Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՁԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոկտեմբեր 03,2002 00:00

ԲԱՆԱՁԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Սեպտեմբերի 17-ից 24-ը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում գումարվեց գրողների Միջազգային Պ.Է.Ն (պոետ, էսսեիստ, նովելիստ) ասոցիացիայի հերթական՝ 68-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի Պ.Է.Ն Կենտրոնի պատվիրակությունը: Ի թիվս բազմաթիվ քննվող հարցերի, մոտ 140 երկրների պաշտոնական պատվիրակներ ընդունեցին 16 բանաձեւ խոսքի, մամուլի, տեղեկատվություն ստանալու եւ տարածելու ազատության, գրողների եւ լրագրողների հետապնդման եւ հալածման վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք Հայկական P.E.N. Կենտրոնի կողմից առաջարկված բանաձեւը, որն ընդունվեց միաձայն: «Միջազգային P.E.N. պատվիրակների ասամբլեան 2002թ. սեպտեմբերի 17-ից 24-ը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում գումարած իր 68-րդ գագաթաժողովում՝ դիմելով Հայաստանի կառավարությանը. նշելով, որ Հայաստանի կառավարության եւ նախագահի խոստումները ժողովրդավարական բարեփոխումների՝ խոսքի, մամուլի եւ տեղեկատվության հասանելիության ազատության վերաբերյալ չեն համապատասխանում իրական գործողություններին, մտահոգված այն փաստով, որ Հայաստանում խոսքի ազատությունը բացահայտորեն վտանգված է ճնշումով, որ գործադրվում է հայ լրագրողների եւ ԶԼՄ-ների նկատմամբ, ցնցված Հայաստանի իշխանությունների որոշմամբ՝ եթերազրկել 8220«Ա1+»8221 եւ «Նոյյան Տապան» այլընտրանքային հեռուստատեսային ալիքները, որոնք ընդդիմության արտահայտման միակ միջոցն էին, ցավ հայտնելով, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես խոսքի ազատության ճնշման միջոց օգտագործում է իրավական լծակները, կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին, որոնց հետ Հայաստանի իշխանությունները ձգտում են համագործակցության. խնդրել կատարել բոլոր պարտավորությունները, որ նրանք վերցրել են խոսքի, մամուլի եւ տեղեկատվության հասանելիության ազատության բնագավառում, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական եւ ժողովրդավարական հասարակության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել