Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ Է ՉԱՓԱՆԻՇԸ

Հոկտեմբեր 02,2002 00:00

Ո՞ՐՆ Է ՉԱՓԱՆԻՇԸ Կամ բարոյակա՞ն մարդ էր, արդյոք, Պանիկովսկին Այս հռետորական հարցն էր քննարկվում երեկ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» կենտրոնում։ Անշուշտ, հասկանալի է, որ քննարկման թիրախը ոչ թե մեզ հայտնի, այլ՝ նորօրյա պանիկովսկիներն էին, այն էլ՝ քաղաքական ասպարեզում։ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած խումբն այս թեմայի, այսինքն՝ «Քաղաքականություն եւ բարոյականություն», շուրջ վաղուց էր «մտմտում», բայց անհանգստություն ուներ, որ կարող էին ավելորդ անգամ չարաշահվել մեր օրերի համար իրար գրեթե չզուգակցվող այդ թեմաները։ Ի վերջո, «ռիսկ» էին արել, «ռիսկին» մասնակից դարձնելով Արամ Սարգսյանին, ընդդիմադիր մամուլի «դեմք»-երին, հոգեբան-փիլիսոփաների եւ նույնիսկ ՊԱԿ-ի պաշտոնաթող մի սպայի։ Առաջին զեկուցող Մանուկ Հարությունյանը (ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտ) նշեց այն գլխավոր գործոնները, որոնք ազդում են (խանգարելու իմաստով) քաղաքական գործիչների եւ հասարակ խավի երկխոսությանը։ Համառոտ ներկայացմամբ դրանք են. միասնական գաղափարի կամ իդեալի բացակայություն, անվստահություն իշխանությանը, հասարակության անարժեքության զգացողություն։ Արդյունքում ծնվել ու ձեւավորվել է մարդկանց մեծ մասի անզորությունը եւ անտարբերությունը քաղաքական դաշտում եւ քաղաքականության հանդեպ։ «Իշխանությունները, տեղական, թե ավելի բարձր, կողմնորոշվում են միայն անձնական կամ ընտանեկան շահերով,- նշեց Մ. Հարությունյանը,- եթե ժողովուրդը չգիտի որտեղից է եկել եւ դեպի ուր է շարժվում համայնքը, ազգը, պետությունը, նրանից քաղաքական երկխոսություն մի սպասեք»։ Ավելին. «Մեր հասարակությունը նախադեմոկրատական հասարակություն է, հայ հասարակությունը լավագույն դեպքում կարող է մտածել, խորհուրդ տալ, բայց չի կարող ազդել, ուղղություն տալ ու որոշել»։ Եվ այսպես, դեմ չենք, որ բարոյական գործունեություն կարող է ծավալել միայն բարոյական մարդը, որն ունի բարոյական հստակ սկզբունքներ եւ պաշտպանում է դրանք ցանկացած իրավիճակում։ Բայց այստեղ հնչեց Արամ Սարգսյանի հռետորական հարցը Պանիկովսկու հետ կապված։ Անշուշտ, Պանիկովսկին իր սկզբունքներով «ժուլիկ» էր, սիրում էր սագի տոտիկ ու մինչեւ կյանքի վերջ էլ չդավաճանեց իր սկզբունքներին։ Ասվածին զուգահեռ, Արամ Սարգսյանը բերեց մեկ այլ օրինակ. համասեռամոլներն ունեն եւ հավատարիմ են իրենց բարոյական գաղափարախոսությանը, ուրեմն՝ բարոյակա՞ն մարդիկ են, արդյոք, համասեռամոլները։ Մանուկ Հարությունյանը «մատուցեց» անակնկալ պատասխան. «Չի կարելի բարոյական նորմերն ուղղակի գործադրել քաղաքականության մեջ։ Այդ նորմերը կարող են փոփոխվել իրավիճակի փոփոխության հետ, անշուշտ՝ ելնելով հասարակության շահերից։ Խնդիրն ազգի շահերի պաշտպանությունն է, եւ անբարոյական է այն իշխանությունը, որը չի պաշտպանում այն»։ Ըստ այդմ հետեւում է, որ հաճախ անբարոյական թվացող քաղաքական գործունեությունը դառնում է արդյունավետ եւ արդարացված։ Ամփոփենք՝ բարոյականությունը քաղաքականության մեջ ճկուն է, հաստատուն չէ եւ իրավիճակային բնույթ է կրում։ Հարց եղավ, թե՝ դեմոկրատիայի չկայացման մեջ մեղավոր չէ՞ հենց ինքը, հայ ժողովուրդը, որը համակերպվելու դարավոր «խասյաթ» ունի։ Մ. Հարությունյանն այն կարծիքին է, որ՝ ոչ, իշխանության տարած քաղաքականությունն է մեղավոր, որ ժողովուրդն օտարացել է իր իշխանավորից եւ հանրային երկխոսությանն էլ շահագրգռված չէ՝ «մեկ է, ոչինչ չի փոխվելու» պատճառով։ ԵՊՀ հոգեբանության ամբիոնից ներկայացած Ռուբեն Աղուզումցյանն էլ գտավ, որ «ճիշտ չէ պահանջել առանց տալու»։ Մանրամասնելով ստացվում է, որ քաղաքական գործչի ձեւավորումը պետք է սկսել վաղ մանկությունից, մշակել անհրաժեշտ հատկանիշներ՝ բարություն, ազգասիրություն, մտքի ճկունություն, զարգացնել դրանք եւ հետո նոր պահանջել այդ մարդուց կարգին «պոլիտիկ»-ի դրսեւորում։ Իսկ մեզ մոտ ոչինչ չի արվում, բայց ուզում ենք այդպիսին լինեն։ Ասենք՝ ուզում ենք, կամ էլ՝ չենք ուզում, հիմա սա է, մեզ հարցնո՞ղն ով է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել