Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԹՈՂ ԱՌԱՋԻՆԸ ՔԱՐ ՆԵՏԻ ՆԱ, ՈՎ ԱՆՄԵՂ Է

Հոկտեմբեր 02,2002 00:00

ԹՈՂ ԱՌԱՋԻՆԸ ՔԱՐ ՆԵՏԻ ՆԱ, ՈՎ ԱՆՄԵՂ Է Հրապարակ են մտնում հանրապետականները «Արա Ավետիսյանը թող նախ իր չարաշահումների մասին խոսի, որ հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Գաբրիելյանի կուրատորն է: Ինչո՞ւ Լեւոն Մկրտչյանը նրան հեռու պահեց ընդունելության քննություններից. որովհետեւ նա այսօր ամենակոռումպացված պաշտոնյան է»,- Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի ռեկտորի հեռացման շուրջ ծավալված զրույցում ասաց բուհի ղեկավարներից մեկը: Իսկ վերոնշյալ պաշտոնյայի դերն այս ամենի մեջ առաջնային է, քանի որ նոր ռեկտորի պաշտոնում նշանակվել է նրա ղարաբաղցի, հանրապետական սանիկը՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտյուշա Ղուկասյանը: Ավելին, բուհի ղեկավարությունը վստահ է, որ ոչ վարչապետը եւ ոչ էլ առավելեւս նախագահն այս պատմությունից տեղյակ չէ: Բուհի պրոռեկտոր Յուրի Դավթյանը նշում է, որ իրենք բոլորն էլ Քոչարյանի քաղաքական գծի կողմնակիցներն են, բայց չի կարելի հարցը քաղաքականացնել, խաղի մեջ մտցնել հանրապետականին եւ այլն: Համալսարանը գործադուլ եւ դասադուլ կանի այնքան ժամանակ, մինչեւ չստանա ՀՀ նախագահին ուղղած իր դիմումի պատասխանը, որով նախագահին խնդրել են իրենց էլ մարդու տեղ դնել… Խնդիրն այն է, որ բուհը վաղուց է ԿԳՆ-ին ներկայացրել իր կանոնադրությունը, սակայն այն չի հաստատվել, ու բուհն էլ հետեւաբար չի կարող ռեկտորի ընտրություններ կազմակերպել այնպես, ինչպես մյուս բուհերում է դա արվում: Իսկ առայժմ ռեկտորին աշխատանքից ազատելու համար հիմք են ընդունվել «բազմաթիվ չարաշահումները», որ մատնանշում է ԿԳ նախարարությունը: Իհարկե, դժվար է մարդկանց մեղադրել, ասենք, կաշառակերության մեջ, գրեթե անհնարին՝ ապացուցել այն, մանավանդ որ մեղադրողն էլ գիտի, որ ինքը սուրբ չի կամ ավելի քիչ սուրբ է, քան հումանիտար ֆակուլտետների դասախոսները, ում մեղադրում են կաշառակերության մեջ: Թերեւս միակ կոնկրետ մեղադրանքը մեզ հաջողվեց պարզել ԿԳՆ բուհերի վարչությունից: Այստեղ հայտնեցին, որ ռեկտորի՝ աշխատանքից ազատման հիմքում Աշխատանքային օրենսգրքի համապատասխան կետն է, որ վերաբերում է աշխատանքային թերացումներին: Կոնկրետ հումանիտար մասնագիտությունների գծով ֆակուլտետներում հայտնաբերվել են վարձավճարների սխալ մուտքագրումներ, ինչպես նաեւ՝ ուսանողների շրջանում հայտնաբերվել են դպրոցականներ: Բացի այդ, երկու քրեական գործ է հարուցվել բուհի դեմ, որոնց մասին դեռեւս պարզաբանումներ չեն տրվում: Նոր ռեկտորը երեկ սպառնացել է դատի տալ ուսանողներին ու դասախոսներին՝ բոյկոտելու համար եւ աշխատանքային առաջին օրն անցկացրել է իր 4 համախոհ կիրովաբադցի գործընկերների հետ, ում ժամանակին նախկին ռեկտոր Միսակ Դավթյանը շատ հարցերում է աջակցել: Բայց երեւի անցածն անցած է, ու դժվար թե ԿԳՆ բակում ուսանողների «Ա-րա, հե-ռա-ցիր: Սա-նիկ, հե-ռա-ցիր:» վանկարկումները հետադարձ ուժ ունենան: Այսուամենայնիվ, այսօր ուսանողադասախոսական կազմը շարունակելու է բոյկոտել8230մինչեւ մեր պաշտոնյաները կբարեհաճեն մարդու տեղ դնել նրան: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել