողը ոչ թե գնով է որոշվում, այլ տվյալ մասնակցի աշխատանքային կենսագրությամբ, բազայով, մասնագետների կազմով, նախկինում կառուցած օբյեկտներով, այսինքն՝ որակով։ Ինչի է բերում «ով ավելի էժան» չափանիշը։ Չունենալով ոչ մի դրական կողմ, այն հագեցած է բազմաթիվ բացասական երեւույթներով։ Նախ, Հայաստանում արհեստականորեն աշխատուժի արժեքը ընկնում է, էժանանում։ Իսկ էժան աշխատուժը երբեք սոցիալական բարեկեցության չափանիշ չի կարող լինել։ Հայաստանում, բացի այս ծրագրից, արտասահմանյան մի շարք մասնավոր եւ պետական կազմակերպություններ իրենց ներդրումներով շինարարություն են իրականացնում. մեր հիմնադրամների, մեր պատվիրատուների էժան գներով որոշված ու շահած տենդերները կարող են չափանիշ դառնալ նրանց համար։ Բոլոր արհեստավորները կպնդեն, որ իրեն հարգող ոչ մի շինարարական կազմակերպություն, արհեստավոր կամ նախագծային խումբ չի մասնակցի նման էժան տենդերի։ Բնականաբար, շահում են այն մասնակիցները, ովքեր էժան գին էին ներկայացրել եւ իրենց ընկերություններում էժան աշխատուժ են ընդգրկել։ Էժան աշխատուժը, հայտնի է, որ միայն որակի հաշվին է լինում։ Նման չափանիշներով տենդերների մասնակցող ընկերությունների նպատակը ամեն գնով տենդերը շահելն է։ Արդյունքում՝ այսօր մշակութային այդ օբյեկտների շինարարությունները կանգնած են մեծ խնդիրների առջեւ. ինչ-որ մի էժան գնով տենդեր շահելով, գումարները չեն բավականացնում շինարարության լիարժեք ընթացքի համար։ Մանավանդ որ, խորհրդային տարիներին կառուցվելուց հետո, մինչ օրս այդ օբյեկտներում ոչ մի շինարարական աշխատանք չի կատարվել, ինչին ձեռք են տալիս՝ փուլ է գալիս։ Մի քանի թատրոնների ղեկավարներից փորձեցինք ճշտել՝ որքան է կազմում ԾԻԳ-ի կողմից նախագծային ինստիտուտին պատվիրված նախահաշիվը, առաջարկված գներից որն է հաղթել, ինչ փուլում են շինարարական աշխատանքները եւ արդյոք տեղավորվո՞ւմ են ժամկետների մեջ։ Մի քանի մշակութային օբյեկտների ղեկավարներ ասացին, որ ԾԻԳ-ը ելակետային տվյալները խիստ գաղտնի է պահում մինչ օրս, սակայն պարզվեց, որ, օրինակ, Օպերային թատրոնի շինարարությունն իրականացնող «Երեւանշինի» առաջարկը 1 մլրդ 184 մլն դրամ է, Փարաջանովի թանգարանինը՝ 24 մլն դրամ, Դրամատիկականինը՝ 192 մլն դրամ։ Ընդ որում, մեր տվյալներով, Դրամատիկական թատրոնի նախահաշիվը եղել է 250 մլն դրամ, սակայն հաղթող են ճանաչել «Վան» ՍՊԸ-ին՝ ամենաէժան առաջարկին։ Հավելենք, որ այս նույն ՍՊԸ-ն, մեր աղբյուրներով, միաժամանակ շահել է եւս երկու տենդեր՝ Սունդուկյանի անվան թատրոնինը եւ Սայաթ-Նովայի փողոցի ճանապարհաշինության։ Այսինքն, Լինսի ծրագրերի տենդերները՝ աղետի գոտու, ճանապարհաշինության եւ մշակույթի, որոնք տասնյակ շենքեր են ու ծրագրեր, շահել են ընդամենը մի քանի կազմակերպություններ։ Թատրոններից մեկի տնօրենը նկատեց, որ նախահաշիվը կազմել են 1984 թվականի գնացուցակներով, այդ պատճառով այժմ թաքնված աշխատանքների ակտ է կազմվում եւ հանձնվում ԾԻԳ-ին։ Շատ օբյեկտներում նախագծային պրոբլեմներ են առաջանում, նոր աշխատանքներ բացվում, իսկ Լինսի հիմնադրամը չի թույլատրում նախագծից շեղումներ անել։ Բացի այդ, մի շարք օբյեկտներում եթե պարտադիր պայման էր նոր աթոռների, դուռ-պատուհանների տեղադրումը, այժմ, վատ հաշվարկների պատճառով, ստիպված են հները վերանորոգել, ինչպես, օրինակ, Սունդուկյանի անվան թատրոնում։ Կամ քանդելուց հետո են մտորում սեյսմիկայի ինստիտուտից մասնագետներ հրավիրել, էքսպերտիզա կատարել։ Շինարարները հաճախ օրերով սպասում են նախագծի փոփոխությունների։ Լինսի հիմնադրամը գումարները, ըստ կատարողական ակտի, էտապներով է տրամադրում, սկզբում 10% կանխավճար տալով։ Եվ այն նյութերը, որոնք ձեռք են բերվում արտասահմանից, ազատված են ավելացված արժեքի հարկից, իսկ որոնք Հայաստանից՝ վճարում են բոլոր հարկերը՝ շինարարության համար հատկացված գումարից։ Ինչպես բոլոր տենդերներում, այս դեպքում էլ մասնակիցներին չի վերադարձվում տենդերի մասնակցության համար վճարվելիք գումարը, որը սկսվում է 36 հազար դրամից մինչեւ 200 դոլար։ Ամբողջ «Մշակույթ» ծրագրի համար նախատեսված է 20 մլն դոլար։ Մեր տվյալներով, ԾԻԳ-ի աշխատակազմի աշխատավարձը, բջջային հեռախոսների, բենզինի գումարները վճարվում են այդ գումարներից, իսկ աշխատակիցների նվազագույն աշխատավարձը 500 դոլար է։ Լինսի եւ ԾԻԳ-երի ներկայացուցիչները հպարտանում են, թե նախատեսվածից ավելի շատ օբյեկտներ են ներառել ծրագրում։ Սակայն դա կատարվել է մնացածների հաշվին։ Արդյունքում ունենք կիսատ-պռատ նախագծեր, կիսատ-պռատ ուսումնասիրություններ, նախահաշիվներ, շինարարական աշխատանքներ։ Հետեւանքի ձայնը դեռ կլսենք։ Քըրքորյանի այս լավ գաղափարն ու ծրագիրը վերջնահաշվում, մեր հայրենակիցների՝ ԾԻԳ-երի ղեկավարության թերի աշխատանքների հետեւանքով կարող է, ինչպես միշտ, կիսատ-պռատ արվել։ Իսկ ինչ կլինի, եթե հաղթող ընկերությունը շինարարությունը չկարողանա ավարտել սխալ հաշվարկների եւ գումարների սպառման պատճառով։ Պարզվում է, որ ԾԻԳ-ը այդ ժամանակ կարող է դատի տալ ընկերությանը, որից հետո կանցկացնեն նոր տենդեր, կլինի նոր հաղթող եւ մյուսի կիսատ գործը նոր շարունակող։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ