Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավորը ոչ թե մեր, այլ՝ ամերիկյան չինովնիկներն են

Հոկտեմբեր 04,2002 00:00

Մեղավորը ոչ թե մեր, այլ՝ ամերիկյան չինովնիկներն են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը դարձյալ լրագրողների ուշադրության կենտրոնում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասին իր ինքնատիպ հայտարարություններով: Երեկ նախարարի խոսքերից պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը մեծ հույսեր է փայփայել, որ ամերիկյան վարկի SAC-5-ի առաջին չափաբաժինը, որ կազմելու էր 20 մլն դոլար, կօգնի համալրել 2003-ի պետբյուջեի ծակ գրպանը: Բայց վերջերս Վաշինգթոնում Համաշխարհային բանկի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության անդամները հանկարծ պարզել են, որ ամերիկյան չինովնիկներն իրենցից ավելի «անփույթ» են, որովհետեւ «թյուրիմացաբար» մոռացել են ՀԲ-ին տեղյակ պահել, որ Հայաստանի պետբյուջեն վարկով «սնելու» են, իսկ դրանով ՀՀ կառավարությունը նախատեսել էր ՀՀ քաղաքացի թոշակառուների, նպաստառուների եւ պետծառայողների նկատմամբ կուտակած պարտքը մարել: Ի վերջո, հայրենի կառավարությունը հաջողացրել է ՀԲ-ին համոզել եւ «ապացուցել», որ այդ վարկը հայ ժողովրդին անհրաժեշտ է: Իհարկե, մեր կառավարությունը բանակցություններում, թերեւս, շրջանցել է այն փաստը, որ այդ SAC-5-ը այն էլ՝ առաջիկա նախագահական ընտրությունների շեմին, «վիզ» պետք է ՀՀ կառավարությանը՝ մասնավորապես, եւ իշխանություններին՝ ընդհանրապես: Նախարարի պնդմամբ՝ 20 միլիոնանոց վարկը, այնուամենայնիվ, կստացվի, բայց նախատեսված ժամկետներից ուշ, ինչն էականորեն կազդի 2003-ի պետբյուջեի կատարողականի վրա: Ինչ վերաբերում է SAC-4 վարկի «լողացող» չափաբաժնի ստացմանը, ապա այն խիստ հարցականի տակ է: Բանն այն է, որ ՀԲ ներկայացուցիչները դեռ պետք է այցելեն Հայաստան, ուսումնասիրեն հայկական կողմի պարտավորությունների իրականացման ընթացքը եւ նոր միայն որոշեն՝ Հայաստանն այդ վարկը կստանա՞, թե՞ ոչ: Ինչպես հասկանալի եղավ նախարարի խոսքերից, ՀՀ կառավարության հավաստիացումները, թե Հայաստանն իրականացրել է Համաշխարհային բանկի SAC-4-ով նախատեսված պայմանները, չեն համոզել ՀԲ ղեկավարությանը: Միաժամանակ ամենեւին էլ չի բացառվում, որ ՀԲ եզրակացությունը բացասական լինի եւ SAC-4-ն այդպես էլ չտրամադրվի: Վ.Խաչատրյանը խոստովանեց, որ դեպքերի այդպիսի զարգացման դեպքում ՀՀ կառավարությանը կմնա՝ նոր պարտքեր չկուտակել սեփական քաղաքացիների հանդեպ եւ միայն: Կառավարությունն ի վիճակի չի լինի վճարել նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների պարտքերը: Ասել է թե, ՀՀ քաղաքացի թոշակառուները, նպաստառուներն ու պետծառայողներն իրենց դժգոհության սլաքը, թերեւս, պետք է ուղղեն ոչ թե հայրենի կառավարությանը, այլ մեկ՝ ամերիկյան չինովնիկներին, մեկ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որոնք չեն ուզում օգնել մեր իշխանություններին հայ ժողովրդի կյանքն ավելի երջանիկ դարձնելու: Ահավասիկ այսպիսի խղճուկ վիճակում հայտնվելուց հետո էլ ՀՀ կառավարությունն ու նախագահը հայտարարում են, թե 2002թ. անցած 9 ամիսների ընթացքում իրենք մարել են ՀՀ քաղաքացիների նկատմամբ կուտակած պարտքերը ոչ միայն կենսաթոշակառուներին, նաեւ՝ այլ ոլորտներում: Իսկ ՀՀ տնտեսությունը, ըստ այդ իշխանությունների, շարունակում է զարգանալ ֆանտաստիկ տեմպերով: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել