Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ Է ՇԱԲԼՈՆԻ ԶՈՀ

Հոկտեմբեր 05,2002 00:00

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ Է ՇԱԲԼՈՆԻ ԶՈՀ «Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն նույնը չեն»,- ասում է ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը – Շատերն էին կանխատեսում, թե սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ում կհայտարարի քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին: Բայց այդ ակնկալիքներն ի չիք դարձան, իսկ նախագահական առաջիկա ընտրությունները, բնականաբար, հետաձգվելու միտում չունեն: Այդ դեպքում ազատական ուժերն ընտրություններին ընդհանրապես կմասնակցե՞ն: – Համոզված եմ, որ նման հայտարարություն Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ում չէ, որ պետք է անի: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին նրա մասնակցությանը, ապա՝ կարծում եմ, դեռ վերջնական որոշում կայացված չէ: – Դուք ո՞ւմ եք պատկերացնում որպես նախագահի թեկնածու, որն ի վիճակի է շտկել հանրապետությունում ստեղծված տնտեսական, ներքին եւ արտաքին քաղաքական անմխիթար իրավիճակը: – Խորացող ճգնաժամը հաղթահարելու եւ երկրի առաջընթացը երաշխավորելու համար պետք է նախ իրատեսական ծրագրեր առաջադրել: Այդպիսի ծրագիր նախագահի պաշտոնին հավակնորդներից ի զորու է ներկայացնել միայն Տեր-Պետրոսյանը եւ դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ է: Մյուսները երաշխավորելու են միայն ետընթաց՝ հաշվի առնելով այն արժեքային համակարգը, որով նրանք առաջնորդվել են մինչ օրս: Իհարկե, Տեր-Պետրոսյանը հրաշքով Հայաստանը մեկ օրում դրախտի չի վերածի: Բայց նրա իշխանավարության ընթացքում՝ թերություններով, բացթողումներով, հիասթափություններով հանդերձ, ակնհայտ էր առաջընթացը եւ դրա միակ գրավականը ազատական գաղափարախոսությանը եւ ժողովրդավարության հիմնական սկզբունքներին նրա անվերապահ հավատարմությունն էր: Հասարակության կյանքում այդ առաջընթացն, իհարկե, նկատվում էր, գուցե ոչ այն տեմպերով կամ՝ չափերով, բայց ակնհայտ էր, որ ամեն տարի նախորդի համեմատ իրավիճակը երկրում բարելավվում էր: Ընդ որում, կրկնում եմ, կային նաեւ լուրջ բացթողումներ, վրիպումներ, հասարակական դժգոհություն առաջացնելու առիթներ, որոնք այսօր պետք է վերլուծել: Այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանը, որպես ղեկավար, այդ առաջընթացը ապահովում էր իր ռեալ գործողություններով, որոնց նրա ընդդիմախոս քաղաքկան ուժերը քաղաքական գնահատական չեն տալիս ճիշտ այնպես, ինչպես չեն գնահատում ներկա իշխանությունների վարած եւ երկրի ետընթացն ապահովող քաղաքականությունը: Մինչդեռ եւ այն ժամանակ, եւ այսօր պետք է գնահատական տալ ոչ թե անձերին, այլ՝ երեւույթներին: – Մինչ օրս Տեր-Պետրոսյանին հակադրվողները հիշեցնում են նրա իշխանավարության ընթացքում «մազութի լափման» մասին եւ առաջին նախագահի հրապարակած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը՝ այն գնահատելով իբրեւ պարտվողական կամ դավաճանական: Տեր-Պետրոսյանն, ըստ Ձեզ, այսօր կարո՞ղ է տալ այդ մեղադրանքների պատասխանն այնպես, որ հասարակության համար ընկալելի լինի: – Պետք է քաղաքական համարձակություն ունենալ եւ հայտարարել, որ խաղաղությունը Հայաստանի ապագայի տեսանկյունից գերակա արժեք է՝ ազատականության եւ ժողովրդավարության բաղկացուցիչ մասը: Տեր-Պետրոսյանն իր իշխանավարության ընթացքում կարեւորեց այդ խաղաղությունը եւ փորձեց մատուցել դրա անհրաժեշտությունը երկրի զարգացման եւ ապագայի տեսանկյունից, բայց, ըստ իս, ոչ այնքան հաջող կերպով, որովհետեւ, թերեւս, կարելի էր դրան ավելի մանրամասնորեն անդրադառնալ եւ չսահմանափակվել մեկ հոդվածով. անշուշտ, դա այլ խնդիր է: 98-ից հետո մինչ օրս իշխանություններն այդպես էլ չեն գիտակցել խաղաղության կարեւորությունը հասարակության եւ պետության ապագայի տեսանկյունից: Դա արդեն մտածելակերպ է, գաղափարախոսություն, որին «տիրապետում» են եւ Քոչարյանը, եւ նրան սատարող, նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերը: Ընդ որում, վերջիններս ավելի հակված են իրենց ռազմատենչությամբ հաճոյանալ հասարակությանը: Ուստի եւ հավակնորդների մեջ երկրորդ նման անձնավորությունը չեմ տեսնում, որն այնքան կարեւորում է խաղաղության անհրաժեշտությունը, որքան Տեր-Պետրոսյանը: – Բայց արդյո՞ք հասարակությունն ինքը գիտակցում է խաղաղության անհրաժեշտությունը հատկապես երկրի տնտեսական զարգացման իմաստով: Արդյո՞ք նա տուրք չի տալիս ավելի շատ պահանջատիրական կամ Ձեր նշած ռազմատենչությանը, որպիսիք են Նախիջեւանին, այսօր արդեն Ջավախքին առնչվող հարցադրումները, ԼՂ հիմնախնդիրն ավելի շուտ ձգձգելու, քան շուտափույթ լուծելու մտայնությանը: Արդյո՞ք հասարակությունը հենց այդ չի պահանջում: – Պետք չէ կուլ գնալ հասարակական կարծիքին: Պետք է համարձակություն ունենալ այդ մասին խոսել եւ տեսնել այլընտրանքն ինչ է ասում: Մենք տեսանք 5 տարի, թե այդ խաղաղության կարեւորության թերագնահատումն ինչ հետեւանքներ ունեցավ եւ պետության, եւ տնտեսության համար: Հակառակը պնդողները թող պնդեն, ապացուցեն: Փաստն այն է, որ երկարատեւ խաղաղության բացակայությունը հանգեցնում է Հայաստանի մեկուսացմանը, ինտեգրացիոն պրոցեսներից նրա դուրս մղմանը: Ի վերջո, մեր երկիրը դառնում է այս կամ այն պետության խամաճիկ եւ նման պետությունը վաղ թե ուշ պատժվում է: Իշխանությունը կրողները դա չեն հասկանում: Հեշտ է գալ եւ պարտավորվել ապահովել Ղարաբաղի անկախությունը, Նախիջեւանը միացնել Հայաստանին, դառնալ համաշխարհային ազգ: Բայց պետք է հասկանալ նման արկածախնդրական նպատակների իրական հետեւանքները: Եթե մենք խոսենք այդպիսի արժեքային համակարգից՝ ինչպիսին է խաղաղությունը՝ կտեսնենք, որ աջ դաշտը ներկայացնող ուժերն ու նրանց բազմաթիվ ներկայացուցիչները կոնկրետ օրինակներով հավատարիմ են եղել այդ սկզբունքին: Հակառակ դաշտում մնան օրինակներ չենք տեսել: Տեր-Պետրոսյանը որպես պետության ղեկավար ամբողջությամբ վերցրած այդ սկզբունքներին հավատարիմ էր, թեեւ չեմ բացառում, որ նա նաեւ բացթողումներ ուներ: – Արդյո՞ք այդ բացթողումներից մեկն էլ ժամանակին իր ընդդիմությանն այնպես «սանձելը» չէր, ինչպես անում է ներկայիս նախագահը՝ պառակտել, ջարդել, գնել, փչացնել քաղաքական ուժերին եւ իշխանական, եւ ընդդիմադիր ճամբարներում: – Տեր-Պետրոսայնն, ի տարբերություն Քոչարյանի, ուներ ուժեղ ընդդիմություն եւ դրա հիմնական պատճառն այն էր, որ նրա իշխանությունը եւ ուժեղ էր, եւ քաղաքական լիցք ուներ: Այսօր մենք ունենք ոչ թե քաղաքական իշխանություն, այլ՝ ռեժիմ, որի պարագայում ընդդիմությունն էլ քաղաքական կամ ուժեղ լինել չի կարող: Այդ է պատճառը, որ Քոչարյանն այսօր գործ ունի խաղալիքների հետ, որոնց ջարդել, պառակտելը հեշտ է: Նույն բանը Տեր-Պետրոսյանը կարող էր անել, բայց նա գիտակցում էր ընդդիմության կարեւորությունը, անհրաժեշտությունը: Մենք կարող ենք քննադատել նրա եւ ընդդիմության հարաբերություններում տեղ գտած բազմաթիվ թերություններ, բայց ամբողջությամբ նա կարեւորում էր ընդդիմության գոյությունը: Այսօր ընդդիմությունը որպես այդպիսին չի կարեւորվում եւ իշխանությանը թվում է, թե կարելի է նաեւ իմիտացիոն ընդդիմություն ունենալ: – Որ Քոչարյանն ուրախ կլիներ ունենալ ոչ թե ուժեղ ընդդիմություն, կամ՝ ընդդիմադիր լրատվամիջոցներ, այլ՝ դրանց իմիտացիա, թերեւս, ապացուցում է նրա հայտնի արտահայտությունը, որ եթե ընդդիմադիր կարծիք ներկայացնող «Ա1+»-ը նույնիսկ չլիներ, նա ստիպված էր լինելու նման մի բան ստեղծել: Բայց այդ իմիտացիոն ընդդիմությանը հասարակությունը ժամանակ առ ժամանակ նաեւ ականջալուր է լինում: Իսկ ժողովուրդն ինքը պատրա՞ստ է ընդունել եւ ընկալել այն, ինչ ենթադրվում է, որ կասի Տեր-Պետրոսյանը: – Իշխանությունների ցանկացած գնահատական ընդդիմության հասցեին՝ կրում է զավեշտի բնույթ: Ըստ էության, այսօր մենք ունենք տգետ եւ լկտի իշխանություն, որը վստահ է իր գործունեության անվերահսկելիության մեջ: Մյուս կողմից, եւ իշխանության, եւ նրա ընդդիմության կողմից զուգահեռաբար ամեն ինչ արվում է Տեր-Պետրոսյանին շարունակաբար վարկաբեկելու համար: Հինգ տարի մենք այդ պրոցեսի ականատեսն ենք: Ամեն ինչ արվում է բացառելու հասարակության առջեւ այդ մարդու հանդես գալու նույնիսկ հավանականությունը: Հանդես կգա, կերեւա՝ հասարակությունը նրան ընդունո՞ւմ է, թե՞ ոչ: Ի վերջո, կլինեն ընտրություններ եւ կպարզվի, մարդիկ նրան ուզո՞ւմ են ընտրել, թե՞ ոչ: Բայց այն, որ ամեն ինչ արվում է դա բացառելու համար՝ վկայում է Լ.Տեր-Պետրոսյանի վերադարձի անհրաժեշտության մասին: – Բայց Տեր-Պետրոսյանի նկատմամբ իշխանությունների եւ առանձին ընդդիմադիրների վերաբերմունքից զատ, նաեւ հասարակական կարծիքը պետք է նպաստավոր լինի: – Մենք ինչպես կարող ենք ապավինել հասարակական կարծիքին, երբ այդ հասարակությունը պետական լծակների օգնությամբ միշտ խաբվում է, զրկվում է ընտրության հնարավորությունից: Ես չեմ ասում, թե վաղը Տեր-Պետրոսյանին 90 տոկոս ձայն են տալու, բայց դաշտում գործողների մեջ ես տեսնում եմ մի անհատի, որը կարող է երկրի համար առաջընթաց ապահովել: Մյուս կողմից՝ տեսնում եմ քաղաքական գործընթացների իմիտացիա, եւ արհեստածին պատնեշներ Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման դեմ: Հասարակությունը կկարողանա կողմնորոշվել, եթե լինի քաղաքակիրթ երկխոսություն, եւ ոչ մի ողբերգություն չեմ տեսնում, եթե Տեր-Պետրոսյանը մասնակցի քաղաքական պայքարին եւ հայտնվի, ասենք, երկրորդ, այլ՝ ոչ թե առաջին տեղում: Բայց դա էլ է ժամանակի խնդիր: Սակայն, եթե այն գլխից կանխորոշված են ընտրություններում բիրտ ուժի ցուցադրումն ու անօրինականությունը, ապա՝ այնտեղ մենք եւ Տեր-Պետրոսյանն անելիք չունենք: – Չե՞ք կարծում, որ մեր ժողովուրդն իրականում ավելի շատ տրամադրված է ոչ թե Տեր-Պետրոսյան անձի, այլ՝ ավելի շուտ ՀՀՇ-ի դեմ, որ նրա անունն ուղղակիորեն ասոցիացվում է այդ կուսակցության հետ: – Դուք շաբլոնի զոհ եք: Իրականում այդպես հատուկ մատուցվում է, որ մարդիկ Տեր-Պետրոսյան ասելով հասկանան ՀՀՇ եւ կոնկրետ մարդիկ: Տեր-Պետրոսյանը մնում է Տեր-Պետրոսյան, կուսակցությունը՝ կուսակցություն: Ընդհանրացումներն ու «բոբոները» հատուկ են ստեղծվում՝ անճարակությունից: Մինչդեռ դրա փոխարեն պետք է պայմաններ ստեղծել քաղաքակիրթ պայքարի, երկխոսության համար: Եթե Տեր-Պետրոսյան-հասարակություն երկխոսությունը տեղի ունենա, այն ժամանակ կտեսնեմ հասարակությունը նրան ընդունո՞ւմ է, թե՞ ոչ: Ես չգիտեմ՝ իսկ արժե՞, որ նա դա անի այսօր: Այդ դեպքում էլ կմեղադրեն, թե «նախկինները» խանգարում են փոխել գործող իշխանությունը: Չենք խանգարում. փոխեք: Մյուս կողմից՝ իշխանությունների, նաեւ ընդդիմության զուգահեռ հարձակումները Տեր-Պետրոսյանի դեմ համոզում են, որ մենք ճիշտ ենք, որ նրա առաջադրման, հասարակության հետ հարաբերվելու դեպքում վերջինիս հնարավոր չի լինի մոլորության մեջ պահել: Թե չէ՝ այսօր խոսում են հասարակական կարծիքից՝ թքելով դրա վրա, արհամարհելով այդ կարծիքը: Նրանց համար այդպիսի արժեք գոյություն չունի: – Նախապայմաններ կա՞ն հասարակության ըմբոստության համար: – Իհարկե, կան: Այդ նախադրյալները, թերեւս, մի դեպքում ցայտուն դրսեւորվեն, եթե Տեր-Պետրոսյանը որոշի քաղաքական պայքարի մեջ մտնել: Այսինքն, մարդիկ պետք է տեսնեն իր գաղափարների համար պայքարող անհատի, քաղաքական անհատի: Նրա առաջադրումը հասարակական մթնոլորտն էապես կփոխի, կլինի ընտրելու հնարավորություն, ոչ թե դրա իմիտացիա: Նույն բանը կարող է անել ընդդիմությունը առանց Տեր-Պետրոսյանի: Բայց, ինչպես համոզվում ենք, նախ՝ չի անում, երկրորդ՝ իրականում անզոր է նման պահվածքի, քանի որ դավանում է ետընթաց երաշխավորող արժեքներ: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել