ԻՆՉՈՒ ԷԻՆ ԵԿԵԼ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ Երեկ Ժուռնալիստների տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱ նախկին նախարար Էդ. Սիմոնյանցը խոսեց արցախյան հիմնախնդրի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ վերջերս Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան կատարած այցի եւ դրանից բխող հետեւանքների մասին։ Պրն Սիմոնյանցը՝ խոսելով փարիզյան սկզբունքների մասին, որոնք, համանախագահների ներկայացմամբ, պետք է պահպանվեն, ամփոփման մեջ ասաց. «Այնուամենայնիվ, ինչո՞ւ էին եկել համանախագահները, որո՞նք են այցի արդյունքները։ Իրոք, դեռեւս չի հրապարակվել ոչ մի նորություն եւ, հավանաբար, չհրապարակվի էլ։ Ուժի մեջ են հին պայմանավորվածությունները։ Սակայն դրանց ճնշող մեծամասնությունը Հայաստանի համար անընդունելի է։ Հետեւաբար, նորության բացակայությունը, փարիզյան եւ քիուեսթյան պայմանավորվածությունների անսասանությունն արդեն պետք է համարել ամենալուրջ նորություն, որը վկայում է վտանգի ավելացման կամ առնվազն պահպանման մասին։ Մասնավորապես. 1. Վերանայվում են պատերազմի արդյունքները։ 2. Իրականացվում է «հայկական սեպի» վերացման ծրագիրը։ 3. Ձեւավորվում է պատկերացում Իրանի հետ նոր սահմանի, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին։ 4. Հայաստանը եւ Արցախը միասին կամ առանձնաբար վերածվում են անկլավների։ 5. Օրինականացվում է Հայաստանում օտար զինուժի մշտական ներկայությունը։ Կարելի՞ է համարել, թե վերոհիշյալ վտանգների առկայությունը եւ ամրագրումը բավարարում է Հայաստանին, նրա ղեկավարությանը, հասարակությանը։ Ղեկավարությունը, պարզ է, վարում է բանակցությունները եւ գոհ է դրա ընթացքով։ Հասարակության դիրքորոշումն ավելի անորոշ է։ Մի շարք քաղաքական կազմակերպություններ կիսում են ղեկավարության գոհունակությունը, ուրիշներն արտահայտում են մտահոգություն։ Իսկ հասարակ քաղաքացիները կամ այլ մտահոգությունների պատճառով անտարբեր են, կամ համակարգված ձեւով մոլորեցվում են։ Փաստորեն, ժողովրդի թիկունքում ընդունվում են որոշումներ, որոնց վտանգավոր հետեւանքների ծավալը դժվար է պատկերացնել։ Բայց դրա կողքին չկա ոչ մի լուրջ քննարկում, չնչին բացառությունները չհաշված, չկան ոչ այլընտրանքային տարբերակներ։ Այս պայմաններում նման բարդ խնդիրներ լուծելուն անպատրաստ ղեկավարությունը ստանում է գործելու լիակատար ազատություն։ Թեկուզ միայն այս պատճառով վտանգը խիստ մեծ է»։ Մ. Ե.