Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հաշմանդամներին՝ քաղաքացիական հասարակություն

Հոկտեմբեր 03,2002 00:00

Հաշմանդամներին՝ քաղաքացիական հասարակություն Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) մասնակցային գործընթացն ապահովող խումբը երեկ հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ քննարկում էր հաշմանդամների հիմնախնդիրների հնարավոր լուծումները ԱՀՌԾ-ի շրջանակներում։ Սոցիալական գերակայությունների մշակման փորձագիտական խմբի կատարած վերլուծություններով, մեր հանրապետությունում աղքատությունն, այսպես կոչված, ընտանեկան բնույթ է կրում։ Ընդ որում, հետազոտված տնային տնտեսությունների 26,8%-ը կին գլխավորով տնտեսություններն են, որտեղ աղքատության մակարդակը զգալիորեն բարձր է։ Ի դեպ, ըստ այդ վերլուծությունների, վերջին տարիներին աճել է երեխաներին պետական հոգածության հանձնելու միտումը։ Հանրապետության հինգ մանկատներում վերջին տարիներին տեղավորվող 2 ծնող ունեցող երեխաների թվի աճը պայմանավորված է ընտանիքի սոցիալապես անապահով լինելու հանգամանքով։ Սոցիալական ռիսկի խմբերից, սոցգերակայությունների մշակման փորձագիտական խումբն առավել խոցելիությամբ եւ անպաշտպանվածությամբ առանձնացրել է հաշմանդամներին եւ միայնակ տարեցներին։ 2001թ. դրությամբ հաշմանդամների թիվը հանրապետությունում կազմում է շուրջ 108 հազար մարդ, որոնց 45%-ը կանայք են։ Ընդ որում, մանկուց հաշմանդամները 16800-ն են, ընդհանուր հիվանդություններից հաշմանդամ դարձածները՝ 56 հազար, աշխատանքային խեղման եւ մասնագիտական հիվանդություններից՝ 3800-ը։ Հայրենական պատերազմի հաշմանդամ է 9000 մարդ։ Սակայն, անկախ հաշմանդամության տեսակից, մարդիկ ընդգրկվում են հաշմանդամության որեւէ խմբում եւ նրանց նկատմամբ վարվում է միասնական քաղաքականություն։ 2003-ի ընթացքում նախատեսվում է համարյա հեղափոխություն կատարել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, ինչի արդյունքում կտրուկ կբարելավվի նրանց սոցիալական վիճակը։ Այժմ հաշմանդամների սոցիալական ապահովությունը հիմնականում իրականացվում է կենսաթոշակների եւ նպաստների տեսքով, որոնց չափերը հեռու են հաշմանդամների նվազագույն պահանջմունքները բավարարելու հնարավորությունից անգամ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաեւ, որ հաշմանդամների 15- 20%-ը տարբեր պատճառներով դուրս է մնացել ընտանեկան նպաստի համակարգից։ ԱՀՌԾ-ի միջնաժամկետ ծրագրով փորձագետներն անհրաժեշտ են համարում վերանայել կենսաթոշակների չափերը՝ դրանք աստիճանաբար հասցնելով նվազագույն պարենային զամբյուղի, ապա՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Նախատեսվում է նաեւ վերանայել անձին հաշմանդամ ճանաչելու չափորոշիչները, մշակել հաշմանդամների զբաղվածության ապահովման ծրագրեր, այդ հարցերում ներգրավելով ՀԿ-ներին։ Նախատեսվում է նաեւ հաշմանդամների բանկի ստեղծում եւ պարբերաբար թարմացում, միջավայրի մատչելիության ապահովում եւ այլն։ Մի խոսքով, ԱՀՌԾ-ի շրջանակներում մեր պետությունը մտադիր է քաղաքացիական հասարակություն կառուցել։ Բայց վերոնշյալ ծրագրավորած հարցերով շահագրգիռ ՀԿ-ները, պարզվեց, որ վաղուց արդեն զբաղվում են եւ որոշակի արդյունքներ էլ ունեն։ Մասնավորապես, «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միությունը դեռեւս 1996-ից աշխատում է ինֆորմացիոն բանկի ստեղծման ուղղությամբ եւ, ըստ տարածաշրջանների, այսօր արդեն որոշակի տվյալներ կան։ Դա անհրաժեշտ է հետագա ծրագրերի ճիշտ մշակման համար։ Իսկ ոլորտի բարեփոխումներ ենթադրող օրենսդրական տարբեր նախաձեռնություններ արդեն իսկ ընդունվել են առաջին ընթերցմամբ, որոշներն էլ փորձագիտական քննարկումների փուլում են։ Այնպես որ, կառավարությանն ընդամենը մնում է գնալ համագործակցության՝ զերծ մնալ հապճեպ եւ գումարներ կլանելու նպատակով ստեղծված գրպանային ՀԿ-ների ստեղծումից՝ համախմբելով եւ զարգացնելով տարիների աշխատանքը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել