Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 02,2002 00:00

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «Ցավոք, ապագա չունի Հայաստանի նման մի երկիր, որտեղ իշխանություններն ի զորու չեն սաստելու նման ապշեցուցիչ ապօրինությունները»: Արմինե Ֆիլիպյան (Իտալիա, ք. Պավիա) Այս տողերի հեղինակը իտալացի բժիշկ Մարկո Լիոնելլոյի կինն է՝ Արմինե Ֆիլիպյանը: Իտալիայի քաղաքացիներն արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում հայտնվել են մի լաբիրինթոսում, որից ելքը չի երեւում: ՀՀ տնտեսական դատարանն անում է ամեն ինչ, որպեսզի շուտափույթ ավարտի Մ. Լիոնելլոյի սեփականությունը հանդիսացող, Վարդանանց 4 հասցեում գտնվող խանութը նրա ձեռքից խլելու գործընթացը: Դատավորները չեն էլ պատկերացնում, որ արդեն Եվրադատարանի համար փաստաթղթեր պատրաստող Մ. Լիոնելլոն հաղթելու է, եւ Հայաստանի կառավարությունը ստիպված է լինելու մեծ գումարներ վճարել: Նրանք դեռ չեն պատկերացնում, որ իրենց անօրինական վճիռները «փչվելու» են եւ, ի վերջո, ստիպված են լինելու ավարտել իրենց պաշտոնավարությունը՝ պետությանը ոչ միայն նյութական, այլեւ բարոյական վնասներ հասցնելու համար: «Մենք պատրաստ ենք այդ խանութը նվիրել որեւէ մեկին, թեկուզ պետությանը, մենք հիասթափված ենք, վիրավորված ենք Հայաստանից: Բայց ամեն ինչ անելու ենք, որ Հասմիկ Հովհաննիսյանը չդառնա այդ խանութի տերը»,- հեռախոսազրույցի ընթացքում ասաց Ա.Ֆիլիպյանը: Մ. Լիոնելլոյի ներկայացուցիչ, փաստաբան Հակոբ Անդրեասյանն ասում է. «Դատավոր Մաթեւոսյանը իր անհիմն վճռի կատարման հարցում շահագրգռված է եւ օժանդակում է հակառակ կողմին: Նա ուզում է, որ Մ.Լիոնելլոյի Վարդանանց 4 հասցեում գտնվող խանութին տիրանա Հասմիկ Հովհաննիսյանը: Մ. Լիոնելլոն դիմել է ՀՀ տնտեսական դատարան՝ վճռի կատարումը հետաձգելու դիմումով, նշելով, որ «Հովհաննիսյանների գործողություններում առկա են քրեօրեն հետապնդելի արարքներ»: Բերելով տարբեր պատճառաբանություններ՝ դատարանը չի ցանկանում վերցնել ոչ Մ. Լիոնելլոյի, ոչ էլ նրա ներկայացուցչի դիմումները, որովհետեւ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի համաձայն ստանալով կողմի դիմումը՝ մինչեւ դրա ըստ էության քննությունը դատարանը պարտավոր է իր որոշումով կասեցնել կատարողական վարույթը: Իսկ դատավոր Ա.Մաթեւոսյանը շուտափույթ պետք է ավարտի իտալացիներին «քցելու» գործարքը: Մարկո Լիոնելլոն եւ նրա կինը՝ Արմինեն, Հասմիկ Հովհաննիսյանի հետ ծանոթացել են 1996 թվականին Իտալիայի Պավիա քաղաքում: «Մեր ծանոթներն ասացին, որ Հայաստանից մի ուսանող աղջիկ կա, եկեք ծանոթացեք: Մենք էլ ուրախացած գնացինք: Նա գտնվում էր ծանր նյութական վիճակում: Իմ մեջ առաջինը տպավորվեցին նրա հնամաշ կոշիկները: Եվ ես ամուսնուս ասացի, որ պետք է օգնենք նրան: Տարանք մեր տուն: Նա դարձավ մեր տան անդամը: Ուր գնում՝ նրան տանում էինք: Հենց այդ ժամանակ էլ ամուսնուս հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք Հայաստանում խանութ բացել: Իսկ Հասմիկը կլինի մեր ներկայացուցիչը»,- պատմում է Արմինեն: Երեւանում Մ.Լիոնելլոն ձեռք է բերում Վարդանանց 4 հասցեի 160 քմ տարածքը, այն դարձնում խանութ: Հասմիկ Հովհաննիսյանը Մ. Լիոնելլոյի տված լիազորագրով սկսում է կառավարել խանութը: 1996-1999 թթ. ընթացքում Լիոնելլոն Հայաստան է ուղարկել 250 հազար դոլարի ապրանք, շուրջ 100 հազար դոլարի կանխիկ գումար: Բոլոր փաստաթղթերը պահպանվում են նրա մոտ: Երբ Մ.Լիոնելլոն Հասմիկից պահանջել է վաճառված ապրանքների գումարը, որպեսզի դրանցով շարունակի ապրանքի առաքումը, վերջինս սկսել է տարբեր պատմություններ հորինել: Իտալացին որոշել է հրաժարվել Հասմիկի ծառայություններից: Հասմիկը դիմել է դատարան՝ ներկայացնելով փաստաթղթեր, թե իբրեւ խանութն իր սեփականությունն է: Սակայն դատաքննության ընթացքում Հասմիկ Հովհաննիսյանը հրաժարվել է իր այդ հայցից: Այս անգամ արդեն նրա հայրը՝ Թելման Հովհաննիսյանը, դիմելով դատարան հայտնում է, որ 1996 թ. Հասմիկ Հովհաննիսյանի հետ կնքված պայմանագրով պարտավորվել է իր միջոցներով կատարել Վարդանանց 4 հասցեում գտնվող խանութի վերանորոգման աշխատանքները, պայմանով, որ խանութի սեփականատեր Մ. Լիոնելլոն 1999 թվականի օգոստոսի 12 -ին հատուցի կատարած աշխատանքների ծախսը: Թ. Հովհաննիսյանը դատարանում հայտնել է նաեւ, որ նշված պայմանագրով պարտավորություններ իրականացնելու նպատակով 03.06.96 թ. «Գանձաքար-1» ՓՁ-ի հետ կնքել է կապալի պայմանագիր, որի գինը կազմել է 7 մլն 744 հազար դրամ: Այդ ընթացքում կատարվել են նոր շինարարական աշխատանքներ: Եվ դրանց համար հայցվորը՝ Թ.Հովհաննիսյանը ընդհանուր առմամբ ծախսել է 8 մլն: Պատասխանողի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով եւ դրամի արժեզրկման հետեւանքով հայցվորը կրել է եւս 3 մլն 163 հազար դրամի վնաս: Արդյունքում հայցվորը դատարանին խնդրել է պատասխանողից գանձել 11 մլն 908 հազար դրամ: Դատարանը բավարարել է Թ. Հովհաննիսյանի հայցը: ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը տնտեսական դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Դատարանը Մ.Լիոնելլոյից այդ գումարը գանձելու համար որոշել է աճուրդի դնել Վարդանանց 4 հասցեում գտնվող խանութը: Հարկադիր կատարողները հոկտեմբերի 8-ին աճուրդով կվաճառեն Վարդանանց 4 հասցեում գտնվող նրա խանութը, որպեսզի Թ. Հովհաննիսյանին վերադարձնեն այդ գումարը: Փաստորեն այդ ձեւով Հ.Հովհաննիսյանն ուզում է տիրանալ խանութին: Փաստաբանը նույնպես խաբել է իտալացիներին Իտալիայի քաղաքացիները հիասթափված են, որովհետեւ նրանց խաբել է նաեւ իրենց շահերը ներկայացնողը՝ Արմեն Տեր-Տաճատյանը: 2001 թվականի հունվարից դատարանում նա էր պաշտպանում իտալացիների շահերը: «Ութ ամիս Արմեն Տեր-Տաճատյանը մեզ խաբել է, թե իբրեւ 49 հազար դոլարի հայցը հաղթել ենք,- պատմում է Արմինեն:172 Առաջինը Մարկոն հասկացավ, որ Արմենը աշխատում է հակառակ կողմից: 1999 թվականի հոկտեմբերից մինչեւ այս տարի ամառ Արմեն Տեր-Տաճատյանին վճարել ենք 24 հազար 800 դոլար: Իսկ հետո պարզվեց, որ նա մեզ խաբում էր: Հասմիկը ոչնչացրել է 1998-99 թվականներին առաքված ապրանքների բոլոր թղթերը: Չգիտեմ, գուցե Հայաստանի Մաքսային ծառայություններում չկան այդ փաստաթղթերը, գուցե չեն գրանցել այդ ապրանքները, բայց մեզ մոտ կան բոլոր փաստաթղթերը, որ առաքել ենք: Մենք նաեւ հայթայթել ենք փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ապրանքը մտել է Հայաստան: Նշանակում է, Հասմիկը խանութի ապրանքները վաճառում էր առանց գրանցման, մաքսային եւ հարկային մարմիններին հարկ չտալու համար: Մենք դիմել ենք ՀՀ դատախազություն՝ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Ես զարհուրում եմ Հայաստանի դատական համակարգից: Սակայն իմ շահերը ես կպաշտպանեմ Ձեր երկրից դուրս: Արդարադատությունն այնտեղ հայկական չէ»,- ասաց Ա. Ֆիլիպյանը: Կեղծված փաստաթղթերը՝ վճռի հիմք Դատարան ներկայացրած փաստաթղթերով վերանորոգման աշխատանքները կատարել են «Գանձաքար-1» ՓՁ-ն եւ անհատ ձեռներեց Սամվել Մկրտչյանը: «Գանձաքար-1» ՓՁ-ն պետռեգիստրում գրանցված չէ: Գրանցված չէ նաեւ անհատ ձեռներեց Սամվել Մկրտչյանը: Այս փաստաթղթերը կեղծվել են ինչ172որ մեկի կողմից եւ դատարանի խնդիրն էր նաեւ սա պարզել: Եթե պետռեգիստրում նման կազմակերպություն գրանցված չէ, ինչպե՞ս է դատարանը վճիռ կայացրել՝ հիմք ընդունելով փաստաթուղթը: Այն, որ խանութի վերանորոգման գումարները վճարել է Մ. Լիոնելլոն, հաստատում են հենց Հասմիկ Հովհաննիսյանի՝ իր իսկ ձեռագրով Մ. Լիոնելլոյին գրած նամակները եւ այդ ժամանակահատվածում «Միդլենդ Արմենիա» բանկի փոխանցումների թղթերը: Այն, որ Հ. Հովհաննիսյանն ընդունակ է կեղծիքների, ապացուցում է մեկ փաստ եւս: Մեր ձեռքի տակ է Իտալիայի «Ստեֆանո Սերապյան ֆոնդի» ղեկավար Արտավազդ Սերապյանի նամակը (Ֆոնդը օժանդակություն է ցույց տալիս աղքատներին եւ մուրացկաններին): Նամակին կից կա տեղեկանք, որտեղ նշված է, որ ֆոնդը Լենինականում ծնված Հասմիկ Հովհաննիսյանին իր դիմումի համաձայն երկու անգամ օգնություն է ցուցաբերել: Առաջին անգամ 1996 թվականին՝ մեկ միլիոն 200 հազար իտալական լիրա, երկրորդ անգամ՝ 1998 թվականին՝ երկու մլն 800 հազար իտալական լիրա: Իսկ իր դիմումով Հ. Հովհաննիսյանը օգնություն է խնդրել իբրեւ լենինականցի, երկրաշարժից տուժած: Նշենք, որ Հասմիկ Հովհաննիսյանի ծննդավայրը Կոտայքի մարզի Թեղենիք գյուղն է, բնակության վայրը՝ Երեւանը: (շարունակելի) ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել