Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՐՏՈՒԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 05,2002 00:00

ՎԻՐՏՈՒԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Կարծում ենք՝ անվիճելի է, որ այս տարվա ամենասենսացիոն հայտարարության հեղինակային իրավունքը «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանին է պատկանում: 99-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում սպանդ իրականացրած ոճրագործների պարագլուխն օրերս հայտարարեց առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Ու մինչ շոկի մեջ հայտնված քաղաքական ուժերն ու, թերեւս, նաեւ հասարակությունը՝ այդ հայտարարությունը լկտիություն անվանելով հանդերձ, միաժամանակ այն, թերեւս, ընկալել են իբրեւ չար կատակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեր հարցին ի պատասխան՝ ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանը փաստեց, թե «գործող օրենսդրության շրջանակներում Նաիրի Հունանյանի հնարավոր առաջադրման համար, ցավոք, որեւէ խոչընդոտ չկա» եւ, եթե վերջինս ԿԸՀ-ին ներկայացնի «Ընտրական օրենսգրքի» հոդված 65-ով նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իրավական տեսանկյունից ԿԸՀ-ին ոչինչ չի մնա, քան գրանցել Նաիրի Հունանյան թեկնածուին: Այդ հարցն, ինչպես Ա.Ալեքսանյանը նկատեց, այլեւս կտեղափոխվի բարոյականության եւ խղճի ոլորտ: Բայց, մեր կարծիքով՝ դա վերաբերում է ոչ միայն հենց Հունանյանին, այլեւ՝ իշխանություններին, քաղաքական ուժերին՝ մասնավորապես եւ հասարակությանը՝ ընդհանրապես: Հայոց պետականության դեմ ոտնձգություն կատարած եւ Հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Հունանյանի սույն հայտարարությունից հետո առաջին միտքը, որ իներցիայով ծագեց՝ այն էր, թե ում թելադրանքն է կատարում Հունանյանը: Պատասխանը գոնե մեզ համար միանշանակ է՝ այսօր խաղի կանոններ թելադրողը ոչ այլ ոք, քան ինքը՝ Նաիրի Հունանյանն է, ուստի՝ նրանն են իր առաջադրման նախաձեռնությունն ու ծրագիրը: Բայց մնում է եւս մեկ հարց. դա ընդամենն իր շուրջ աուրա եւ ներքաղաքական դաշտում իրարանցում ստեղծելու, քննարկումներ սանձազերծելու եւ դրա վրա սնապարծորեն ընդամենը ծիծաղելու նպատա՞կ է հետապնդում՝ ապացուցելու, որ ինքը կարող է էապես փոխել ներքաղաքական մթնոլորտը, ներգործել ե ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության գործողությունների եւ կեցվածքի վրա, թե՞ դա ավելի լուրջ մտադրություն է. օգտվել ընձեռված հնարավորությունից եւ թեկնածուին վերապահված իրավունքներից՝ մեղմելու իր նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Այս հարցի ամենահավանական պատասխանը, մեր կարծիքով, Հունանյանի հայտարարության շարժառիթի երկրորդ տարբերակն է եւ ավելի՝ քան լավ մտածված: Հիմա փորձենք քննարկել, թե արդյո՞ք Հունանյանն օրենսդրության շրջանակներում առաջադրվելու հնարավորություն ունի: Իրավական տեսանկյունից՝ այո, եւ դա ավելի օրինական կլինի, քան Ռ.Քոչարյանի թեկնածության առաջադրումը: Մենք պարզապես ուզում ենք հուսալ, որ մեր հասարակության մեջ այնքան հիվանդ մարդիկ չեն լինի, որոնք համաձայնեն Հունանյանի առաջադրման համար ստորագրահավաք կազմակերպել եւ ստորագրել: Հակառակ դեպքում իշխանությունները չեն կարող արգելել Հունանյանին առաջադրվել՝ վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես չբնակվելու պատճառաբանությամբ, որովհետեւ այդպիսի ցենզ չունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, եւ եթե վերջինիս համար այդ պահանջը շրջանցվելու է, ուրեմն պատճառաբանված չի լինի մերժել Հունանյանի առաջադրումը: Մյուս կողմից՝ Քոչարյանն ի՞նչ երաշխիք ունի, որ փառասիրությամբ տառապող Հունանյանն այդ պատճառաբանությամբ իր առաջադրումը չկանխելու դեպքում դատական նիստերը քաղաքական շոուի եւ Քոչարյանի հակաքարոզչության չի վերածի եւ չի փորձի վերջինիս շանտաժի ենթարկել կամ լրացուցիչ երաշխիքներ պահանջել: Դա Հունանյանի բնութագիրն ունեցողին նույնիսկ հաճույք կպատճառի: Մյուս կողմից՝ ամենեւին չպետք է բացառել, որ ոճրագործի նախաձեռնությամբ շահագրգիռ է նաեւ գործող իշխանությունը՝ ի դեմս նախագահի եւ նրան սատարող ուժերի: Հունանյանին անվտանգության երաշխիքներ տված նախագահը կարող է նաեւ ուրախ լինել, որ մահապատժի սպառնալիքի տակ հայտնված Հունանյանն ինքը ձեռնամուխ լինի հասարակությանը համոզելուն, թե՛ մահապատժի վերացման, թե՛ «27»-ի նկատմամբ հասարակության բարոյահոգեբանական, այսօր նախագահի համար խիստ անբարենպաստ, տրամադրվածությունն «առողջացնելու» իմաստով: Իսկ եթե առաջադրումն ու նրա թեկնածության գրանցումը, այնուամենայնիվ, տեղի ունենա, այն էապես կփոխի երկրում ստեղծված մթնոլորը, եթե առավել եւս հաշվի առնենք, որ այդ դեպքում օրենքով սահմանված կարգով Հունանյանը նախընտրական քարոզարշավի հավասար իրավունքներ կստանա՝ դրա բոլոր հետեւանքներով հանդերձ: Ընտրությունները, իհարկե, կվերածվեն զավեշտի, եթե նրա անունը հայտնվի թեկնածուների այն նույն ցանկում, որտեղ առաջադրված են, ասենք՝ Ստեփան Դեմիրճյանը կամ Արամ Սարգսյանը, Արտաշեղ Գեղամյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Թեեւ վերջինիս դեպքում Հունանյանի եւ Քոչարյանի միջեւ տարբերությունը, ըստ էության, այնքան էլ մեծ չէ. մեկին ակնհայտորեն մեղադրում են «27»-ն իրականացնելու, մյուսին՝ կասկածում են այդ ոճրագործությանն առնչություններ ունենալու մեջ եւ, գուցե, այդ երկուսի մեջ հասարակության համակրանքը լինի հենց նրա կողմը, ով գոնե չի էլ փորձում ձեւանալ կամ ապացուցել, թե ինքը «27»-ի հետ աղերսներ չունի: Համենայնդեպս, Քոչարյանի առաջադրման պարագայում Հունանյանն ավելի քան նրան արժանի մրցակից է ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական տեսանկյուններից, քան որեւէ այլ մեկը: Բնականաբար, մենք ամենեւին այն կարծիքին չենք, թե Հունանյանն ընտրվելու նվազագույն իսկ շանսեր ունի, բայց դա այլ խնդիր է: Ավելի էականը, մեր կարծիքով, երկրում ստեղծված անբարո մթնոլորտն է: Առողջ եւ քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակության պայմաններում՝ անհնարին պետք է լիներ նույնիսկ խոսել ոչ միայն Հայրենիքի դավաճանության համար մեղադրյալի աթոռին հայտնվածի, այլեւ՝ պետության դեմ ուղղված այդ ծանր հանցագործությանն առնչություններ ունենալու մեջ կասկածվող մարդու՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու անգամ մտադրության մասին: Մինչդեռ մեր հասարակությունը դա, ինչպես երեւում է, հանդուրժում է, եւ հենց այդ է մեր բոլոր դժբախտությունների հիմնական պատճառը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել