Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Կռունկը»՝ Իտալիայում

Հոկտեմբեր 04,2002 00:00

«Կռունկը»՝ Իտալիայում «Ես սիրում եւ ընդունում եմ արվեստն անգամ ամենահամարձակ դրսեւորումներով, սակայն միանշանակ գտնում եմ, որ ամեն ինչում պետք է ներքին բարձր ճաշակ ու որակ լինի։ Արտիստին էլ անհրաժեշտ է գնահատել, որպեսզի նա երբեւէ չհեռանա հայրենիքից, շենացնելով օտարի բեմերը»: Այսպես է կարծում «Կռունկ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Նելլի Կարապետյանը։ «Կռունկը» վերջերս մասնակցելով Իտալիայում կայացած Ազգային պարի միջազգային փառատոնին, հայրենիք է վերադարձել գլխավոր պարգեւներով։ «Հրավերն իտալացիների կողմից էր,- պատմում է Ն. Կարապետյանը,- մեզ համար մեծ պատիվ էր մեկ անգամ եւս մեր ազգային պարով Հայաստանը ներկայացնել հերթական միջազգային փառատոնում, որտեղ ժամանել էին տարբեր համույթներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսպանիայից, Բրազիլիայից եւ այլ երկրներից։ Բենեվենտոյում ունեցած մեր առաջին իսկ ելույթն անմիջապես բարձր գնահատականի արժանացավ թե՛ մասնագետների, թե՛ հանդիսատեսի կողմից, ինչի արդյունքում էլ «Կռունկին» վստահվեց բոլոր համերգային ծրագրերի եզրափակման պատիվը»։ Ն. Կարապետյանը տեղեկացրեց, որ մինչ Իտալիա մեկնելը անընդհատ փոփոխել են համերգային ծրագիրն ու փորձել ընտրել հետաքրքիր համարներ ազգային պարարվեստի բազմաժանր եւ հարուստ ընտրանիից։ Փառատոնին նրանք ներկայացել են 25 պարերով՝ ազգայինը բեմականացրած, ազգայինի ակունքները պահպանած մոդեռն պարերով։ «Կռունկի» պարացանկում հիմնականում ընդգրկված էին ոչ միայն ղարիբյանական, այլեւ մի քանի նոր բեմադրություններ («Արցախ», «Մտորումներ»)։ Ընթերցողին հիշեցնենք, որ Իտալիայի Ազգային պարի միջազգային փառատոնում լավագույնս ներկայացած «Կռունկը» 1986-ին հիմնադրել է ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանը։ 1989-94թթ. այն ղեկավարել է Թերեզա Գրիգորյանը, իսկ 1995-96 թթ.՝ Վիլեն Գալստյանը։ Ծանր պայմանների պատճառով առժամանակ իր կենսագործունեությունը դադարեցրած «Կռունկը» 1999-ից դարձյալ սկսել է ճախրել։ Ներկայիս ղեկավար Ն. Կարապետյանը, հավատարիմ մնալով հիմնադրի սկզբունքներին, նորովի է ներկայացնում հայկական պարարվեստը դրսում։ Նա նշեց, որ «Կռունկ» համույթի զգեստների հեղինակը Ռուբինա Հովհաննիսյանն է, իսկ պարերը հիմնականում բեմադրվում են Խաչատուր Ավետիսյանի երաժշտության ներքո, համագործակցում են նաեւ Արա Թորոսյանի հետ։ «Կռունկը» շարունակում է համագործակցել շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչների հետ, այն նկարահանվել է վերջիններիս մի շարք տեսահոլովակներում։ Գեղարվեստական ղեկավար Ն. Կարապետյանի եւ ռեժիսոր Արսեն Ասլանյանի ջանքերով Հայաստանի տեսարժան վայրերում նկարահանվել ու թողարկվել են 25 բարձրաճաշակ պարերից կազմված «Կռունկի» «Ճախրանք» տեսաերիզները։ Ըստ Ն. Կարապետյանի, դրանք հիմնականում ղարիբյանական պարարվեստի նմուշներ են։ «Կռունկը» բազմաթիվ հրավերներ ունի Իտալիայից, ԱՄՆ-ից, սակայն, ցավոք, հյուրախաղերը կարող են չկայանալ ֆինանսական խնդիրների պատճառով։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել