Դիտողություններ Հայաստանին Մամուլում բազմաթիվ են գնահատականներն այն բանաձեւի, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ պարտավորությունների կատարման վերաբերյալ ընդունվեց ԵԽ ԽՎ նստաշրջանում, բայց սակավ են փաստական նյութերը, թե ի վերջո ինչ բովանդակություն է ունեցել այդ փաստաթուղթը: Նշենք, որ այդ բանաձեւի 26 դրույթներից 8-ը մատնանշում են դրական իրողություններ, ասենք, որ Հայաստանը կատարել է իր պարտավորությունը եւ «ապաքրեականացրել չափահասների միջեւ փոխադարձ համաձայնությամբ հոմոսեքսուալ հարաբերությունները»: Սակայն մենք կանդրադառնանք Եվրախորհրդի դիտողություններին: Իհարկե, առավել մեծ ուշադրություն հատկացվեց այն դիտարկմանը, թե ԵԽ-ն «ցնցված է ԱԺ ընդունած որոշմամբ՝ պահպանել պատժի առավելագույն չափն առանձին հանցատեսակներ գործած մարդկանց համար, ի խախտումն ստանձնած պարտավորության՝ անդամակցումից հետո մեկ տարվա ընթացքում՝ «Քրեական օրենսգրքից» հանել մահապատիժը»: Եվ կոչ է արված առանց որեւէ բացառության եւ վերապահումների վերացնել մահապատիժը: Բայց սա դեռ ամբողջը չէ: Գլխավոր դատախազ Արամ Թամազյանը «Երկիրին» տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ Հայաստանի լրատվամիջոցները «լուրջ հետեւություններ» կանեն ԵԽ ԽՎ նիստում ներկայացված զեկույցում Հայաստանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ «խիստ անբարենպաստ եւ մտահոգիչ դրույթներից»: Մեր հերթին հույս հայտնենք, որ պրն գլխավոր դատախազն ու դատաիրավական համակարգի այլ պաշտոնյաներն էլ կանեն նման հետեւություններ, քանզի իրենց առնչվող դրույթներն էլ պակաս անբարեհունչ չեն: Դրանց հիման վրա՝ ընդունված բանաձեւում Հայաստանի իշխանություններին կոչ է արված մասնավորապես՝ «երաշխավորել դատավորների լիակատար անկախությունը՝ պահպանելով Եվրախորհրդի չափանիշները»: Արձանագրենք ուրեմն, որ այդ չափանիշներից դեռ հեռու ենք: Կամ՝ իշխանություններին պատվիրվում է «լրջորեն հետաքննել իրավապահ մարմինների կողմից խոշտանգումների, բռնարարքների եւ կաշառակերության դեպքերը»: Մի դիտողություն էլ վերաբերում է նրան, որ ԱԱՆ մեկուսարանը չի փոխանցվել արդարադատության նախարարությանը: «Վեհաժողովն առաջարկում է իշխանություններին՝ անհապաղ վերանայել «Վարչական օրենսգիրքը»: Անհրաժեշտ է արագ վերացնել այն դրույթները, որ վերաբերում են վարչական կալանքին, իսկ մինչ այդ՝ ձեռնպահ մնալ դրանք կիրառելուց: Սա թույլ է տալիս իշխանություններին չարաշահել իրենց գործադիր առաջնայնությունը, որ լրջորեն հակասում է ԵԽ սկզբունքներին»,- թույլ տանք ենթադրել, որ վարչական կալանքը վերացնելու այս պահանջն արձագանք է Հայաստանի ընդդիմության բողոքներին, որոնք Եվրախորհրդին ներկայացրել էին փաստեր, թե խաղաղ հանրահավաքներին ու ցույցերին մասնակցելու սահմանադրական իրավունքն իրացնելու համար քանի մարդ է ենթարկվել վարչական կալանքի: Կոչ կա նաեւ այլեւս չհետաձգել «ombudsman»-ի՝ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը: Ի դեպ, Ադրբեջանն այս առումով Հայաստանից ավելի շահեկան վիճակում է. ԵԽ-ն ողջունել է, որ առաջին «ombudsperson»-ն արդեն ընտրվել է 2002-ի հուլիսին: «Վեհաժողովն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած պարտավորությանը՝ տեղեկատվության միջոցների վերաբերյալ օրենքը դեռեւս ներկայացված չէ Ազգային ժողովին»,- սա էլ նախազգուշացում մեր արդարադատության նախարարությանը: Լրատվամիջոցների վերաբերյալ երկրորդ դիտողությունը հրապարակվել է մամուլում՝ խոսքն ապրիլին անցկացված կապուղիների մրցույթին հետեւած «ուժգին բողոքների» մասին է: «Ափսոսանք է հարուցում, որ իշխանությունները շարունակում են դատական հետապնդման ենթարկել եւ դատապարտել այն հավատացյալ երիտասարդներին, որոնք չեն ցանկանում զենք կրել»,- նշված է բանաձեւում: Այս ոլորտից եւս մի դրույթ. «Վեհաժողովը պնդում է, որ իշխանությունները գրանցեն «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը»: Մի դրույթ էլ վերաբերում է ազգային փոքրամասնություններին եւ նշվում է, թե հողի սեփականաշնորհումն ինչ հետեւանքներ ունեցավ եզդի ընտանիքների համար: Դիտողությունների մի մաս էլ տեղական ինքնակառավարման համակարգի մասին է: Ափսոսանք է հայտնվում, որ այդ ոլորտին վերաբերող օրենսդրությունը, հակառակ պարտավորության, չի բարեփոխվել մինչեւ հոկտեմբերին կայանալիք ընտրություններ: Եվրախորհուրդը կոչ է անում կուսակցություններին, որ իրենց համամասնական ցուցակներում ավելի շատ տեղ հատկացնեն կանանց, որ խորհրդարանում ապահովվի սեռերի հավասար ներկայացվածությունը: Եվրախորհուրդը նշում է, թե ի գիտություն են ընդունում Հայաստանի իշխանությունների խոստումը, թե Սահմանադրության փոփոխությունները պիտի ընդունվեն 2003 թ. գարնանը. եւ առաջարկում, որ հնարավորություն գտնեն մեծացնել ԱԺ վերահսկիչ դերը: Եվրախորհուրդը նշում է, թե ի գիտություն են ընդունում Հայաստանի իշխանությունների խոստումը, թե Սահմանադրության փոփոխությունները պիտի ընդունվեն 2003 թ. գարնանը, եւ առաջարկում, որ հնարավորություն գտնեն մեծացնել Ազգային ժողովի վերահսկիչ դերը: Եվ վերջապես՝ ներկայացնենք մի դիտարկում, որ վկայում է Եվրախորհրդի դժգոհության մասին. «Վեհաժողովը հիասթափություն է արտահայտում Կովկասում տարածաշրջանային անբավարար համագործակցության առնչությամբ եւ հիշեցնում, որ ԵԽ-ին այս երեք երկրների անդամակցությունը մեծ հույսեր արթնացրեց տարածաշրջանում ժողովրդավարական կայունության վերաբերյալ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ