Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 03,2002 00:00

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ Երեկ վաղ առավոտից Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բակում նորից միտինգային տրամադրություններ էին: Ուսանողների ու դասախոսների կողքին բավական մեծ թվով ոստիկաններ հասարակական կարգն էին պահպանում, իսկ միտինգավորների կարծիքով նրանք նաեւ պաշտպանում էին վերջիններիս արդարացի պահանջը: Երբ առաջին հարկում հավաքված դասախոսների խմբին հարցրի՝ էլի դասադո՞ւլ է, նրանք ասացին, որ շտապում են դասի, սակայն քիչ անց նույն մարդիկ, նաեւ՝ բուհի գիտական խորհրդի անդամները (ուսանողներ, դասախոսներ եւ այլն) ու մի դահլիճ լիքը ուսանողներ հավաքվել էին գիտխորհրդի նիստի: Իրավիճակի մասին օրակարգային հարցերի քննարկման շուրջ արվող քվեարկության պահին խորհրդի անդամներից մեկը՝ Ռոբերտ Դաշյանը, որն, ի դեպ, մյուս բանակից է, ընդվզեց՝ հաշվելով ու ապացուցելով, որ քվորում չկա ու գիտխորհրդի նիստ չի կարող լինել: Պրոռեկտոր Յուրի Դավթյանը, սակայն, տեղում հանդիպումը որակեց ուսանողության եւ դասախոսական կազմի համատեղ նիստ եւ դուրս հրավիրեց Ռ. Դաշյանին՝ «պոլիցայություն» անելու համար: Մինչ այդ պրոռեկտորը բակում նույն Դաշյանին խորհուրդ էր տալիս միանալ իրենց արդարացի պահանջին, իսկ վերջինս կտրականապես մերժում էր՝ ասելով, որ ինքը Միսակ Դավթյանին՝ նախկին ռեկտորին, հետ բերելու համար չի պայքարի: Թե ինչու էր պարոն Դաշյանը հարցն անձնավորում, հայտնի չէ: Չէ՞ որ բուհը պայքարում է ռեկտորի ընտրություններ անցկացնելու համար եւ ոչ թե՝ անձերի դեմ: Իսկ նոր ընտրություն կարող է անցկացվել բուհի կանոնադրության հաստատումից հետո միայն: Կառավարության կրթության եւ սոցիալական հարցերով վարչության պետ Արամ Կարապետյանը խոստանում է, որ 2 շաբաթվա ընթացքում բուհի կանոնադրության հարցը կհանձնվի կառավարության քննարկմանը՝ 3 շահագրգիռ նախարարությունների (ֆինանսների եւ էկոնոմիկայի, պետեկամուտների ու արդարադատության) վերջնական որոշումից հետո, եւ ՀՀ նախագահի վավերացումից հետո, մեկուկես- երկու ամսվա ընթացքում կկազմակերպվեն ռեկտորի ընտրություններ: Իսկ մինչ այդ, պարոն Կարապետյանը խորհուրդ տվեց կոլեկտիվին՝ այն էներգիան, որ վատնում են փողոցներում, վատնեն կանոնադրության, ծրագրի վրա եւ ընդհանրապես չգերագնահատեն ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի հնարավորությունները: Վերջինիս կապակցությամբ ասենք, որ բուհի ղեկավարությունը շարունակ կրկնում է, որ նոր ռեկտորի նշանակման հարցում խառն է միայն փոխնախարարի մատը: Սակայն չմոռանանք, որ ԿԳ նախարարը նախկին ռեկտորի ազատման եւ նորի նշանակման հրամանները կարող է տալ միայն վարչապետի համաձայնությամբ: Ի դեպ, հրամանների մասին սպառիչ պարզաբանումներ տվեց Արամ Կարապետյանը: Մանկավարժական համալսարանը դեռեւս պետական հիմնարկ է, որի ղեկավարին նշանակում կամ ազատում է պետական լիազոր մարմինը՝ ԿԳ նախարարությունը: Հետեւաբար՝ ԿԳ նախարարի երկրորդ՝ նշանակման հրամանում կազուս լինել չի կարող, իսկ առաջինի՝ ազատման հրամանի իրավական հիմքը կարելի է պարզել դատարանում միայն: Այս ամբողջ թոհուբոհի մեջ ակնհայտորեն տուժում է միայն ուսումնական պրոցեսը: Իսկ ուսանողներն ավելի քան ակտիվ են, նրանց համար միտինգի պես բան լինի, դաս չանեն, ավելին՝ նրանք հանդգնում են բուհի ղեկավարներին հավասար քննարկել նախարարի հրամանը, չգիտես ում սպառնում՝ դիմել վարչապետին, որպեսզի վերջինս ռեկտորի պաշտոնակատար նշանակի բուհի ներսից ինչ-որ մեկին, եւ ընդհանրապես, ռեկտորի պաշտոնում բոլորն էլ ուզում են տեսնել միայն ներսի մարդու: Վերջին օրերի կազմակերպած ակցիան կոլեկտիվը համարում է բուհի պատմության մեջ առաջին պայքարը՝ հանուն հեղինակության:8230 Օրվա վերջում պատկերը միանգամից փոխվեց: Նորանշանակ ռեկտորը՝ Ա. Ղուկասյանը, մեզ հավաստիացրեց, որ դեկանները խոստացել են այսօրվանից նորմալ դասապրոցես ապահովել: Երեւի մինչեւ ռեկտորի ընտրությունները: Իսկ պրն Ղուկասյանը դեռ չգիտի՝ ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի՞, թե՞ ոչ. «Եթե ընտրություն լինի, կմտածեմ»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել