Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱՎԱՐԻՑ ՀԵՏՈ ԼՈՒՅՍ ԿԼԻՆԻ»

Հոկտեմբեր 05,2002 00:00

«ԽԱՎԱՐԻՑ ՀԵՏՈ ԼՈՒՅՍ ԿԼԻՆԻ» Վստահեցնում է Վիկտոր Դալլաքյանը – Պրն Դալլաքյան, ամիսներ առաջ, երբ «Ընտրական օրենսգրքի» մասին մեր թերթին հարցազրույց էիք տալիս, համոզված հայտարարեցիք, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կրակոցներն ու կռիվներն անպակաս կլինեն։ Ձեր կանխագուշակությունն օրեցօր հաստատվում է։ Ինչո՞ւ էիք այդքան համոզված, ձեր «բայղուշությունն» ի՞նչ հիմքեր ուներ։ – Այն մթնոլորտը, որն արդեն երկար տա րիներ տիրում է հանրապետությունում, ինձ հիմքեր է տալիս նման եզրակացություններ կատարել։ Առավել եւս, բացառիկ է, երբ երեք ընտրություններ՝ տեղական ինքնակառավարման, նախագահական եւ խորհրդարանական, զուգադիպել են եւ միմյանց պետք է հաջորդեն։ Երկու խնդիր կա՝ ընդհանրապես ընտրությունների օրինականության խնդիրը եւ երկրորդը՝ ժողովրդի ինքնագիտակցությունը։ Իշխանության ներսում գոյություն ունեն մի քանի ճյուղեր, եւ արդեն ակնհայտ է, որ այդ ճյուղերի միջեւ որոշակի խնդիրներ կան։ Երկու օրինակով ապացուցեմ ասածս։ ՀՅԴ խմբակցության ղեկավարը խորհրդարանում հայտարարեց, որ որոշ մարզպետներ միջամտում են ընտրական հանձնաժողովների գործունեությանը։ Սա լուրջ ահազանգ է, եւ ասվում է մի կառույցի ղեկավարի կողմից, որն իշխանամետ է։ «ՕԵ» խմբակցության ղեկավարն իր հերթին հայտարարեց, որ ընտրացուցակների հետ կապված խայտառակ փաստեր կան, եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես կգա հատուկ հայտարարությամբ։ Ես կիսում եմ ե՛ւ Աղվան Վարդանյանի, ե՛ւ Արթուր Բաղդասարյանի անհանգստությունը։ Եթե իշխանական եւ իշխանամետ ուժերն են նման հայտարարություններ անում, ուրեմն ակնհայտ է, որ իշխանության ներսում խնդիրներ կան։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համապատասխան շահերը եւ ուժերը ես կդասակարգեի հետեւյալ կերպ՝ 1) ՀՀ նախագահը եւ նրա մերձավոր շրջապատը, 2) պաշտպանության նախարարը, 3) վարչապետը, 4) այսպես կոչված՝ օլիգարխները, փողատերերը, որոնք փորձում են իրենց կիսաքրեական ճանապարհով ձեռք բերած միջոցներն օրինականացնել նախ՝ տեղական ինքնակառավարման մարմինների տեսքով, հետո՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների տեսքով, 5) նաեւ որոշ կուսակցություններ՝ ՀՅԴ-ն, «ՕԵ»-ն, ՀՀԿ-ն եւ այլն։ Այս բոլորի միջեւ կան հստակ հակասություններ։ Ընդ որում, տեղական ինքնակառավարման ընտրությունները ոմանց կողմից ընկալվում են որպես տեղական ֆեոդալիկներ, իշխանիկներ նշանակելու պրոցես։ Սակայն քաղաքակիրթ երկրներում այս ընտրություններն ամենաչքաղաքականացվածներն են, եւ ժողովուրդն այդ ընտրությունների ժամանակ փորձում է լուծել տեղական նշանակության խնդիրներ։ Այս հարցում Հայաստանը կրկին չակերտավոր օրիգինալ է՝ տեղական ինքնակառավարումը վեր է ածվում փորձնական լաբորատորիայի՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախօրյակին։ Ցավով պիտի արձանագրեմ իմ կանխագուշակումը՝ առաջիկա 10-15 օրվա ընթացքում կրքերն ավելի կշիկանան։ – Կուսակցությունները որեւէ կերպ կարո՞ղ են ինքնուրույն լուծել որոշ խնդիրներ։ Թերեւս՝ չեն կարող, քանի որ ընտրություններից առաջ «ելումուտն» այս կամ այն կուսակցություն շատանում է։ – Ըստ էության, կան անձեր, որոնք մտնում են այս կամ այն կուսակցության մեջ՝ իրենց խնդիրները լուծելու համար։ Ու հենց որ տեսնում են, որ իրենց խնդիրները չեն լուծվում, տվյալ կուսակցությունից դուրս են գալիս։ Այս գործընթացը եւս ցույց է տալիս, որ Հայաստանում կայացած կուսակցություններ չկան, քանի որ կուսակցության գոյության դասական սկզբունքները չկան՝ սոցիալական բազա, գաղափարախոսություն եւ այլն, այն, ինչ միջազգային պրակտիկայում գոյություն ունի։ Մի քիչ մեղմ ասեմ՝ մեզանում կայացման պրոցեսն է։ Անհասկանալի է, որ նույն կուսակցությունից կարող են նույն տեղի համար երեք հոգի առաջադրվել, կամ նույն կուսակցության անդամներն իրար վրա կրակեն, կամ կուսակցությունը պաշտպանում է անկուսակցականի, իսկ անդամը դուրս է գալիս կուսակցությունից։ Այսինքն՝ կազուսներ են տեղի ունենում։ Ընդդիմության ներսում գոյություն ունեցող կուսակցությունը՝ Կոմկուսը, որը ՀՀ նախագահի հրաժարականի հարցն է բարձրացնում, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (որն իշխանության ձեւավորման սկիզբն է) պաշտպանում է իշխանությունների ներկայացուցչին։ Նման բան միայն ՀՀ-ում կարող է տեղի ունենալ։ Ես այս ամենն ասում եմ ցավով։ Ինքս էլ ընտրող եմ, չէ՞, եւ ինձ համար անթույլատրելի եւ դատապարտելի են մարդկանց կաշառելու պարզունակ մեթոդները։ Ասենք՝ կենտրոնի թաղապետի թեկնածուներից մեկը դպրոցի ուսուցիչներին հրավիրում է բանկետի։ Այս փաստն ինձ համար արդեն զզվելի է։ Ես, օրինակ, չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ընդունել են այդ բանկետի հրավերը։ Ուրեմն՝ կարելի՞ է մարդուն հաց ուտեցնելով՝ նրա ձայները ստանալ։ Այս պարագայում հաց ուտեցնողն ավելի բարոյական մարդ է, քան՝ հաց ուտողները։ Մտավորականը կարո՞ղ է ուտելով ձայնը վաճառել։ Էդ նույն մարդիկ երեք տարի առաջ ո՞ւր էին, ինչո՞ւ այդ ժամանակ մարդկանց չէին հրավիրում հաց ուտելու։ Ի դեպ, մեր տուն էլ են եկել, ասել են՝ եթե դուք անապահովների ցուցակում չկաք, մտցնենք, եթե x թեկնածուին ձայն տաք, ընդ որում x թեկնածուն Արարատ Զուրաբյանը չի եղել։ Հետո, երբ իմ տղան ասել է իմ անուն-ազգանունը, թողել- փախել են։ Այս երեւույթն է ինձ համար դատապարտելի։ Շատ ցավալի է, բայց համատարած գաղջ մթնոլորտ է։ – Ուրեմն վերջն ի՞նչ է լինելու, ամեն ինչ այնքան տխուր նկարագրեցիք, որ թվաց՝ անհույս է լույսի սպասումը։ – Վե՞րջը… Այսօր մի քիչ էլ տխուր, աշնանային, տերյանական օր է։ Ասեմ, որ Աստված աշխարհն այնքան հետաքրքիր է ստեղծել ու այնքան ներդաշնակ, բայց, ցավոք, այդ ներդաշնակությունը միայն մի արարած է խաթարում՝ Մարդն է։ Որն Աստծո ստեղծած ամենաանկատար էակն է, որովհետեւ այդ արարածը ստեղծում է զենք, որով ինքն իրեն ոչնչացնում է։ Հետո ուզում է այդ զենքից ազատվել։ Այ, դուք հարցնում եք՝ վերջն ի՞նչ է լինելու։ Խավարից հետո օրը միշտ բացվում է, լույսից հետո խավար է լինում, խավարից հետո՝ լույս։ Լույսի սպասումն անհույս չէ։ Ես համոզված եմ, որ խավարից հետո լույս է լինելու, որովհետեւ դա մարդուց կախված չէ, Աստված է այդպես որոշել։ – Պրն Դալլաքյան, թերեւս սա սիրուն ավարտ կարող էր լինել մեր հարցազրույցին, բայց վերադառնանք մեր մեղսավոր աշխարհ. «Ընտրական օրենսգրքի» հեղինակը դուք եք, ըստ այդ օրենսգրքի՝ կարելի՞ է ընտրողներին կաշառք բաժանել։ – «Ընտրական օրենսգրքում» գրված է, որ արգելվում են կաշառքները, եւ հստակ սահմանված է քրեական պատասխանատվություն ընտրակաշառքների համար։ Բայց Հայաստանում 90 թվականից մինչեւ այսօր ընտրակեղծիքների համար որեւէ անձ պատասխանատվության չի ենթարկվել։ Այսինքն՝ օրենքը չի գործում։ Սա արդեն այլ ոլորտի խնդիր է՝ օրենսդիրն իր պարտականությունը կատարել է՝ պատասխանատվություն սահմանել է։ Ժողովրդի եւ երկրի ղեկավարության համար պիտի ուղղակի շահավետ չլինի անօրինական իշխանություն ձեւավորելը, պետք է ձեռնտու չլինի անօրինական իշխանություն ձեւավորելը։ Մենք այդ մակարդակին դեռ չենք հասել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել