Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վաղը

Հոկտեմբեր 03,2002 00:00

Հայաստանը վաղը Ունի՞ երկիրը լավ ապագա Հայաստանի ապագան առաջին հերթին մտահոգում է երիտասարդներին. նրանք են երկրի վաղվա տերերը։ Իսկ թե ինչպիսին են պատկերացնում վաղվա Հայաստանը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ՀՄՖ-ի 2-րդ կուրսի ուսանողները, փորձել ենք պարզել փոքրիկ հարցման միջոցով։ Պատասխաններից, որոնք տրվել են դասաժամերին, ընտրել ենք հատկանշականները։ Լիլիթ Սիմոնյան – Մարդիկ գտնում են, որ սա երկիր չէ, կառավարությունը չի մտածում իր ժողովրդի մասին, միայն լցնում է սեփական գրպանը եւ դատարկում բյուջեն։ Հետո էլ մեղադրում ենք մարդկանց, որ լքում են իրենց հողը։ Եվ, այնուամենայնիվ, կուզենայի մեր երկրի ապագային նայել լավատեսորեն եւ հավատալ, որ կբացվեն աշխատատեղեր, կլուծվեն բոլոր հիմնախնդիրները։ Արտյոմ Գրիգորյան – Հայաստանի ապագայի մասին ներկայումս շատ ամպագոռգոռ բառեր են հնչում, փոխվել է անգամ ոմանց մտածելակերպը։ Իսկ իմ կարծիքով, եթե այսպես երկար շարունակվի, մեր երկրի ապագան (հատկապես արտագաղթի պատճառով) խիստ կասկածելի է, թե լավ կլինի։ Գոհար Հովհաննիսյան – Եթե այսօր չեն պատժում հանցագործին կամ ահաբեկչին, ես լավ ապագա չեմ տեսնում։ Ես չեմ մոռանում հոկտեմբերի 27-ի զոհերին, բայց վախենում եմ, որ վաղը Նաիրի Հունանյանին կհամարեն ազգային հերոս։ Եթե ներկան այս է, չեմ կարող հուսալ, որ մեզ լավ ապագա է սպասվում։ Հասմիկ Հարությունյան – Դժվար է այսօր գտնել մեկին, որը հավատա կամ վստահի ժողովրդի բարօրության մասին այդքան շատ խոսող իշխանությանը։ Հիասթափություն, արտագաղթ, սով, կաշառակերություն՝ ահա ոչ լրիվ թվարկումը այն ամենի, ինչը խաթարեց լավ կյանքի նկատմամբ մեր հույսն ու հավատը։ Այսօր կյանքը դարձել է քաոս, որը վարագուրված է կեղծիքով։ Ուստի հայ ժողովուրդը չի կարող ակնկալել, որ մի գեղեցիկ օր ամեն ինչ լավ է լինելու։ Քրիստինե Ահարոնյան – Չեմ կարող գուշակել Հայաստանի ապագան, բայց ուզում եմ ավելի շատ երազել եւ տեսնել, որ մեր երկիրը ղեկավարում են խելացիները, իսկ երկրում գնում է ոչ թե աթոռի, այլ հայրենասիրության կռիվ։ Դրանից հետո ես դառնում եմ լավատես եւ Հայաստանի ապագան տեսնում եմ պայծառ ու աննկարագրելի։ Ջուլիետա Առաքելյան – Ես ուզում եմ, որ ապագայում մեր երկրում խաղաղություն լինի, դադարի մուրացկանությունը, երեխաները հաճախեն դպրոց, ապահովվեն հագուստով, գրենական պիտույքներով, գյուղացիները իրենց կատարած ծանր աշխատանքի դիմաց ստանան վարձատրություն, չլինի աղետի գոտի, իսկ սահմանամերձ գոտում ապրողները չվախենան այլեւս կրակոցներից։ Սեդա Այվազյան – Որքան էլ հրաշալի լինի ներկան, ապագան մարդուն երեւում է ավելի շքեղ ու գեղեցիկ։ Եվ ես, ինձ վրա կրելով ներկայի լույսն ու հավատը, փորձում եմ տեսնել քո ապագան, Հայաստան։ Փորձում եմ պատկերել այն՝ քեզ անկեղծ սիրող որդու ազնիվ ցանկությամբ։ Իմ տեսիլքում դու, բնականաբար, հառնում ես ավելի հզորացած ու շքեղ, հարստացած այն ամենով, ինչը դարեր շարունակ քո հոգին աննկուն է պահել։ Դու հառնում ես ոչ միայն հզորացած ու շքեղ, այլ, որ ամենակարեւորն է, հարազատ մայր դարձած բոլորի համար, քանզի այսօր քեզ ունենալու հպարտությունն ու դժվարությունը մեզանից ամեն մեկը հավասարաչափ է ժառանգել։ Մինչդեռ այսօր այդ դո՞ւ ես խորթացել քո զավակներից, թե՞ մի չար ձեռք խլել է քեզ նրանցից։ Պատրաստեց ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել