Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՊԵՏ ԵՎ ԵՐԵՔ ՄԵԴԱԼ

Հոկտեմբեր 04,2002 00:00

ԵՐԿՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՊԵՏ ԵՎ ԵՐԵՔ ՄԵԴԱԼ Սոչիում անցկացվեց ուժային եռամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որի ծրագրի մեջ մտնում են ծանրաձողով կքանիստները, պառկած դիրքից ծանրության սեղմումը եւ ձգումը հարթակից։ Ուժեղների այս մրցապայքարում Հայաստանը ներկայացնում էին վանաձորցի երեք դյուցազուններ՝ Էդմոնդ Բեռնեցյանը, Սամսոն Ավագյանը եւ Արթուր Հարությունյանը։ Հաջող մրցելույթներ ունեցան Էդմոնդը եւ Սամսոնը։ 100 կգ քաշայինների պայքարում նա եռամարտում իրեն հնազանդեցրեց ընդհանուր առմամբ 795 կգ ծանրություն եւ կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին՝ նվաճելով մեծ բրոնզե մեդալ։ Նույնպիսի հաջողության հասավ նաեւ 110 կգ քաշային կարգում հանդես եկող Սամսոն Ավագյանը։ Ճիշտ է, նա երեք վարժությունների արդյունքով ավելի պակաս կիլոգրամներ գրանցեց իր հաշվին՝ 730 կգ, սակայն այս ցուցանիշը նրան լիովին բավարարեց նույնպես դառնալու բրոնզե մեդալակիր։ Սակայն սրանով մեր հանրապետության ներկայացուցիչների նվաճած մեդալները չսահմանափակվեցին։ Էդմոնդ Բեռնեցյանը հարթակից ձգումում իրեն ենթարկեց 310 կգ ծանրությունը եւ դարձավ այս ձեւում արծաթե մրցանակակիր։ Սոչիում Էդմոնդ Բեռնեցյանն ու Սամսոն Ավագյանը լրացրին միջազգային կարգի սպորտի վարպետի պատվավոր նորման։ Ցավոք, իր թիմակիցներին աջակցել չկարողացավ Արթուր Հարությունյանը։ Նա մրցաձեւերից մեկում զրո ստացավ ու զրկվեց հետագա պայքարի իրավունքից։ Թիմային պայքարում 32 երկրների մեջ Հայաստանը եզրափակեց ուժեղագույնների տասնյակը։ Սա, անշուշտ, հաջողություն է։ Դրան նպաստեց աշխարհի երիտասարդական առաջնության նախապատրաստական փուլի լավ անցկացումը։ Մասնավորապես, առաջնության մեկնարկից երկու ամիս առաջ Ուկրաինայի վաստակավոր մարզիչներ, մեր հայրենակիցներ Լեռնիկ Մաթոսյանի եւ Մյասնիկ Հայրապետյանի աջակցությամբ մեր թիմի տղաները ուսումնամարզական հավաք են անցկացրել Պոլտավայում, որը դրական ազդեց մրցելույթների վրա։ Իսկ Սոչիում մեր պատվիրակությունը ղեկավարում էին Ուժային եռամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը եւ մարզիչ, սպորտի վարպետ Գուրգեն Պողոսյանը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել