ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ Հոկտեմբերի 20-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հավակնում են այս տարվա ներքաղաքական կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկը համարվել, եւ դա այդպես է, եթե առավելեւս այդ ընտրությունները դիտարկենք մի քանի տեսանկյուններից, որոնք այժմ չենք մանրամասնի: Հանրապետությունով մեկ ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մենք դեռ կանդրադառնանք եւ կվերլուծենք իշխանությունների ու քաղաքական ուժերի շահագրգռություններն այդ համատեքստում: Այսօր փորձենք ներկայացնել միայն Երեւանի համայնքներում տեղի ունենալիք ընտրությունների ընդհանուր պատկերը: Հոկտեմբերի 20-ին ընտրություններ են ընթանալու 18 համայնքներից 12-ում՝ ներառյալ համայնքի ղեկավարի եւ ավագանիների ընտրությունները: Այդ թվում՝ թաղապետի ընտրություններ ընթանալու են Ավանում, որտեղ գրանցված է երկու թեկնածու՝ գործող թաղապետ Հարություն Մարգարյանն ու Գառնիկ Սուքիասյանը, Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրում, որտեղ գրանցվել են յոթ թեկնածուներ, Էրեբունիում, որի գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը միակ թեկնածուն է, Նուբարաշենում, ուր թաղապետի պաշտոնին հավակնում են անկուսակցականներ. գործող համայնքապետ Ռուբեն Ասատրյանը, Հարություն Օհանջանյանն ու Խաչիկ Գասպարյանը, եւ Կենտրոն համայնքում, ուր թաղապետի պաշտոնին հավակնում է դարձյալ յոթ թեկնածու: Այդ ցանկում մենք միտումնավոր չմասնավորեցրինք Արաբկիրում եւ Կենտրոնում առաջադրված թեկնածուների անունները: Նրանց հարկ է առանձին հիշատակել եւ ավելի մանրամասնորեն անդրադառնալ այդ համայնքներում սպասվող ընտրություններին, որովհետեւ, դիտորդների կարծիքով, հենց այս երկու համայնքներում է, որ թեժ եւ անզիջում ընտրություններ են ընթանալու: Ընդ որում, եթե «անզիջում» պայքարը հատկանշական է ե՛ւ Արաբկիր, ե՛ւ Կենտրոն համայնքների ընտրություններին, ապա դրանք անկանխատեսելի կարելի է համարել միայն Արաբկիրում: Այսպես. Կենտրոնում թաղապետի արդեն գրանցված յոթ թեկնածուների թվում, ըստ էության, մրցակցությունն ընթանալու է հիմնականում երկուսի միջեւ՝ արդեն երկու ժամկետ գործող թաղապետ Արարատ Զուրաբյանի, որի կուսակցական պատկանելությունը՝ ՀՀՇ, հայտնի է բոլորին, եւ Գագիկ Բեգլարյանի միջեւ, որը թեեւ հայտնի է որպես անկուսակցական, բայց, ըստ հավաստի տեղեկությունների՝ վայելում է իշխանությունների հովանավորությունն ու աջակցությունը: Հենց այդպիսի հեղինակություն ունենալն էլ, ի դեպ, շատերի կարծիքով, բումերանգի պես հարվածելու եւ փոքրացնելու է վերջինիս ընտրվելու հնարավորությունը՝ այն պատճառով, որ այս իշխանությունների հովանավորությունը վայելելն այսօր գրեթե հայհոյանք է ընկալվում: Մյուս կողմից՝ դիտորդները կարծիք են հայտնում, որ իշխանությունների միջամտությունը Կենտրոնում նվազագույն է լինելու՝ հիմնականում այն պատճառաբանությամբ, որ Կենտրոնում մեծամասամբ ապրում է միջին խավին դասվող ընտրազանգված, որին ընտրակաշառքով չես խաբի, ճոխ-ճոխ խոստումներ չես տա, որովհետեւ այդ հատվածը քաջ գիտակցում է պետության կարողության սահմանները: Ինչ վերաբերում է Ա.Զուրաբյանին, ապա նույն տրամաբանությամբ՝ նրա ընդգծված վերաբերմունքն իշխանությունների հանդեպ կարող է դրականորեն ազդել վերջինիս հեղինակության վրա: Մյուս կողմից՝ նա բավական լավ եւ գրագետ թիմ ունի հենց թաղապետարանում, թաղապետի պաշտոնում լինելով հասցրել է լավ հարաբերություններ ձեւավորել իր համայնքի ընտրողների հետ եւ նախկինում էլ տված իր խոստումների կատարման իմաստով քիչ է թերացել: Առայժմ միայն մակերեսայնորեն ամփոփելով իրավիճակը Կենտրոնում, հարկ է նկատել, որ գործող թաղապետն ընտրվելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունի: Անդրադառնալով Արաբկիր համայնքի ղեկավարի յոթ թեկնածուներին՝ նշենք, որ նրանք բոլորն էլ անկուսակցական են, ինչը դեռեւս չի նշանակում, թե այդ համայնքի ղեկավարի ընտրություններին իշխանության մատը խառը չի լինելու: Իրավիճակն այստեղ Կենտրոնից տարբեր է այնքանով, որքանով հիմնական պայքարն ընթանալու է ոչ թե ընդդիմություն-իշխանություն համատեքստում, այլ՝ իշխանական տարբեր թեւերի կամ տարբեր դեմքերի շահերի միջեւ: Այսպես. Արաբկիրի գործող թաղապետի վերընտրությունն, ըստ դիտորդների, գրեթե անհնար է: Փոխարենը՝ հիմնական պայքարը ծավալվելու է վերջինիս նախկին մրցակից Հովհաննես Շահինյանի, Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Լեւոն Հարությունյանի եւ Սամվել Սարիբեկյանի միջեւ: Առաջինին, ըստ մեր տեղեկությունների՝ ընտրված տեսնելուն դեմ չէ ԱԺ պատգամավորներից մեկը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հարցում շահագրգիռ է նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Բայց Հովհ. Շահինյանը նաեւ մեծ հեղինակություն ունի այդ համայնքում եւ մասնավորապես երիտասարդության շրջանում, ուր նա ընդունվում է իբրեւ «հեղինակություն»: Լ.Հարությունյանին, դարձյալ մեր տեղեկություններով, հիմնականում ֆինանսական օժանդակությամբ աջակցելու են ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն ու գործարարներ, հայր եւ որդի Երիցյանները: Պայքարն այս համայնքում իրոք դաժան եւ անկանխատեսելի է լինելու, թերեւս, ամենաանկանխատեսելին բոլոր մյուս համայնքների ցանկում: Իսկ դրանց մենք դեռ կանդրադառնանք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ