Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏԸ՝ «ՉԵՐԵԶ» ԵՐԿԱԹՈՒՂԻ

Հոկտեմբեր 04,2002 00:00

ԻՆՏԵՐՆԵՏԸ՝ «ՉԵՐԵԶ» ԵՐԿԱԹՈՒՂԻ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացմամբ եւ հեռանկարներով հետաքրքրված՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ օրվա առաջին կեսն անցկացրեց այդ ոլորտի հետ սերտագույն շփումներում։ Եւ չպատասխանեց Հայաստանում ոլորտի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկի՝ ինտերնետային կապի ներկայիս վիճակի մասին լրագրողների հարցին։ Չպատասխանեց, բայց ինչ-որ բան ասաց. «Երեւի խնդիրներից մեկը դա է, բայց տվյալ դեպքում, եթե ընկերությունը ոչ թե ծառայություններ է մատուցում, այլ իր բիզնեսն է սպասարկում, իրավունք ունի առանց «ԱրմենՏելի» ցանցերի աշխատել։ Այդ պատճառով խոշոր ընկերությունների համար դա պրոբլեմ չի։ Խոսքը ինտերնետ պրովայդերների մասին է։ «ԱրմենՏելի» հետ բավական ակտիվ աշխատում ենք. մենաշնորհի հարցն է։ Հիմա չեմ ուզում այդ հարցի վրա մանրանալ, բայց տեխնոլոգիաներն այնպես արագ են զարգանում, որ կամա թե ակամա տարբեր մասնավորներ լուծումներ գտնում են մրցակցության մեջ մտնելու եւ դիմանալու»։ «Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ համակարգիչը» 2-րդ մասնագիտացված «Ինֆոտեկ» ցուցահանդես այցելելուց հետո, լրագրողների հարցերին պատասխանելիս, նախագահը հրաժարվեց խոսել «ինֆորմացիոն ծեխնալոգիաների հետ կապ չունեցող» բաների մասին՝ «ՀԺ»-ի թղթակցին մեղադրելով «միշտ ուրիշ հարցեր տալու» մեջ։ ՏՏ-ին սերտագույնս առնչվող թեմաներից նախագահը հարմար գտավ ներկայացնել տնտեսական աճի եւ զարգացման ցուցանիշները։ Դե, եթե վերոնշյալ հայտարարությունն անում է այս տարվա ինն ամիսներին մեր արտահանումների եւ երկաթուղով բեռնափոխադրումների՝ անցյալ ամբողջ տարվա համապատասխան ծավալները գերազանցելու մասին խոսելուց հետո, ուրեմն մի բան գիտի. երկաթուղին այլեւս ՏՏ ոլորտում է։ Ցուցահանդեսի՝ մեր կարծիքով մի հետաքրքիր դրվագի դեռ կանդրադառնանք, քանի որ մինչ այդ Ռ. Քոչարյանը եղավ «Leda Systems» ԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղում։ Այստեղ հասկացանք, որ շատ ճիշտ մարտավարություն է նման այցերի ժամանակ լրագրողներին հնարավորինս հեռու պահել ժողովրդի հետ նախագահի շփումներից։ Երեկ էլ LS-ում մեզ ավելի հետաքրքիր էր այն, թե ինչ կհարցնի, ինչի մասին կխոսի ՀՀ նախագահը շարքային ծրագրավորողների կամ այստեղ իրենց ուսումնառությունն անցնող Ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ։ Երեւի արեւմտյան ֆիլմերի վատ ազդեցությունն է, բայց երկրիդ ղեկավարին ուզում ես տեսնել իր դիմացինի հետ նրա մասնագիտական լեզվով խոսելիս, ավելին՝ այդ ոլորտից իր քաջատեղյակությամբ դիմացինին խեղճացնելիս։ Միկրոէլեկտրոնային սարքերի նախագծման դեպարտամենտ մտնելով (դեպարտամենտ ասվածը բնականաբար բարձրակարգ համակարգիչներով հագեցած սրահն էր) նախագահն արձանագրեց՝ «Լավ է»։ Հազարավոր դոլարներ արժողությամբ ծրագրով աշխատող մասնագետին երկրի նախագահը հարցրեց. «Հետաքրքիր ա՞։ Շա՞տ են չարչարում»։ Հետո ուշադիր, բայց լուռ նայում էր բարդագույն սխեմայի պատկերով համակարգչին։ Ավելի «մասնագիտական» զրույցը (կամ ավելի ճիշտ՝ դրա մեր ականջին հասած հատվածը) LS տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Մուրադյանի հետ էր։ Ռ. Քոչարյանը վերջինիս հարցնում էր, թե որ հարկում ինչ բաժանմունք է տեղավորված, դրանք ինչ ֆունկցիաներ ունեն, եւ լսում պատասխանները։ Եթե անգամ այդ բաները չգիտեր նախագահը, ապա ի՞նչ էր ասում եւ ինչքանո՞վ օգնեց՝ շրջայցից հետո LS-ում աշխատանքային խորհրդակցություն անցկացնելով։ Համենայնդեպս անցկացրեց այդ խորհրդակցությունը եւ դրանից հետո էլ «Ինֆոտեկ» այցելելով՝ չպատմեց այդ մասին։ Սահմանափակվեց ինտելեկտուալ սեփականության իրավունքին առնչվող օրենքից LS-ի գոհունակությունը լրագրողներին փոխանցելով։ Մնացածը կարելի էր LS գնալուց կամ խորհրդակցությունից առաջ էլ ասել. «Ճյուղը կարեւոր է, 2000թ. հռչակեցինք գերակայություն։ Ոլորտում աշխատում է մոտավորապես 5000 մարդ» եւ այլն։ Իրեն ՏՏ-ի համաշխարհային շուկայում առաջատար համարող LS-ն չէր ներկայացել «Ինֆոտեկ» ցուցահանդեսին, երեւի հենց իր՝ առաջատար լինելու, հետեւաբար եւ՝ գովազդ ու գործընկերներ փնտրելու կարիք չունենալու պատճառով։ Չէին ներկայացել նաեւ ինտերնետ ամենախոշոր պրովայդերները՝ «Արմինկո», «Նետսիս», «Արմենսել»։ «Տելետեքստի» վահանակը ցուցահանդեսում երկրորդն էր, եւ նախագահ Ռ. Քոչարյանը նաեւ այստեղ կանգնեց ու զրուցեց ընկերության տնօրեն Մինաս Հարությունյանի հետ։ Վերջինս նախագահին իհարկե ներկայացրել էր իրենց նորագույն ծառայությունները։ Իսկ մեզ հետաքրքրեց, թե ինչ վնասներ է կրել «Տելետեքստը»՝ անսպասելիորեն կորցնելով «Ա1+» հեռուստաընկերությամբ հեռարձակվելու հնարավորությունը՝ վերջինի փակվելու պատճառով։ «Երկու ամիս ժամանակ եմ կորցրել։ «Ա1+»-ի փակվելու պատճառով տեղափոխվել ենք Հանրային հեռուստատեսության եթեր եւ այս տարվա հուլիսից այստեղ ենք եթեր հեռարձակվում»։ Մեր «Այդ երկու ամիսը գումարային ի՞նչ արտահայտություն ունի» հարցին պրն Հարությունյանը, որ մինչ այդ պատմում էր իրենց՝ միակը լինելու եւ որպես այդպիսին «Ա1+»-ի հետ համագործակցելու չորս տարվա փորձի մասին, պատասխանեց. «Դա չէ կարեւորը, կարեւորն այն է, որ ես կրկին եթեր եմ դուրս եկել եւ կարողանում եմ ինչ-որ տեխնոլոգիաներ զարգացնել»։ Իհարկե, գումարը կարեւոր չէ, ոչ էլ ինչ-որ «Ա1+» է կարեւոր, կարեւորը՝ նախագահը եկավ, տեսավ, խոսեց ու իր հայտնությամբ խթանեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։ Մենք էլ գրեցինք այդ մասին։ Նախագահը հաստատ այսօր էլ կգտնի խթանելու կարոտ մի ոլորտ կամ բացվելու ենթակա մի օբյեկտ։ Բայց այս ամենն, իհարկե, ընտրական քարոզարշավ չէ. քարոզարշավի այցելություններին թեկնածուն սովորաբար մանրակրկիտ պատրաստվում է։ Ֆիլմերից ենք ասում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել