Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դե մրցությունը հիմի տես

Հոկտեմբեր 02,2002 00:00

Դե մրցությունը հիմի տես Իր պատգամավորական կարիերայի ընթացքում կարծիք հայտնելուց գրեթե միշտ խուսափած նախկին պատգամավոր, այժմ՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ մեծ պաթոսով ներկայացրեց մեր երկրում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման եւ դրա «ճիշտ, արդար, օբյեկտիվ» ընթացք ապահովելու իր հեղափոխական նկրտումները։ Եւ որպեսզի «այս համակարգը չարժանանա այն լավ, բարի նախաձեռնությունների ճակատագրին, որոնք ի սկզբանե թերահավատություն եւ անվստահություն են առաջ բերում»՝ քաղաքացիական ծառայության խորհուրդը «վճռական եւ հետեւողական է» լինելու։ Դրա համար խորհուրդն ի դեմս Մ. Բադալյանի, ակնկալում է լրատվամիջոցների աջակցությունը՝ «օբյեկտիվ լուսաբանումը մեզ օգտակար է լինելու»։ «Մեզ» ասելով, պարոն Բադալյանը նկատի ուներ Հայաստանի Հանրապետությունը, հասարակությունը, պետությունը»։ «Ոչ բոլոր չինովնիկներն են, որոնք պատրաստ են իրենց մինչ այժմ ունեցած իրավասությունները վայր դնել։ Մեր քաղաքացիները երբեմն որեւէ չինովնիկի չսիրելու պատճառով սկսում են չսիրել նաեւ պետությունը եւ ցավալիորեն հիասթափվում են հայրենիքից»,- իր սրտաճմլիկ ելույթում ասաց Մ. Բադալյանը, սակայն ինչպես արդեն նշել ենք, խորհուրդն ու իր նախագահը հետեւողականորեն «բոլորիս հոգեբանության եւ գիտակցության մեջ պետք է հեղափոխություն» կատարեն։ Այսպիսով, խորհուրդը պատրաստվում է լրջորեն զբաղվել նաեւ մեր երկրում «բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման» հարցերով։ Իսկ ասուլիս հրավիրելու հիմնական պատճառը՝ հոկտեմբերի 5-ից սկսվելիք քաղաքացիական ծառայության անցնելու մրցութային փուլն է, ինչը, ըստ ՔԾԽ-ի տարածած մամլո հաղորդագրության, «երաշխավորում է ՀՀ քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը»։ Այն, որ ՔԾԽ աշխատակազմի 55 պաշտոնների համար 529 մարդ է դիմել, Մ. Բադալյանին հիմք է տվել կարծելու, որ «մեր քաղաքացիներն այդքան էլ հուսահատված եւ անտարբեր չեն»։ Ի հակադրումն այս ոգեւորության՝ «Առավոտին» անտարբեր չէ մրցույթից հետո հուսահատության մեջ գտնվող այն 474 գործազուրկների ճակատագիրը, որոնց բախտը չգիտես երբ եւ ինչպես պետք է ժպտա։ Իսկ ՔԾԽ թափուր պաշտոնները մրցույթում հաղթելով, պատրաստվում են զբաղեցնել «հասարակության մեջ չվարկաբեկված մարդիկ», որոնց դղյակներն, ըստ Մ. Բադալյանի, տեղ չեն գտել «Առավոտի» էջերում։ Բավականին հետաքրքիր բնորոշում՝ կարեւորը, փաստորեն, որ դղյակը նրանց չպատկանի, իսկ սիրելի քեռու, հորեղբոր, տատիկի կամ մայրիկի անունով ձեւակերպված եւ հայրիկի «շնորհքով» կառուցված դղյակում, բնականաբար, ոչ ոք չի կարող մարդուն արգելել բնակվել։ Ի դեպ, մրցութային հանձնաժողովները կազմված են լինելու համակարգի կողմից պատահական ընտրված 9 անդամներից՝ մրցույթն անցկացնելուց 18 ժամ առաջ։ Դա, ըստ Մ. Բադալյանի, օբյեկտիվության հիմնաքարն է։ Հանձնաժողովի հարաբերակցությունը հետեւյալն է՝ երեք թեկնածու խորհրդի ներկայացուցիչ, 3-ը՝ համապատասխան մարմնի ներկայացուցիչ, 3-ը՝ տվյալ բնագավառի գիտական հաստատությունների եւ հասարակական միավորումների ներկայացուցիչներ։ Ի դեպ, օրենքով սահմանված կարգով, մրցույթում կարող են մի քանի թեկնածուներ հաղթել։ Այդ դեպքում «նշանակման» մենաշնորհը պատկանում է խորհրդին։ Այդ դեպքում, երբ յուրաքանչյուր թեկնածուի համար միջնորդներ եւ բարեխոսողներ են հայտնվելու, խորհուրդը պետք է առաջնորդվի՝ տվյալ անձի «աշխատանքային փորձով, ստաժով, հավելյալ գիտելիքներով, համակարգչի իմացությամբ» եւ այլն։ «Առավոտի» համար ընկալելի է, եթե մերժվի, ասենք, մշակույթի նախարարի միջնորդությունը, իսկ ինչպե՞ս պետք է պաշտպանության նախարարի միջնորդությունը մերժվի։ Մ. Բադալյանն այս մասին լռում է, փոխարենը՝ ակնկալելով ԶԼՄ-ների աջակցությունը միջնորդությունները կանխելու գործում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել