Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԱԶԱՆՑՆԵՐԻՆ՝ ՈՉ ՄԻ ՆԵՐՈՒՄ

Հոկտեմբեր 03,2002 00:00

ԿԱՐԳԱԶԱՆՑՆԵՐԻՆ՝ ՈՉ ՄԻ ՆԵՐՈՒՄ Ծանրամարտի սիրահարները հիշում են, որ անցած տարի Թուրքիայում կայացած մարզաձեւի աշխարհի առաջնությունում դոպինգ օգտագործելու համար միջազգային ֆեդերացիան որակազրկեց չորս հայ ծանրորդների, իսկ Հայաստանի ֆեդերացիային արգելեց մեկ տարի մասնակցել իր հովանու ներքո անցկացվող միջազգային մրցումներին։ Դոպինգն, իրոք, չարիք է սպորտում։ Ու այդ է պատճառը, որ ՄՕԿ-ը մասնագիտությամբ բժիշկ Ժակ Ռոգեի՝ այդ կազմակերպությունը գլխավորելուց անմիջապես հետո, անհաշտ ու հետեւողական պայքար է մղում արգելված խթանիչներ օգտագործելու դեմ։ Արդեն քանի տասնամյակ սպորտի զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ սպորտում մաքուր պայքարը նախ եւ առաջ ձեռնտու է Հայաստանի նման փոքր ու թույլ տնտեսություն ունեցող երկրներին, որովհետեւ նոր, բժշկական սարքերին անհասանելի խթանիչների ստեղծումը ֆանտաստիկ գումարներ է պահանջում, ապա դրանք էլ հայտնաբերելու համար հազարավոր դոլարներ արժեցող տեխնոլոգիաներ են պետք։ Ինչեւէ։ Մեկ տարի Հայաստանի ծանրորդները որեւէ մրցման չմասնակցեցին։ Դա, ինչ խոսք, բացասական ազդեցություն ունեցավ հատկապես մրցափորձի առումով։ Սակայն այս ընթացքում երկաթախաղի մեր վարպետները շարունակել են մարզվել, իսկ ծանրամարտի ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը համապատասխան միջոցներ են ձեռնարկել։ Մասնավորապես, դեռ տարեսկզբից բոլոր մարզիչներին ու մարզիկներին, հատկապես՝ հավաքականների թեկնածուներին, պարբերաբար զգուշացվել ու հիշեցվել է, որ արգելվում է նաեւ հավաքներից դուրս, տանը մարզվելիս որեւէ դեղամիջոցի, ընդհուպ մինչեւ ինքնուրույնաբար նույնիսկ անվնաս համարվող ընդհանուր օգտագործման դեղերի ընդունումը, եթե դա թույլ չի տվել բժիշկը։ Հակառակ դեպքում մեղավորները խստագույնս կպատժվեն։ Եվ ահա օգոստոսի վերջերին Հայաստանի ազգային հավաքականի տասը թեկնածուների, որոնք նախապատրաստվում են նոյեմբերի 19-ին Լեհաստանում մեկնարկող աշխարհի առաջնությանը, արյունը ստուգման էր ուղարկվել Քյոլնի (Գերմանիա) լաբորատորիա։ Պատասխաններն արդեն ստացվել են, ու դրանց մասին զրուցեցինք հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի հետ։ – Արյան անալիզները Քյոլն էին ուղարկվել կոդավորված։ Այնպես որ, անգամ ես չգիտեի, թե որ սրվակի մեջ ծանրորդներից ում արյունն է։ Միայն պատասխանները ստանալուց հետո, երբ կոդերը բացվեցին, իմացանք, թե ինչն ինչոց է,- ասաց Օ. Միրզոյանը։ – Որքան տեղյակ եմ, երկու ծանրորդի արյուն մաքուր չի եղել։ Ովքե՞ր են նրանք։ – Էջմիածնի Ջրառատ գյուղից Գեւորգ Ալեքսանյանը (մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան) եւ գյումրեցի Վարազդատ Վասիլյանը (մարզիչ՝ Վահան Բիչախչյան)։ – Եվ ի՞նչ հետեւեց դրան։ – Հրավիրվեց ՀԱՕԿ-ի նախագահության նիստ եւ հարցը դրվեց լուրջ քննարկման։ Ներկա էին նաեւ այդ ծանրորդներն ու նրանց մարզիչները։ Նրանք խոստովանեցին, որ իրոք օգտագործել են արգելված դեղամիջոցներ։ Որոշվեց նրանց որակազրկել մեկ տարի ժամանակով։ – Պատիժն այնքան էլ խիստ չէ։ Բայց ասեք, թե ինչո՞ւ դոպինգ ստուգումն անցկացվեց Քյոլնի լաբորատորիայում։ Չէ՞ որ դա լրացուցիչ ծախս է։ – ՀԱՕԿ-ում որոշել ենք, որ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, միջազգային խոշոր մրցումներ գործուղելուց առաջ նման ստուգումներ կազմակերպվեն տարբեր մարզաձեւերում։ Գումարներն, ըստ էության, այնքան էլ մեծ չեն։ Բայց այդ քայլին գնալն ավելի ճիշտ է ու նպատակահարմար։ Բանն այն է, որ Հայաստանում եղած սարքերը հին են, իրենց դարն ապրած։ Դրանք չեն կարողանում աշխատել ներկայիս չափանիշների հարթությունում։ Բացի այդ, մենք նաեւ համապատասխան բարձրակարգ մասնագետներ չունենք։ Մոռացե՞լ եք Սիդնեյը, Թուրքիան։ Մեր սարքերը գրանցել էին, որ մարզիկները «մաքուր» են։ Մենք էլ հավատացինք։ Արդյունքները հայտնի են։ Լավ է սկզբից ծախսել նախատեսվածից մի փոքր ավելի, քան հետագայում նյութական ու բարոյական հսկայական կորուստներ կրել։ – Միեւնույն է, դոպինգի խնդիրը օրակարգում է մնում ամբողջ աշխարհում։ Հիմա, որ մեր ծանրորդները «մաքուր» են ու ջանադրաբար մարզվում են, ի վիճակի կլինե՞ն գալիք աշխարհի առաջնությունում պայքարել մեդալների, բարձր տեղերի համար։ – Միանշանակ ասել, թե Լեհաստանից ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալներ կբերենք, դժվար է։ Բայց տղաների ցույց տված ներկայիս արդյունքները հույսեր ներշնչում են։ Դեռ բավականին ժամանակ կա աշխարհի առաջնությանը։ Մարզիչներիս առաջնահերթ խնդիրն է՝ նախապատրաստումը կազմակերպել այնպես, որպեսզի ծանրորդներն իրենց մարզավիճակի գագաթնակետին հասնեն այդ օրերին։ Համենայնդեպս, բարձր տեղերի համար պայքարելու ենք։ Տղաները շատ են կարոտել պայքարին։ – Եվ վերջին հարցը։ Իսկ եթե Քյոլնից ստացված արյան պատասխաններից հետո, Աստված մի արասցե, մարզիկը դոպինգ օգտագործի՞։ – Մենք պիտի համոզված լինենք, որ Լեհաստան ենք գործուղում մաքուր մարզիկների։ Դրա համար նախատեսել ենք Քյոլնում երկրորդ ստուգումն անցկացնել հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։ Բացի այդ, առաջնության օրերին պարտադիր ստուգում են անցկացնելու նաեւ կազմակերպիչներն ու ՄՕԿ-ի համապատասխան ծառայությունը (ՎԱԴԱ-ն)։ Մեր վճիռը մեկն է. կարգազանցներին ոչ մի ներում չի լինելու՝ անկախ տիտղոսներից ու կոչումներից։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել