ՇԱ՜Տ «ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ» Արդյոք կարելի՞ է «փայլուն հաղթանակ» համարել այն, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ ԽՎ սեպտեմբերյան նստաշրջանում ճանաչվել է օկուպանտ. մեկնաբանում է «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: – Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը «փայլուն հաղթանակ» գնահատեց այն, որ իրենց հաջողվել է ԵԽ-ի առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ բանաձեւից հանել մի շարք անբարենպաստ գնահատականներ: Ձեր կարծիքով՝ հաղթանակը լիակատա՞ր է: – Սուտը դարձել է քաղաքական կատեգորիա: Ստրասբուրգից մեր պատվիրակությունն իրոք վերադարձավ հաղթողական տրամադրությամբ, որն անհասկանալի է դառնում, երբ ուսումնասիրում ես Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւերը: Ուղղակի ակնհայտորեն աչքի է զարնում այս երկու պետությունների նկատմամբ տարբերակված վերաբերմունքը եւ Հայաստանի նկատմամբ շատ կոշտ ու բացասական դիրքորոշումը: Ասենք, մեր բանաձեւի վերջում նշված է, որ եթե Հայաստանը մինչեւ 2003 թվականի հունիսը չվավերացնի 6-րդ արձանագրությունը, այսինքն՝ չվերացնի մահապատիժը, ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակությունը կզրկվի իր հավատարմագրումից: Իսկ Ադրբեջանի վերաբերյալ միայն նշվում է, թե, ճիշտ է, պետք է լինեն ինչ-որ բարեփոխումներ, ու կոչ են անում արագացնել դրանք, բայց ընդհանուր առմամբ՝ գնում են ճիշտ ճանապարհով: Ամենակարեւորը՝ Հայաստանի վերաբերյալ բանաձեւում հատուկ նշվել է «օկուպացված տարածքների» մասին, պարտավորեցվել կարգավորել դրանց խնդիրը: – Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը չհաշվենք, վերջին անգամ ո՞ր փաստաթղթի մեջ էր Հայաստանը փաստացի ճանաչվել օկուպանտ: – Նախ, ես համաձայն չեմ, թե ՄԱԿ-ի 1992 թվականի 4 բանաձեւերում այդպես էր արձանագրված: Իրոք, նշված էր, որ այդ տարածքները պետք է ազատվեն, բայց ՄԱԿ-ի բանաձեւերում նաեւ հստակեցված էր, թե ում կողմից՝ հայկական տեղական զինված ուժերի: Սրանք տարբեր բաներ են. ամենակարեւորն այն է, թե ով է դիտվում իբրեւ հասցեատեր: Իսկ ԵԽ փաստաթղթում փաստորեն անմիջականորեն Հայաստանին է վերագրվում «օկուպացված տարածքների» խնդիրը լուծելու հարցը: Ահա սա է հետեւանքն ու արդյունքն արտաքին ոլորտում վարվող պահանջատիրական այն քաղաքականության, որ որդեգրել են այսօրվա իշխանությունները եւ նրան սատարող քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ Դաշնակցությունը: – Մեզ անընդհատ համոզում էին, թե երբ ադրբեջանցիները միջազգային տարբեր ատյաններում բողոքներ են հնչեցնում «Հայաստանի կողմից բռնազավթված տարածքների» մասին՝ բոլորը ձանձրանում են, հորանջում, զզվում եւ այլն: Այս բանաձեւերը չդարձա՞ն ապացույց, որ նրանց ունկնդիր էին ամենայն ուշադրությամբ: – Դուք արդեն պատասխանեցիք այդ հարցին: Մենք պետք է դատենք միայն փաստերի հիման վրա: Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւում էլ կա հատված «օկուպացված տարածքների» մասին, որտեղ նաեւ հատուկ նշվում է, թե Ղարաբաղի խնդիրը տարածքային վեճ է: Կարող եմ միանշանակ ասել՝ մինչեւ իշխանափոխությունն ընդհանրապես չեն եղել այս կարգի ձեւակերպումներ; – Որքան մեզ հայտնի է, Հայաստանի պատվիրակությունը փորձ անգամ չի արել, որ փոխվի բանաձեւում առկա այդ ձեւակերպումը, ելույթ էլ չեն ունեցել՝ ուղղակի դուրս են եկել դահլիճից: – Դժբախտաբար, Եվրախորհրդում մեր պատվիրակությունը՝ Հայաստանի ներկա իշխանության պես, աշխատում է ոչ թե արտաքին, այլ՝ ներքին լսարանի համար: Նրանք փորձում են ուղղակի ապատեղեկացնել մեր հասարակությանը: Կամ էլ ասում են, թե մեր դեմ ընդունվում են այսպիսի որոշումներ, քանի որ Եվրախորհուրդը կոռումպացված է, անարդար եւ այլն: Ասում են, թե Թուրքիայի դիրքերը Եվրախորհրդում ամուր են: Կներեք, Հայաստանի նախկին իշխանությունների օրոք Թուրքիան ԵԽ անդա՞մ չէր: Բայց Հայաստանը, այդ ժամանակ ԵԽ-ում լինելով դիտորդի կարգավիճակում՝ կարողանում էր կանխել անցանկալի զարգացումները: Սա միջազգային լուրջ ամբիոն է, եւ երբ այնտեղ աշխատում ես արդյունավետ ու կառուցողական, քո երկրի դեմ չեն ընդունվում նման որոշումներ: Բայց այս բանաձեւերի հիմքում այս է՝ Հայաստանը ժողովրդավարությունից մեծ նահանջ է ապրել վերջին տարիներին (պատահական չէ, որ բանաձեւում հիշատակված են նաեւ հեռուստահաճախությունների մրցույթի արդյունքները, կրոնական կազմակերպություն չգրանցելը, ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը), փակվում են բազմակարծություն ապահովող ամբիոնները, ընդունվում են հակաժողովրդավարական օրենքներ: Եվ թող ներկայիս իշխանություններն ու նրանց սատարողները չփորձեն պատասխանատվությունը գցել առանձին ուժերի եւ գերատեսչությունների վրա: Այսօր մենք քաղում ենք իրենց իսկ վարած քաղաքականության պտուղները: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ