Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ՝ ԿԱ ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՈՒՆ

Հոկտեմբեր 04,2002 00:00

ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ՝ ԿԱ ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՈՒՆ – Ծանո՞թ եք Քրեական օրենսգրքի նոր նախագծին, եթե այո, այն ի՞նչ առավելություններ ունի գործող օրենսգրքի նկատմամբ: Դավիթ Մելքոնյան. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող: – Ծանոթ եմ: Կարծում եմ՝ այն ավելի կատարելագործված է, լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին: Օրինաչափ է, որ անցումային շրջանում առաջ են գալիս որոշակի հասարակական հարաբերություններ, որոնք ենթակա են կարգավորման եւ պաշտպանության: Նախագիծը մեծ առաջընթաց է գործող Քրեական օրենսգրքի նկատմամբ այն առումով, որ նախատեսում է անցումային շրջանում առաջացած հասարակական հարաբերությունները կարգավորող որոշակի նոր հանցակազմեր: Խոսքս մասնավորապես տնտեսական հանցագործությունների մասին է, որոնք արտահայտված են 23-րդ գլխում՝ «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ»: Այսօր հրատապ են էկոլոգիական անվտանգության հարցերի կարգավորումն ու դրանց քրեաիրավական պաշտպանության խնդիրները: Նախագծի 28-րդ գլուխը՝ «Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները», ամբողջությամբ նվիրված է այդ խնդրին: Համակարգչային տեխնիկայի, բարդ տեխնոլոգիաների զարգացման պայմաններում այս ոլորտում նույնպես առկա է քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը եւ նախատեսված է նախագծի 25-րդ գլխում՝ «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները»: – Ձեր կարծիքով նախագծում կա՞ն դատական համակարգի աշխատողների համար մանեւրելու հնարավորություններ: – Բոլոր դեպքերում եւ գործող օրենսգիրքը, եւ նախագիծը դատարանի աշխատողներին մանեւրելու հնարավորություն տալիս են: Ես սա չեմ համարում բացասական երեւույթ կամ բացթողում, քանի որ քրեական իրավունքում գործում է պատասխանատվության եւ պատժի անհատականացման սկզբունքը. յուրաքանչյուր հանցագործության համար նախատեսվում են նվազագույն եւ առավելագույն պատժաչափեր: Քրեական իրավունքում գործում են նաեւ այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են պատիժը պայմանականորեն չկիրառելը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը, օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը, ուստի, օրենքը կիրառելիս, ամեն դեպքում այդ հնարավորությունը պետք է տրվի դատավորին: Այլ հարց է, թե դա օրենքի՞ սահմաններում է իրականացվում, թե՞ օրենքից դուրս: Այստեղ կարեւորվում են դատավորի անձնական, բարոյական եւ մասնագիտական արժանիքները: Միանշանակ է, որ յուրաքանչյուր դեպքում դատավորը պետք է գործի օրենքի սահմաններում, մարդկային բարոյականությանը եւ դատավորի կոչմանը համապատասխան: – Հետաքրքրվու՞մ եք «աղմկահարույց» դատավարություններով: – Հետաքրքրվում եմ միայն մասնագիտական կողմով՝ արածի որակման, դատավարության ընթացակարգի եւ այլ հարցերով: Զրուցեց ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել