«Բոլորը խոսում են առանց ուղեղն աշխատեցնելու» Ասում է Ռուբեն Կանդայանը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով կսկսվի ընտրական մարաթոնը Հայաստանում։ Երեւանի Կենտրոն համայնքի համայնքապետի ընտրությունը թերեւս շատ բան է կանխորոշելու։ Մինչ վերջերս որպես թաղապետի թեկնածու առաջադրվելու մտադրություն ուներ նաեւ ՀԺԿ կազմբաժնի վարիչ, Կենտրոնի տարածքային կազմակերպության քարտուղար Ռուբեն Կանդայանը։ Երեկ պարզվեց, որ պրն Կանդայանը չի առաջադրվելու որպես թեկնածու։ Իր որոշումը Ռուբեն Կանդայանը բացատրեց այսպես. «1980-85թթ. (մինչեւ Աֆղանստան գործուղվելս) եղել եմ Սպանդարյանի շրջխորհրդի նախագահը, եւ Կենտրոնն ինձ համար բացարձակ հարազատ տեղ է, որտեղ ես ապրել եւ աշխատել եմ երկար տարիներ։ Այդուհանդերձ որոշեցի չառաջադրվել իբրեւ թեկնածու, թեպետ ընդդիմադիր 16 կուսակցություններից շատերը նույնիսկ որոշում էին ընդունել՝ առաջադրման դեպքում պաշտպանել իմ թեկնածությունը։ Բավականին լուրջ ուժեր պատրաստ էին ինձ պաշտպանել, բայց մենք որոշեցինք, որ կուսակցության հիմնական խնդիրը պետք է լինի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին պատրաստվելը»։ Ռուբեն Կանդայանը Արարատ Զուրաբյանի արժանիքն է համարում, որ նա «չծախեց իր կուսակցությանը եւ իր կուսակցական ընկերներին։ Սա միայն հարգանքի է արժանի, անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերվում ՀՀՇ-ին։ Եկեք հիշենք, երբ Վանո Սիրադեղյանը երեք տարի առաջ դատարան էր գնում, Արարատ Զուրաբյանն էր նրա կողքին։ Սա հարգանքի արժանի է։ Ոչ հեռու անցյալում շատուշատ մարդիկ, ովքեր այսօր իբրեւ թե ՀՀՇ-ի հակառակորդներն են, հերթ էին կանգնում, որ ՀՀՇ-ի այս կամ այն գործիչին բարեւեն կամ որ իրենց նկատեն ու մի գործ տան։ Եկեք չմոռանանք այդ ամենը։ Ես եղել եմ Կոմկուսի գործիչներից մեկը (1988-ին Ռ. Կանդայանը Կենտկոմի կազմբաժնի վարիչի տեղակալն էր- խմբ.), տեսել եմ այդ դավաճանությունը, այդ ամենն իմ աչքի առջեւով է անցել։ Ծախվողներին գնողները պետք է իմանան, որ դրանք ժամանակավոր են։ Հենց որ նավը մի փոքր ճեղքվածք տա, ծախվողները կլքեն նավը։ Դրա համար դավաճաններին պետք է ոչ մի տեղ չտրվի»։ Պրն Կանդայանն ասաց, որ հարգանքով է վերաբերվում նաեւ Կենտրոնի թաղապետի մյուս թեկնածուին՝ Գագիկ Բեգլարյանին. «Հարգում եմ նրա անկուսակցական լինելն այս բացարձակ քաղաքականացված ժամանակներում»։ Ըստ Ռուբեն Կանդայանի, իշխանություններն այսօր պաշտպանում են Գ. Բեգլարյանին բացառապես այն պատճառով, որ նա զորեղ մրցակից է Արարատ Զուրաբյանի նկատմամբ։ Հանրապետությունում դաշտը քաղաքականացված է, եւ ըստ Ռ. Կանդայանի. «Ոչ ոք չի ասում, թե այս կամ այն պաշտոնատար անձը ինչ կրթություն կամ ունակություն ունի, ինչ ուղի է անցել։ Հիմնականը հետեւյալն է՝ ումոնցի՞ց է։ Հիշում եմ՝ 89-90 թվերին մի թեւավոր արտահայտություն կար՝ «ուզում է պոլի փետ լինի», միայն ՀՀՇ լինի։ Դժբախտաբար, այս վիճակը հիմա ավելի է խորացել։ Իշխանություններն այսպես վարվելով մեծ շռայլություն են թույլ տալիս, ո՞նց կարելի է արտագաղթի այս պայմաններում եղած կադրային ռեսուրսը չօգտագործել։ Այն կադրային ռեսուրսը, որ ընդդիմություն ունի, այսօր շատ է հարկավոր երկրին, բայց իշխանություններն ուրիշ բանով են առաջնորդվում՝ մարդկանց բաժանելով յուրայինի եւ ընդդիմության։ Ուզում եմ հիշեցնել, թե ինչպես Կարեն Դեմիրճյանը «Միասնության» բացարձակ հաղթանակից հետո աշխատելու հնարավորություն տվեց բոլոր քաղաքական ուժերին։ Նա գտնում էր, որ բոլոր կուսակցությունները պետք է միասին երկիրն այս վիճակից հանեն»։ Տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ մի տխուր պատկեր է նկատելի՝ «Կարեւոր են դարձել ոչ թե թեկնածուի կարողություններն ու արժանիքները, այլ այն, թե քանի մարդ ունի հանձնաժողովներում։ Այս երեւույթը կշարունակվի նաեւ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում։ Սա խայտառակություն է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ