Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ՝ ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 02,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ՝ ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ Էջմիածնի շրջանի Սամաղար գյուղում անցկացվեց ծանրամարտի Հայաստանի գավաթի հերթական խաղարկությունը։ Մեզ հատկապես հետաքրքրում էր, թե իրենց ինչպե՞ս կդրսեւորեն ազգային հավաքականի թեկնածուները, որոնք, ինչպես հայտնի է, հարկադրաբար մեկ տարի չեն մասնակցել միջազգային որեւէ մրցման եւ այժմ նախապատրաստվում են նոյեմբերի 19-ին Լեհաստանում մեկնարկող աշխարհի առաջնությանը։ Մարզաձեւի ֆեդերացիայում մեզ ասացին, որ առաջատարները Սամաղարում չցուցադրեցին իրենց իրական կարողությունները։ Եվ դա այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ նպատակահարմար է, որպեսզի նրանք իրենց մարզավիճակի գագաթնակետին հասնեն հենց առաջնության օրերին։ Սակայն ասել, թե Սամաղարում գրանցված կիլոգրամներն էլ հեռու են միջազգային չափանիշներից, ճիշտ չի լինի։ Տղաների արդյունքները հիմնականում գոհացնում են մասնագետներին եւ հույս ներշնչում, որ աշխարհի առաջնության օրերին դրանք էականորեն կբարձրանան։ Մրցումների արդյունքով Հայաստանի գավաթը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, գերծանր քաշային Աշոտ Դանիելյանը։ Նա պոկեց 200, հրեց 245 արդյունք եւ երկամարտում ցույց տվեց 245 կգ։ Երեկ մեր զրույցի ժամանակ Աշոտն ասաց, որ այս մրցումն իր համար անչափ կարեւոր էր։ Նախ, մոտ մեկ տարի ինքը մրցահարթակ չէր բարձրացել ու, ասես, խորթացել էր իր «հարազատ վայրից»։ Սամաղարում նա զգաց նաեւ պայքարի համը, իրեն, ծանրաձողը։ Իմ այն հարցին, թե բարձրացրած ծանրությունները գոհացնո՞ւմ են, պատասխանեց. «Կարող էի նաեւ ավելին անել, սակայն դա իմ ներկայիս ծրագրերի մեջ չէր մտնում։ Շտապելու հարկ չկա»։ – Իսկ ի՞նչ ես կարծում, Լեհաստանում կարո՞ղ ես տեղ զբաղեցնել մրցանակակիրների եռյակում։ – Եթե իմանամ, որ եռյակ մտնելն է լինելու իմ գերխնդիրը, հաստատ առաջնություն չեմ մեկնի։ Մեծամտություն թող չթվա, բայց նպատակս պատվո պատվանդանի առաջին աստիճանին բարձրանալն է ու բոլորին ապացուցելը, որ ես, իրոք, ուժեղագույնն եմ։ Համենայնդեպս, պայքարելու եմ չեմպիոնության համար։ Թեեւ, չեմ բացառում նաեւ, որ մրցակիցներս հնարավոր է նույն ծրագրերն ունենան ու ավելի լավ նախապատրաստված լինեն։ – Քյոլնում քո արյան բաղադրությունը մաքուր էր, զերծ՝ արգելված դեղամիջոցներից ու խթանիչներից։ Դա ուրախալի է։ Ի՞նչ ես կարծում, այդպես հնարավո՞ր է հաղթել, եթե տեսականորեն պատկերացնենք, որ մրցակիցներդ դոպինգ են ընդունել։ – Դա նրանց խնդիրը կլինի, մեկ էլ, որ անչափ կարեւոր է, դոպինգային հսկողության աշխատակիցների «սուր» ու արդար աչքը։ Սամաղարում մրցահարթակ մտան նաեւ վեց աղջիկներ։ Ճիշտ է, նրանց արդյունքները առայժմ հասուն չեն, սակայն նրանք նույնպես ապագայի վատ հեռանկարներ չունեն ու պայքարում են հետագայում միջազգային ապարեզ մտնելու համար։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Երեկ տեղեկացանք, որ Աշոտ Դանիելյանն օրերս աղջիկ է ունեցել։ Սրտանց շնորհավորում ենք Դանիելյանների ընտանիքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել