ԵՍ ՆԱՅՈՒՄ ԵՄ ՄԱՐԴՈՒ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ԵՎ ՏԵՍՆՈՒՄ ՆՐԱ ՀՈԳԻՆ Խիստ ադմինիստրատիվ հաստատությունում ինձ դիմավորեց բարի ժպիտով մի մարդ՝ որեւէ ընդհանրություն չուներ բարձրաստիճան պաշտոնյայի դասական իմ պատկերացումների հետ: Միայն այդ ժպիտը բավարար էր, որպեսզի հասկանայի, որ այդ մարդը աշխատում է մանուկների համար: Կարեւորը գլխում եւ սրտում եղածն է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Բրանիսլավ Ջեկիչի համար անսպասելի էր անձնական բնույթի հարցերս, նա ավելի շատ գերադասում էր խոսել երեխաների խնդիրներին վերաբերող թեմաների շուրջ: Առաջ ընկնելով էլ ասեմ, որ ինչի մասին խոսելիս լինեինք, միեւնույն է, խոսակցությունը պտտվում էր երեխաների հարցերի շուրջ: Բրանիսլավ Ջեկիչը Կանադայի քաղաքացի է, ապրում է Տորոնտոյում: Ծնվել է նա Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում, արմատներով սերբ է: Ջեկիչների ընտանիքի տղամարդիկ սերնդեսերունդ իրար են փոխանցում ճարտարագետ-ինժեների մասնագիտությունը: Իսկ ահա ընտանիքի կանայք՝ Բրանիսլավի մայրը, տատը, տատի մայրը, հիմնականում հումանիտար գիտությունների կողմնորոշում են ունեցել եւ զբաղվել արվեստով: Ջեկիչների ընտանիքի անդամները սիրով են զբաղվել իրենց մասնագիտություններով, բայց նաեւ մեծ ուշադրություն են հատկացրել մարդասիրական գործունեությանը՝ կամավոր աշխատելով համայնքների հետ՝ իրենց գործունեությունը ուղղելով երեխաներին: «Ես հիշում եմ, երբ 4 տարեկան էի՝ պապս ինձ տանում էր գնչուների մոտ, որպեսզի ես փոքրուց ճանաչեի նրանց պրոբլեմները: Ես որքան կարողանում էի՝ օգնում էի իմ պապիկին, երբ նա օգնում էր գնչուներին: Ահա, այդ ժամանակվանից նախասիրություն առաջացավ օգնել երեխաներին՝ հատկապես խոցելի խմբերի երեխաներին: Գիտեք, գնչուները մի քիչ այլ կերպ էին նայվում մեր հասարակությունում: Փոքր ժամանակ ես այնպիսի զգացողություն ունեի, որ չպետք է մոտենամ այն տանը, որտեղ գնչուներ են ապրում: Իմ իմաստուն եւ բարի պապիկը, որի անունը Նիկոլա էր, ինձ համոզեց ու տարավ այդ տունը: Ես զգացի, թե ինչպիսի ջերմ եւ բարեկամական մթնոլորտ էր տիրում: Պապս խրախուսական ոչ մի խոսք չասաց, ցուցումներ չտվեց, թե ես ինչպես պետք է ինձ պահեմ՝ պարզապես ես նայում էի, թե ինքը ինչ էր անում, ինչպես էր օգնում այդ գնչուներին, եւ ինքս էլ այդպես վարվեցի: Այդ ժամանակվանից իմ մեջ սերմացավ խոհեմության եւ համեստության զգացումը: Մեկ ուրիշ դաս, որ ես առա իմ մանկությունից, այն է, որ մենք չպետք է մարդուն հարգենք՝ դատելով իր դիրքից: Ես նայում եմ մարդու աչքերի մեջ եւ տեսնում այդ մարդու հոգին՝ այդպես եմ ես մարդկանց ճանաչում: Ի դեպ, մեր ընտանիքը հարուստ էր, երբ կյանքը փոխվեց ու մեր ընտանիքն այլեւս հարուստ չէր, ես հիշում եմ, մի անգամ պապիկիս հետ շրջում էինք քաղաքում՝ նա ինձ ցույց տվեց այն շենքերը, որոնք ժամանակին պատկանում էին մեր ընտանիքին, ես հարցրի. ափսոսո՞ւմ ես, որ այս ամենն այլեւս քոնը չէ. նա կանգ առավ, շրջվեց, նայեց իմ աչքերի մեջ, ժպտաց եւ ասաց. «Ոչ տղաս: Ցանկացած ապրանք գալիս է մեզ ու գնում, կարեւորը նյութականը չէ, ամենակարեւորը քո գլխում եղած գիտելիքն է եւ սերը քո սրտում: Այդ 2 հարստությունը դու կունենաս այնքան, ինչքան դու ապրում ես, աշխատիր այդ հարստությունը չկորցնել եւ օգտագործել լավագույնս: Եվ երբեք սերն ու գիտելիքը շատ չի լինի՝ ձգտիր ավելիին: Ահա սա էր իմ իմաստուն եւ բարի պապիկի խորհուրդը»: Ես անձամբ գիտեմ՝ ինչ է սովը Ինժեների իր մասնագիտությամբ պարոն Ջեկիչը աշխատել է բազմաթիվ տարիներ: Առաջին անգամ, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նրան առաջարկել է աշխատել որպես խորհրդատու՝ հնարավորություն է ստացել մոտիկից ծանոթանալ այս կառույցի բուն գործունեությանը: «Ահա, այն պատճառը, որի համար ես որոշեցի թողնել իմ մասնագիտությունը եւ միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործին: Ի դեպ, հենց ՅՈՒՆԻՍԵՖ-ն է ինձ օգնել, երբ ես փոքր էի: Ես այն քիչ բախտավորներից էի, որոնք իմ դպրոցական տարիներին օգնություն ստացան այս կառույցից: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական երկրներում շատ ծանր էր սոցիալական վիճակը: Ես հիշում եմ՝ օրը մեկ անգամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեզ տաք ճաշ էր տալիս: Այդ մեկ անգամվա ճաշը մեզ այնքան էր ոգեւորում, որ ձգտում էինք ավելի լավ սովորել: Շատ երեխաներ սոված էին: Ես ինքս անձամբ գիտեմ՝ ինչ է սովը: Ես միշտ հիշում եմ սովի զգացողությունը եւ երբեք չեմ մոռանա»: Այս ասելով՝ պարոն Ջեկիչը մոտեցավ պատին փակցված արդեն հնացող մի լուսանկարի: «Տեսնո՞ւմ եք այս նկարը՝ այստեղ պատկերված տղամարդը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին դեսպանն է, նա ամերիկյան հայտնի դերասան Դենի Քեյն է: Սա մեր դպրոցն է, տեսեք, թե մենք ինչ համեստ ենք հագնվել: Այս տղային տեսնո՞ւմ եք՝ շատ պարզ կոշիկներ է հագին: Մեզ խնդրել էին սեւ ու սպիտակ հագնվել, իմ կոշիկները կապույտ էին, բայց տեսնում եք՝ նկարում դրանք սպիտակ են: Ես վերցրել էի կավիճը եւ մայրիկիս հետ կավիճով սպիտակեցրել կոշիկներս: Տեսնում եք՝ իմ շալվարը կարճ է, որովհետեւ ես այդ մեկը ունեի, երբ ես անընդհատ աճում էի՝ մենք չէինք կարող մեզ թույլ տալ ամեն անգամ նոր շալվար առնել: Հիմա հասկացա՞ք, թե ինչու եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ում աշխատում»: Իսկ առաջին մասնագիտության նկատմամբ արթնացող կարոտը Ջեկիչը սովորաբար փորձում է մարել ճարտարագետ որդիների հետ վարվող մասնագիտական զրույցների միջոցով: Մեծերիս պարտականությունն է, երեխաների՝ իրավունքը. երջանիկ լինել Առաքելություններ իրականացնելիս սովորաբար ընտանիքը չի ուղեկցում Բրանիսլավ Ջեկիչին: Բոլորովին վերջերս նրա 2 տղաները եւ 80-ամյա մորաքույրը հյուրընկալվել են Հայաստանում: Պարոն Ջեկիչի հավաստմամբ՝ նրանք շատ հավանել են մեր ավանդույթները ու հատկապես Երեւանը: «Իհարկե, շատ դժվար է երկար ժամանակ ապրել առանց կնոջ, բայց ես չէի ասի, որ ես մենակ եմ, քանի որ շրջապատված եմ հետաքրքիր մարդկանցով: Ընդհանրապես ես շատ երջանիկ եմ, ես աշխատում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ում երեխաների համար: Երբ շփվում ես երեխաների հետ ու տեսնում նրանց ժպիտը՝ արդեն հաճելի է: Բոլոր երեխաները լավն են՝ համաձա՞յն եք»։ Ինքս էլ չնկատեցի, թե ինչպես պարոն Ջեկիչը խոսակցությունը սահուն տարավ դեպի երեխաների թեման: «Բայց ոչ բոլոր մեծահասակներն են լավը՝ համաձա՞յն եք: Երբեւէ ձեզ հարցրել եք՝ ինչու՞ են այդ լավ բալիկները մեծանալիս դառնում ոչ այնքան լավը: Պատասխանը պարզ է. մենք՝ մեծահասակներս ենք պատասխանատու, որպեսզի երեխան մեծանա եւ դառնա լավ մեծահասակ: Մեր պարտականությունն է, երեխայի՝ իրավունքը. լինել երջանիկ»: Մեկ դեղատոմս կա՝ սերը Տարբեր երկրներում աշխատելիս նրանց ազգային առանձնահատկությունները հաճույքով է հաղթահարում, քանի որ փորձում է հասկանալ այդ ժողովուրդների մշակույթները եւ դրանց դրդապատճառները: Մեր ազգային առանձնահատկություններից պարոն Ջեկիչն առանձնացրեց մարդկանց՝ հատկապես երեխաների հետաքրքրասիրությունը, որը, նրա կարծիքով, տանում է դեպի ստեղծագործություն: Հայ երեխաները շատ են սիրում նոր բաներ եւ շատ են սիրում հետազոտել այդ նորը: – Մեծահասակներիս պարտականությունն է օգնել երեխաներին՝ հետազոտել աշխարհը: Երեխայի համար շատ կարեւոր է խաղը: Խաղը մեծ դեր է խաղում ոչ միայն երեխայի ֆիզիկական, այլեւ մտավոր դաստիարակության գործում: Ինձ թվում է՝ հասարակությունը պետք է ջանա երեխաների խաղի համար ավելի շատ տեղեր հատկացնել: – Իհարկե, Դուք ներկայացրիք, թե ինչպես պետք է վարվել երեխայի հետ, բայց, ասացեք, խնդրեմ, երեխայի դաստիարակության համար կա՞ն հստակ սահմանված դեղատոմսեր: – Մեկ դեղատոմս կա՝ սերը: Սերը, հոգածությունը եւ ժամանակը: Երեխան ժամանակ է պահանջում: Աֆրիկայում այսպիսի ասացվածք կա. «Ամբողջ գյուղը պետք է մասնակցի երեխայի դաստիարակությանը»: Եթե դա ընդհանրացնեմ, կարող եմ ասել, որ երեխայի դաստիարակությունը ողջ հասարակության պարտականությունն է: Շատ հեշտ է պարզել՝ երեխան ճի՞շտ է մեծանում, թե՞ ոչ: Եթե երեխան առողջ է եւ ժպտում է, ահա առաջին նշանները, որ ճիշտ է մեծանում: Այսպիսով երեւում է, որ երեխան երջանիկ է: Ահա ախտորոշումը: Ես բռնում եմ Ձեր ոտքը – Երեւի ես բախտավոր եմ, քանի որ ցանկացած տեղ, ուր ես աշխատել եմ՝ եթե ոչ անմիջապես, ապա շատ շուտ հաստատում եմ լավ հարաբերություններ: Դուք պետք է հասկանաք, թե ինչու է հեշտ: Մենք աշխատում ենք այն մարդկանց հետ, ում համար եւս երեխաները կյանքի իմաստն են: Դուք եւս կարող եք հեշտությամբ ասել՝ այդ մարդը շփվո՞ւմ է, թե՞ ոչ՝ այդ մարդը ժպտում է: Ահա այդ ժպիտն է, որ մեզ անմիջապես միացնում է: Այստեղ ես հասցրել եմ շատերի հետ ընկերանալ եւ կարող եմ ասել, որ նրանց աշխատանքը այս կամ այն կերպ առնչվում է երեխաներին: – Ես այդպիսի մի հրաշալի մարդու ճանաչում եմ, որը իր կյանքը նվիրել է երեխաներին եւ իսկապես միշտ ժպտում է՝ դա տիկնիկային գործիչների նախագահ Արմեն Սաֆարյանն է: – Օ, իսկապես, նա իմ ընկերն է, ես նաեւ նրան նկատի ունեի: – Մարդկային շփումները սովորաբար խանգարո՞ւմ, թե՞ օգնում են Ձեր աշխատանքին: – Այդ շփումները շատ բաներում են օգնում: Լինելով մարդկանց մեջ՝ ես սովորում եմ զարգանալ որպես մարդ: Օրինակ այդ ընկերս, որ միշտ ժպտում է, ես իրենից սովորեցի համեստություն: Երբ ես ինձ այնքան էլ երջանիկ չեմ զգում, մտածում եմ, որ պետք է ավելի համեստ լինեմ եւ մտածեմ լավ բաների մասին: – Ինչպես ցանկացած աշխատանքում, կարծում եմ, Ձեր աշխատանքում եւս եղել են զավեշտալի, էքստրեմալ իրավիճակներ՝ չէի՞ք ցանկանա որեւէ կոնկրետ դեպք պատմել: – Էքստրեմալ իրավիճակների մասին եմ ուզում խոսել, որովհետեւ ես տարիներ եմ անցկացրել պատերազմի մեջ գտնվող երկրներում: Օրինակ՝ ես 5 օր փակված էի մնացել իմ տանը, այդ ընթացքում ես միայն ջուր էի խմում եւ կանաչ ոլոռ ուտում: Զավեշտալի իրավիճակներն ավելի շատ են՝ մասնավորապես դրանք կապված են իմ անվան հետ: Իմ ազգանունը շատ հաճախ սխալ են արտասանում, ժամանակը չի բավարարի, որպեսզի ես թվարկեմ այն տարբերակները, որոնցով ինձ կոչել են՝ ճիշտը Բրանիսլավ Յեկիչն է: Բայց ավելի լավ է՝ մի այլ զավեշտալի դեպք պատմեմ: Հիշում եմ՝ աֆրիկյան մի երկրում զրուցում էի մի շատ պատկառելի տղամարդու հետ, նա ինչ172որ բան խնդրեց եւ ասաց՝ ես բռնում եմ Ձեր ոտքը: Շատ վատ զգացի ինձ, երբ նա գնաց՝ ես իմ աշխատակիցներին հարցրի, թե ի՞նչ է նշանակում՝ բռնում եմ ոտքդ: Նրանք բացատրեցին, որ իրենց սովորույթի համաձայն՝ դա խնդրանքի նշան է: Մակարոն՝ Բրանիսլավի ձեւով Հայաստանի, հայերի մասին պարոն Ջեկիչը իմացել է դեռ վաղ հասակից: Նրանց ընտանիքի առաջին մտերիմ հարեւանները հայեր են եղել: Մինչեւ հիմա պարոն Ջեկիչը հիշում է մանկության հայ ընկերոջը, որը լավ ֆուտբոլ էր խաղում, իսկ այդ տղայի մոր պատրաստած կերակուրների համը մինչ օրս մնացել է բերանում: Հենց այդ ընտանիքից էլ իմացել է Արարատ լեռան մասին, որի մասին գրված է Աստվածաշնչում: Կյանքի ընթացքում միշտ էլ հայերի հետ հաղորդակցվելու առիթներ է ունեցել: «Յուրաքանչյուր անգամ, երբ հանդիպել եմ հայերին, նրանցից ջերմություն եմ զգացել»: Հայկական խոհանոցից սիրում է սպասը, բոզբաշը, խաշլաման, խաշը, թեպետ հայերիս նման չի կարողանում ձեռքով ուտել: Բրանիսլավ Ջեկիչը սիրում է անձամբ պատրաստել կերակուրներ, չնայած դրա համար ժամանակ հազվադեպ է գտնում: Նա պատրաստում է ֆիրմային կերակուր՝ «Մակարոն՝ Բրանիսլավի ձեւով»: Թեպետ պարոն Ջեկիչը շատ ախորժալի բացատրեց, թե ինչպես է մեծ քանակությամբ պոմիդորի, տարբեր տեսակի կանաչեղենի, ընկույզի, սոխի ու սխտորի միջոցով պատրաստում մակարոնի սոուսը, այդուհանդերձ պնդեց, որ «Մակարոն՝ Բրանիսլավի ձեւով» ճաշատեսակի իրական համը զգալու համար պետք է ուտել այն: Բազմաթիվ հոբիների շարքում պարոն Ջեկիչը նշեց ընթերցանությունը, լավ երաժշտությունը, ֆիլմերը, լեռնագնացությունը, ի դեպ նա բարձրացել է Արարատ լեռը: Տարվա բոլոր եղանակներն էլ, պարոն Ջեկիչի կարծիքով, իրենց հմայքն ունեն, պարզապես չի սիրում ցուրտը: Իբրեւ իր թուլություն՝ առանձնացրեց այն, որ չի հասցնում իրականացնել օրվա ծրագրավորած բոլոր գործերը: Թե՛ տղամարդու, թե՛ կնոջ մեջ գնահատում է անկեղծությունն ու բնական լինելը: Քաղաքական գործչի իր իդեալը Նելսոն Մանդելան է: Սիրած գրողը Սարոյանն է, սիրած նկարիչը՝ Մոդիլյանին, սիրած արտիստը՝ Չարլի Չապլինը: Իմ այն հարցին, թե որտե՞ղ կցանկանար ապրել եւ որտե՞ղ հանգստանալ՝ պատասխանեց. «Ես հիմա գտնվում եմ մի երկրում, ուր կցանկանայի ավելի երկար մնալ: Ես կցանկանայի ընկերներիս հետ որեւէ լեռ բարձրանալ, որտեղ նաեւ ձուկ բռնելու հնարավորություն կլինի»: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ