Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ժամացույցի գործարանի» հարցը՝ կրկին տնտեսական դատարանում

Հոկտեմբեր 03,2002 00:00

«Ժամացույցի գործարանի» հարցը՝ կրկին տնտեսական դատարանում Սեպտեմբերի 30-ին ՀՀ տնտեսական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանի վարույթում «Մարկոս հոլդինգի» հայցն էր քննարկվում։ Դիմող կողմը բողոքարկում էր մեկ ամիս առաջ միջնորդ դատարանի կայացրած որոշումը, որով պատասխանող Անահիտ Լալայանին է հանձնվել ժամացույցի գործարանին պատկանող 50 հազար դոլարի գույք եւ գումար։ Բանն այն է, որ ժամանակին «Կրեդիտ Երեւան» բանկի նախագահ Մարտին Հովհաննիսյանը ժամացույցի գործարանը վերանորոգելու համար բանկից 40 տարով 50 հազար դոլար վարկ էր տվել։ Բայց երբ բանկը 32 մլն դոլարի պարտքեր կուտակեց եւ վերջինս ազատվեց բանկի նախագահի լծակներից, որոշեց ետ վերցնել տված վարկը։ Սակայն գործարանի տնօրեն Օթարի Հակոբյանը, որը նույն Մարտին Հովհաննիսյանի հորաքրոջ որդին է, մերժում է առաջարկը։ Հակառակ դեպքում գործարանը անգործության կմատնվեր։ Այդ ընթացքում Մ. Հովհաննիսյանը ժամացույցի գործարանի խորհրդի տնօրեն է նշանակում քրոջ որդուն՝ Գերասիմ Բաբայանին եւ այդ ընթացքում վերոհիշյալ գումարը հանձնվում է Անահիտ Լալայանին։ Վերջինս էլ սեփականության իրավունքը վաճառում է մեկ ուրիշի։ Պատասխանող կողմը՝ Անահիտ Լալայանը նիստին չէր ներկայացել։ Փոխարենը նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր «Կրեդիտ Երեւան» բանկի խաբված ավանդատուներով։ Վերջիններս հույս ունեն, որ դատարանի վճռով կբավարարվի «Մարկոս հոլդինգի» պահանջը եւ հնարավորություն կտրվի սկսել բանկի առողջացման գործընթացը։ Քանզի «Հոլդինգի» նախագահ Լեւոն Մարկոսին խոսք էին տվել հանձնել նաեւ ժամացույցի գործարանը, եթե նա բանկը դուրս բերի ճգնաժամից։ Սակայն մինչ օրս գործարանի կնիքը մնում է տնօրենի լիազորությունից զրկված Գերասիմ Բաբայանի ձեռքում։ (Ի դեպ, Գ. Բաբայանը փորձեց մոտենալ դատարանի նիստերի դահլիճին, բայց հանդիպեց կուտակված ավանդատուների դիմադրությանը, որը հետագայում վերածվեց քաշքշուկի)։ Դատավոր Աշոտ Սարգսյանը հետաձգեց գործի քննությունը։ Պատճառաբանվեց, որ դեռեւս դատարանի որոշմամբ Գերասիմ Բաբայանը չի վերադարձրել գործարանի կնիքը։ Պարզվում է, որ դատարանը վերջնական որոշում չի կայացրել, թե ով է «Ժամացույցի գործարանի» բաժնետերերի խորհրդի նախագահ՝ Օթարի Հակոբյա՞նը, թե՞ Գերասիմ Բաբայանը։ Նույնիսկ իրավաբանական գիտելիքների չտիրապետող անհատի համար ակնհայտ է, որ վերոհիշյալ բաց հարցերը դժվար չէ լուծել։ Սակայն այս հարցերի լուծումը ձգձգվում է արդեն 4 ամիս։ Այս ընթացքում խոչընդոտվում են ոչ միայն «Կրեդիտ Երեւան» բանկի առողջացման ծրագիրը եւ ավանդները վերադարձնելու գործընթացը, այլեւ մեծ վնասներ է կրում ժամացույցի գործարանը։ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել