«ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐԻՑ ԽՈՍԵՆՔ» Եթե ամեն ինչ շարունակվի այսպես՝ նախագահական ընտրություններին մասնակցելու են 1999-ի հոկտեմբերի 27-ին իրագործված պետական հեղաշրջման փորձն իրականացնողները եւ նրանք, ում կասկածում են այդ հանցագործությունը կազմակերպելու մեջ: Եվ յուրաքանչյուր ոք, ով մրցակցության մեջ կմտնի նրանց հետ՝ կօրինականացնի ոճիրը: Նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին ազդարարեց մարդասպան եւ ահաբեկիչ Նաիրի Հունանյանը: Ինչպե՞ս են այս իրողությանը վերաբերվում 16-ի միավորման ներկայացուցիչները: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյան. «Նաիրի Հունանյանի համար իշխանությունները ստեղծել են այնպիսի պայմաններ, այնքան են ներշնչել, որ ինքը հերոս է, որ նա տպավորություն է ստացել, թե կարող է անգամ առաջադրվել նախագահ»: ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյան. «Իմ գնահատականով, սա ահաբեկիչների նկատմամբ այսօրվա իշխանությունների իրականացրած հովանավորչության շարունակությունը եւ արդյունքն է: Դրա հետեւանքով էլ նա այնքան է լկտիացել, որ ցանկանում է առաջադրել իր թեկնածությունը»: ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյան. «Ես չեմ պատկերացնում՝ լկտիության չափուսահմանն ինչքա՞ն է: Տվյալ դեպքում, սա առնվազն ամբողջ երկրին ձեռ առնել է»: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյան. «Ես կասեի, որ սա նույնիսկ անսպասելի չէ: Հաշվի առնելով խայտառակ հետաքննությունը եւ դատավարությունը՝ այս հայտարարությունը լրիվ տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում»: ՀՍԴՀԿ նախագահ Ջորջ Հակոբյան. «Շատ բացասաբար եմ վերաբերվում: Ժողովրդին ձեռ են առնում, եթե այդպիսի հանցագործը պետք է առաջադրվի Հայաստանի նախագահի թեկնածու»: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյան. «Ուղղակի լկտիություն է այս ամենը՝ ուրիշ կերպ չեմ կարող բնութագրել: Ամեն ինչ կանենք, որ չկայանա այդ գրանցումը»: «Սոցիալիստական Հայաստանի» ներկայացուցիչ Վարդան Խաչատրյան. «Պետության մեջ նման բան չէր կարող լինել. նման բան կարող էր լինել միայն բանդայում, որտեղ ատամանը նա է, ով առաջինն է վերցրել զենքը»: Ա. Ի.