ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ԶԵՆՔԸ Անժխտելի է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացումը մեծամասամբ պայմանավորված էր նաեւ անկախացած երեք երկրների տնտեսական համակարգերից՝ այդ երկրի դուրսմղմամբ։ Նույնիսկ ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանում Ռուսաստանն ընդհանուր առմամբ կորցրել էր տնտեսական ազդեցության լծակները եւ անգամ բարձր մակարդակի հանդիպումներում հաճախ էր արծարծվում այն միտքը, որ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի առկա մակարդակը չի համապատասխանում դաշնակցային պահանջներին։ Եվ ահա, Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական վերնախավը որոշել է Հարավային Կովկասում իր նախկին դիրքերի վերականգնման ռազմավարությունում վճռորոշ դեր հատկացնել տնտեսական գործոնին։ Իսկ տնտեսական զենքի կիրառման ասպարեզում (առանձնապես Վրաստանի եւ Հայաստանի համար) միջուկային ռումբի դեր կարող է խաղալ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Հայաստանը «կապիտուլյացիայի» ենթարկվեց կուտակած 98 մլն դոլար պարտքի պատճառով (միջուկային վառելիքի եւ գազամատակարարման դիմաց)։ Հայաստանի կառավարության համար ռուսական պարտքի սպասարկումը 1,5 անգամ ավելի թանկ էր նստում, քան Արեւմուտքից ստացած 800 մլն դոլար արտոնյալ վարկերի սպասարկումը։ Ռուսաստանը տնտեսական հարձակման բնագավառում «զանգվածային ոչնչացման» նոր զենքը՝ «գույք՝ պարտքի դիմաց» անվանումով, առաջինը փորձարկեց իր հավերժական դաշնակցի՝ Հայաստանի վրա։ Արդյունքները միանգամայն «գոհացուցիչ են». Ռուսաստանը տիրացավ Հայաստանի գազամատակարարման համակարգի վերահսկիչ փաթեթին, գործնականում նաեւ ատոմակայանին, ինչպես նաեւ մեր երկրի էներգետիկ երկրորդ հսկային՝ Հրազդանի ՋԷԿ-ին։ Միջուկային վառելիքի նոր խմբաքանակ տալու համար Ռուսաստանը որպես գրավ ստացել է Սեւան-Հրազդան կասկադը։ Լիարժեք վերահսկողություն հաստատելով Հայաստանի էներգահամակարգի վրա, Ռուսաստանը լուրջ լծակ է ձեռք բերում մեր ողջ տարածաշրջանում տնտեսական «մասնակցությունը» հաջողությամբ զարգացնելու ուղղությամբ։ Սակայն Ռուսաստանի տնտեսական ծրագրերը Հայաստանում միայն էներգետիկ ոլորտով չեն սահմանափակվում։ Ռուսաստանին են պատկանում Մաթեմատիկական մեքենաների ու Ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները եւ Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը։ Ըստ երեւույթին, մոտ ապագայում Ռուսաստանին կանցնեն եւս մի քանի ձեռնարկություններ։ Մեր ռազմավարական դաշնակցի տնտեսական նոր ռազմավարությունը միայն Հայաստանի շրջանակներում չի սահմանափակվում։ Ըստ որոշ աղբյուրների, վերջնագիր է ներկայացվել նաեւ Վրաստանին, որը Ռուսաստանի մատակարարած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց կուտակած 90 մլն դոլարի պարտքը եթե այս տարվա նոյեմբերին չմարի, ապա ստիպված կլինի Հայաստանի օրինակով Ռուսաստանի էներգետիկ հսկաներին վաճառելու երկրի ողջ գազամատակարարման համակարգը։ Սա արդեն լուրջ անհանգստություն է պատճառել Արեւմուտքին, մանավանդ Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակը հաստատել է այն տեղեկատվությունը, որ Ջորջ Բուշը Էդուարդ Շեւարդնաձեից պահանջել է ամեն գնով մարել ռուսական պարտքը եւ ոչ մի դեպքում ռուսական «Իտեռա» ընկերությանը չվաճառել Վրաստանի գազամատակարարման համակարգը, քանի որ դրանով վտանգվելու են նավթամուղերի եւ գազամուղերի անցկացման կասպյան միջազգային ծրագրերը։ Ի դեպ, «Բիզնես ուիք» հանդեսը Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում մենաշնորհային դիրքեր ունեցող «Իտեռա» ընկերության կապակցությամբ նշում է, որ այն Ռուսաստանի ստվերային էներգետիկ հսկան է, այդ երկրի արտաքին քաղաքականության տնտեսական գաղտնի զենքը, որը գազի ծորակները փակելով, արտաքին քաղաքական լուրջ հարցեր է կարողանում «կարգավորել»։ ԱՄՆ-ն Վրաստանին կօգնի՞ 90 մլն դոլար պարտքի մարման հարցում։ Եթե ոչ, ապա հավանաբար այս երկրի նկատմամբ էլ կկիրառվի «գույք՝ պարտքի դիմաց» զենքը։ Երրորդ տարբերակն այն է, որ «Իտեռան» ձմռան շեմին պարզապես կփակի Վրաստան հոսող գազի ծորակները, իսկ դա նշանակում է, որ ձմռանը էներգետիկ ճգնաժամի մեջ կհայտնվի նաեւ Հայաստանը։ Մոտակա ամիսներին արդյոք ինչ շրջադարձեր կունենան այս իրադարձությունները՝ ցույց կտա ժամանակը։ ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ Կարծում ենք, հեղինակի որակումները փոքր-ինչ խիստ են։