Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ո՞ւր է դանակը

Հոկտեմբեր 02,2002 00:00

Ո՞ւր է դանակը «Ի՞նչ կենտրոնախույս ուժերի ազդեցության տակ ծռվեց դանակը» Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ նախատեսված էր ունկնդրել (Արթուր Պարսամյանի սպանության գործով) ամբաստանյալներ Արմեն Բեջանյանի, Կարեն Զաքարյանի, Արամ Աղաբաբյանի, Արթուր Յազչյանի եւ Մանվել Ասատրյանի պաշտպանների ճառերը։ Դատարանի մուտքի մոտ հավաքվել էին դռնբաց նիստի մասնակիցները, որոնք պաստառներ էին բերել հետեւյալ բովանդակության. «Դատախազ Երիցյանը անհիմն մեղադրում է 5 հոգու ծանրագույն (99 հոդ. 2 կետ) հոդվածներով։ Ո՞ւմ անձնական պատվերն է կատարում նա», «Հարգելի նախագահ, կանխեք դատախազության եւ դատարանի վրեժխնդրությունը», «Դատախազությունը ճնշում եւ թելադրում է դատարանին»։ Այս պաստառներն առանձնակի ուշադրությամբ կարդալով, նախագահող դատավոր Իսկուհի Վարդանյանը փութաց նիստերի դահլիճ։ Ամբաստանյալներ Արմեն Բեջանյանի եւ Արամ Աղաբաբյանի պաշտպաններ Ռուբեն Բալաբանյանն ու Արմեն Մանուկյանը հանդես եկան պաշտպանական ճառերով։ Ռ. Բալաբանյանը հայտնեց, որ նախաքննության մարմինը (Երեւանի դատախազություն) չի պահպանել Քրեական դատավարության օրենսգրքի եւ ոչ մի նորմ, ոչ մի սկզբունք։ Իր անչափահաս պաշտպանյալին «ձերբակալման պահին կալանավորելով»՝ չեն տեղափոխել Աբովյանի քննչական մեկուսարան, այլ բերել են Շահումյանի ՆԳ բաժին, ապօրինի 3 օր պահելով այնտեղ։ Ա. Բեջանյանը, ըստ պաշտպանի, ցուցմունքներ է տվել հոգեբանական ազդեցության տակ։ Ինչ վերաբերում է դանակով Ա. Պարսամյանին հարվածելուն, պաշտպանն ասաց. «Չի պարզվել եւ չի վերհանվել դեպքի բոլոր մանրամասները։ Ո՞ւր է այն դանակը, որի կոթը, ըստ Մանվել Ասատրյանի ցուցմունքի, հարվածի հետեւանքով կոտրվել է։ Հարվածի հետեւանքով ծռվել է դրա երկաթե շեղբը։ Փորձագետների միջոցով չի պարզվել, թե որ դեպքում, ինչ ուժերի ազդեցության տակ կարող էր կոտրվել դանակի բռնակը։ Եթե այն կոտրվել է հարվածի հետեւանքով, ո՞ւր է այդ հարվածի տեղը»։ Ամբաստանյալ Արամ Աղաբաբյանի պաշտպան Արմեն Մանուկյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի վերաբերյալ մայիսի 26-ից հետո (մեղադրանք առաջադրելու օրվանից) նախաքննական մարմինը «ի դեմս քննիչ Արամ Գրիգորյանի» ոչ մի նոր ապացույց ձեռք չի բերել։ «Գործում եղած ապացույցները ապացույց դիտել չէր կարելի»,- ասաց նա։ Պաշտպանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քրեական գործը հարուցվել է 2001թ. մայիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը։ «Քրեական գործ հարուցելու որոշման մեջ որպես դեպքի կատարման ժամանակ նշված է. «00.10-ի սահմաններում»։ Իսկ առաջին վկան՝ Կարեն Բադոյանը հարցաքննվել է քննիչ Խաչատրյանի կողմից ժամը 1-ն անց 15-ից մինչեւ 4-ն անց 30։ Այսինքն, քրգործը հարուցվել է 00.10-ից մինչեւ 1-ն անց 15-ը ընկած ժամանակահատվածում։ Փաստորեն, եթե հաշվի առնենք, որ քննիչը այդ պահին դեպքի վայրում չի եղել (նա պիտի տեղյակ լիներ), ուրեմն, քրեական գործը հարուցելու համար նա ունեցել է 10-15 րոպե ժամանակ։ Ի՞նչ կարող էր հայտնի լինել քննիչին, որ նա շատ հանգիստ եւ վստահ Արթուր Պարսամյանի մահվան փաստը անմիջապես որակեր քրօրի 99 հոդվածի երկրորդ կետով»,- շարունակեց նա՝ նկատելով, «քննիչը գիտեր, որ մահացածն իր գործընկեր Սուրեն Պարսամյանի որդին էր։ Եվ դա էր պատճառը, որ սպանությունը որակվել է խուլիգանական դրդումներով, չլսելով հակառակ կողմից եւ ոչ մեկին»։ Արամ Մանուկյանը կողմնակալության մեջ մեղադրելով դատախազությանը, գտավ, որ քննությունը մինչեւ մեղադրող Ա. Երիցյանի ճառը ընթացել է ոչ օբյեկտիվ։ Պաշտպաններ Հ. Քարամյանի, Ս. Մկրտչյանի, Ս. Միրզոյանի ճառերը նշանակվեցին հոկտեմբերի 4-ին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել