16-Ի ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ 16-ի միավորման խորհրդի վերջին նիստից հետո հայտարարվեց, որ Շավարշ Քոչարյանը դարձել է 16-ի միջկուսակցական պատգամավորական միավորման աշխատանքները համակարգողը։ Խորհրդարանում ներկայացված ուժերից բազմաթիվ պատգամավորներ են ընդգրկված այս ոչ ֆորմալ միավորման մեջ, դրանք են ե՛ւ խմբակցությունների (ՀԿԿ, «Իրավունք եւ միաբանություն»), ե՛ւ խմբերի («Ժողովրդի ձայն», նաեւ՝ «Հայաստան» խմբի մի քանի անդամ), ե՛ւ անհատ պատգամավորներ։ Շավարշ Քոչարյանը խորհրդարանում կհամակարգի այս բոլոր ուժերի օրենսդրական եւ այլ աշխատանքները. «Բնական է, որ մեկը պիտի կատարեր այս, ես կասեի՝ ավելի շատ տեխնիկական, աշխատանքը։ Վաղուց հասունացել էր համակարգման անհրաժեշտությունը։ Այստեղ ղեկավարության, ղեկավարի մասին խոսք չի կարող լինել։ Ղեկավարել կարելի է խմբակցությունը, խումբը։ Իմ գործը պիտի լինի աշխատանքների համակարգումը»։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ 16-ի միավորումը գնալով ավելի կառուցողական է դառնում. «Բնական է, շատ դժվար է 16 կուսակցություններով առաջ գնալ։ Բայց որ առաջ գնալու միտումը կա՝ ակնհայտ է։ Ինչքանով դա կբերի հաջողության, որին բոլորս ձգտում ենք, արդեն այլ հարց է։ Սակայն քայլ առ քայլ հույսերն ավելանում են եւ երեւում է, որ մենք կհասնենք հռչակած նպատակին։ Միավորումը պետք է ձգտի այդ նպատակին՝ դառնալ նախընտրական դաշինք, որն ունի միասնական ծրագիր եւ միասնական թեկնածու»։ Նախագահ Քոչարյանի հայտնի հայտարարությունից հետո (16-ի միավորմանն օգնելու, նաեւ՝ միասնական թեկնածուի ընտրության հարցում) բավականին ժամանակ է անցել։ Շավարշ Քոչարյանին կեսկատակ հարցրինք՝ արդյո՞ք իր ազգանվանակիցը սկսել է «աջակցության» գործընթացը։ Միավորման պատգամավորական համակարգողն ասաց. «Նա իր դրական քայլերն ընդդիմության նկատմամբ սկսել է ճիշտ այնպես, ինչպես սկսել է վաղուց, չակերտավոր՝ երկրին օգնելու գործերը։ Ինչպես որ իր նախընտրական խոստումներն է չակերտավոր կատարել, այնպես էլ ընդդիմությանն է սկսել օգնել։ Մյուս կողմից էլ՝ մենք բոլորս հասկանում ենք, որ երկիրն այս վիճակում է միայն այն պատճառով, որ կան անձերի հարցեր։ Տվյալ պարագայում՝ այդ անձը Ռոբերտ Քոչարյանն է։ Նա ցանկանում է պահպանել անվերահսկելի իշխանությունը եւ լինել այդ անվերահսկելի իշխանության ղեկավարը։ Իրականությունը հետեւյալն է՝ 5-րդ տարին է, նախագահ է եւ նույնիսկ իր խոստումները՝ համակարգային բարեփոխումների, սահմանադրական փոփոխությունների, տնտեսության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլնի մասով, չի կատարել։ Մի բան է, երբ մարդը հայտարարություն է անում, այլ բան է, երբ կատարում է։ Խնդիրը սա է։ Ապագա ընտրություններում մեր բոլոր քաղաքացիները պետք է շատ զգույշ լինեն՝ հաշվի առնելով այս դառն ավանդույթը, երբ մարդիկ մի բան խոստանում են ու չեն կատարում»։ Սակայն մի՞թե քաղաքական պայքարի փորձ ունեցող Շավարշ Քոչարյանը հավատում է, թե ընտրողների «զգույշ» լինելը քաղաքական կատեգորիա է, մի՞թե հավատում է, որ իշխանության լծակներից օգտվող նախագահն ազատ-արդար ընտրություններ կապահովի։ Չէ՞ որ, դա այնքան էլ հօգուտ իրեն չի լինի։ Ըստ մեր զրուցակցի՝ «Բնական է, նա ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրվի։ Որեւէ մեկը կասկած չունի, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անելու է, որ ընտրվի ինքը»։ Իսկ ընդդիմությունն ի՞նչ է անելու. «Ընդդիմությունն էլ պետք է իր հերթին ամեն ինչ անի, որ նա չընտրվի»։ Վերադառնալով միավորմանը, միասնական ծրագրին եւ թեկնածուին, արձանագրենք, որ միավորումը դեռեւս միասնական ծրագիր չունի. «Մենք հրապարակման համար որեւէ ծրագիր չունենք։ Սակայն շատ կարեւոր աշխատանքը կատարված է։ Պարզվեց, որ հնարավոր է 16 կուսակցությունների ծրագրերը համադրելով՝ ստեղծել միասնական, սկզբունքային հարցերում ընդհանուր ծրագիր։ Համադրումը ցույց տվեց, որ հիմնարար շատ հարցերում կա ընդհանուր մոտեցում։ Սա չի նշանակում, թե դրանք արդեն ծրագրային դրույթներ են։ Սա ընդամենը ներքին փաստաթուղթ է, որը կբարելավվի, կշտկվի, կխորացվի, եւ կունենանք հիմնադրույթները։ Սա առաջին քայլն է։ Երկրորդը միասնական թեկնածուի ծրագիրն է, որը հենվելու է այս հիմնադրույթների վրա»։ Միասնական թեկնածուի հարցը եւս հետաքրքրում է բոլորին՝ ե՛ւ դիմադիրներին, ե՛ւ ընդդիմադիրներին։ Էստ էության, որքան էլ փորձ արվի խորհրդավորության քողով պատել հարցը, ակնհայտ է, որ միասնական թեկնածու դառնալու իրական հնարավորություն ունեն Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանը։ Միավորման ներսում այս երեք անո՞ւնն է շոշափվում, թե՞ կա եւս մի անուն, որը չի տրվում։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ այս պահին այդպիսի հարցեր միավորումը չի էլ քննարկում. «Բնական է՝ որեւէ թելադրանք (խոսքը վերաբերում է թվաբանական քվեարկությանը), չի հասցնի այն նպատակին, որը մեր առջեւ դրված է։ Հետեւաբար, անհրաժեշտ է միասնական աշխատանք, մոտեցումների մերձեցում, փոխադարձ վստահության ձեռքբերում։ Այդ դեպքում միայն մենք կարող ենք հույս ունենալ, որ կլինեն թեկնածուներ, որոնք կզիջեն, այլ երաշխիքներ կստանան, կտեսնեն, որ համագործակցությունը փոխադարձ վստահություն է առաջացնում»։ Իսկ ամբիցիանե՞րը, մի՞թե հավանական թեկնածուներից մեկ-երկուսը կհրաժարվեն իրենց ամբիցիաներից։ Իհարկե, չեն հրաժարվի, բայց Շ. Քոչարյանը լավատես է. «Դրան մենք պետք է հասնենք։ Միավորման ստեղծման փաստաթղթի ստորագրումն արդեն քայլ էր՝ ուղղված հիմնարար նպատակին հասնելու։ Իսկ մյուս կողմից էլ՝ կատարվող աշխատանքը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, այդ ցանկությունը կա»։ Շավարշ Քոչարյանը գտնում է, որ միավորման անդամ կուսակցությունները խիստ դժվարին, բայց կարեւոր խնդիր են լուծում՝ յուրաքանչյուրն ունի իր ծրագիրը, իր գաղափարային հիմնադրույթները, սակայն համաձայն է միասնականության. «Ամեն կուսակցություն ունի իր ծրագիրը, իր սկզբունքները, դիմազրկվել ոչ ոք չի ցանկանա եւ հետո՝ ոչ ոք այդպիսի նպատակ չի էլ դնում։ Կուսակցություններին դիմազրկելը եւ նույն ստանդարտին բերելը նույնն է, երբ ստեղծվում է նոր կուսակցություն 16-ի հիման վրա։ Լուծումներից մեկը հետեւյալն է՝ ունենք ե՛ւ նախագահական ընտրություններ, ե՛ւ խորհրդարանական։ Նախագահականում, քանի որ խոսքը վերաբերում է միասնական թեկնածուին, ծրագիրը պետք է պարունակի այն դրույթները, որոնք ընդունելի են բոլորի համար։ Իսկ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունները կարող են հանդես գալ սեփական ծրագրային դրույթներով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ