Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՆԵ ՇՈՇԱՓՈՒՄ Է

Հոկտեմբեր 03,2002 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՆԵ ՇՈՇԱՓՈՒՄ Է Երեկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հնարավորություն էր ստացել լրագրողների եւ մտավորականության ներկայացուցիչների առջեւ ապացուցելու իր գրասիրությունը։ Նա «ԱՎԱՍԱ» գրատան տաղավարում մասնակցեց Գրքի համահայկական երկրորդ ցուցահանդես-տոնավաճառին ու «Հայաստանը՝ դրոշմանիշերում ու բացիկներում» ստենդի հանդիսավոր բացմանը։ «Հրատարակիչների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Խաչատրյանը եւս հասցրեց համոզվել, որ ներկայիս ղեկավարներից միայն Անդրանիկ Մարգարյանն է «իրոք գրքի մարդ», քանի որ այս էլ երկրորդ անգամ իր ներկայությամբ զարդարում է նման միջոցառումը։ Վ. Խաչատրյանը ներկաներին տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփյուռքի ու Արցախի հրատարակիչները, ներկայացված է շուրջ 1400 անուն գիրք։ Նա նաեւ ասաց, որ ժամանակին Խաչատուր Սուքիասյանին էլ խորհուրդ է տվել «Սիլ պլազայի» տեղում գրատուն հիմնել՝ իսկական բիզնեսմեն համարվելու համար։ Անգամ հաշվարկեց, որ Միացյալ Նահանգները 15 տարի առաջ 237 միլիարդի վնաս է կրել ընթերցանության պակասի պատճառով։ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւս փաստեց, որ հայ ժողովուրդը երես է թեքել գրքից ու խզվել է ընթերցող-գիրք կապը։ Բայց նաեւ հույս հայտնեց, որ 2002թ. բեկումնային է եղել այս առումով, քանի որ գիրքն ու ընթերցանությունը պրոպագանդող մի շարք միջոցառումներ են անցկացվել (Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված գրքի միջազգային ցուցահանդեսը, արքեպիսկոպոս Աշճյանի նախաձեռնությամբ հիմնված Գրքի ակումբը եւ այլն)։ Այժմ էլ ԳՄ նախագահը վստահ է, որ հասարակությունը առաջիկայում հաստատ կվերադառնա գրքին ու գրականությանը, եթե տեսնի, որ ցուցահանդեսին ներկա գտնվելով, վարչապետն էլ է գրասիրություն քարոզում։ Անդրանիկ Մարգարյանին Անդրանիկ Մանուկյան ներկայացնելով, «Հրատարակիչների ազգային ասոցիացիայի» նախագահը ելույթի համար միկրոֆոնը վերջապես զիջեց վարչապետին։ «Ես էդ ձեւ էլ գիտեի,- պատասխանից հետո Անդրանիկ Մարգարյանը խորհուրդ տվեց բոլոր ներկաներին,- եթե չեք կարդում, գոնե շոշափեք գիրքը. շա՜տ մեծ հաճույք է»։ Ա. Մարգարյանը, ի դեպ, գրքերը բաժանեց երկու խմբի՝ քնեցնող եւ հանգստացնող։ Օրինակ, ինքը, ուսանողական տարիներին կոմկուսի պատմություն է կարդացել քնելու համար, հետո, ուրիշ պաշտոնյաների նման, գիրքը կահույքի բաղկացուցիչ մաս չի դարձրել։ «Ռանչպարների կանչն» էլ է կարդացել, այն էլ քանի՜-քանի անգամ։ Առաջին՝ գունավոր կազմով հրատարակությունը մաշեցրել է, երկրորդը՝ սպիտակ կազմովը՝ նույնպես։ Հիմա էլ վերնիսաժում երրորդ հրատարակության գիրքն է փնտրում, որպեսզի նորի՛ց կարդա։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել