Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ կպաշտպանի ՀՅԴ-ն

Հոկտեմբեր 05,2002 00:00

Ո՞ւմ կպաշտպանի ՀՅԴ-ն Քոչարյանի՞ն, թե՞ Նաիրի Հունանյանին «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթի լրագրող Գառնիկ Գեւորգյանը՝ անդրադառնալով «27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանի՝ ՀՀ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությանը, մասնավորապես նկատել է. «Եվ ահա, պատկերացրեք, Նաիրի Հունանյանն իսկապես առաջադրում է իր թեկնածությունը եւ հավաքում է ձայների որոշակի տոկոս: Դա կնշանակի, որ բնակչության այդքան տոկոսը արդարացնում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Իսկ թե ինչպես դա կօգտակործվի քոչարյանական քարոզչության կողմից, դժվար չէ պատկերացնել: Ի դեպ, հաշվի առնելով մեր հասարակության հիվանդագին վիճակը, բացառված չէ, որ Նաիրի Հունանյանը Քոչարյանի հակառակորդ նախագահական հավակնություններ ունեցող մի շարք քաղաքական գործիչներից ավելի շատ ձայն ստանա: Իսկ Քոչարյանն իր ընդդիմախոսներին փչացնելու եւ «բերանները փակելու»՝ դրանից ավելի լավ ճանապարհ հազիվ թե կարողանա հորինել»: Հեղինակը գտնում է. «Եթե հաշվի առնենք, որ Հունանյանի թեկնածությունն առաջադրելու գաղափարն առաջին անգամ արտահայտվել է «Հոկտեմբերի 27»-ն իրականացնողների եւ Եվրախորհրդի մոնիտորինգի խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ, ապա կարելի է ենթադրել, որ Նաիրի Հունանյանին վստահեցրել են, թե եվրոպական կառույցներն իրեն կաջակցեն այդ հարցում: Իսկ եթե Նաիրի Հունանյանի թեկնածությունն առաջադրելու գաղափարը հղացած լինեն նախագահական նստավայրում, ապա առանց վարանելու կարելի է ասել, որ իշխանությունները կլուծեն ոչ միայն նրա թեկնածության գրանցման, այլեւ համապատասխան գումարի հայթայթման հարցը: Ի դեպ, Դաշնակցությունը դեռեւս չի հայտարարել, թե ում է պաշտպանելու նախագահական ընտրություններում: Ավելին՝ վերջես կարկառուն դաշնակցականներից մեկն ասել էր, թե բացառված չէ, որ ՀՅԴ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Հաշվի առնելով, որ Նաիրի Հունան յանը նախկին դաշնակցական է, իսկ դաշնակցականները, ինչպես հայտնի է, նախկին չեն լինում, պետք չէ բացառել, որ Նաիրի Հունանյանի թեկնածությունն առաջադրելու որոշումն ընդունել է ՀՅԴ Բյուրոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել