Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի

Հոկտեմբեր 02,2002 00:00

Դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի 16-ի միավորման խորհրդի նիստը երեկ կայացավ «Ազգային միաբանության» գրասենյակում: Կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը գոհունակությամբ նշեց. «Նիստը բավական բեղմնավոր էր, քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ»: Երեք ու կես ժամ տեւած քննարկումները վարել էր ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: Ի դեպ, 16-ի կազմում ներգրավված կուսակցությունների ղեկավարներից միայն նա, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը եւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էին մասնակցում խորհրդի նիստին: Ներկաները չէին թաքցնում բավականությունը: Ըստ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանի՝ առաջընթաց կա, առաջ են ընթանում ըստ ծրագրի, եւ նա արդեն դրական պատասխանեց այն հարցին, թե արդյոք 16-ը կդառնա՞ դաշինք. «Ծրագիրն ունենք, թե ինչ որոշումներ պետք է ընդունենք, որ հասնենք դաշինքի, եւ ընթանում է այդ աշխատանքը: Ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք ներկայացնում են նախագծեր, եւ խորհուրդն էլ հաստատում է»: ՀԿԿ քարտուղար Խորեն Սարգսյանի գնահատականով՝ «Ծանր վիճակից դուրս ենք եկել, արդեն ձեռնամուխ ենք եղել բուն գործերին: Այլեւս շատ չեն բանավեճերի թեմաները, ամեն ինչն ընթանում է հարթ»: «Ընդունվեցին լուրջ որոշումներ,- ասաց Արշակ Սադոյանը:- Այս մթնոլորտն օրինակելի էր եւ պետք է կրկնվի նաեւ հաջորդ նիստերին»: Բայց թե հատկապես ինչ որոշումներ էին ընդունել՝ Սադոյանը լռեց. «Ցավոք, մենք չենք պայմանավորվել որոշումները ներկայացնելու վերաբերյալ»: «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն ընդունված որոշումները կարեւորեց հետեւյալ առումով. «Նախորդ նիստերում քննարկումները շատ էին, բայց որոշումներ չէին ընդունվում՝ հետաձգվում էին: Այդ հարցերն այնքան էին ծեծվել, որ ուզած-չուզած պիտի այսօր ստանային հանգուցալուծում: 6 հարց քննարկվեց, 6-ի վերաբերյալ էլ կայացվեց որոշում»: Հրանտ Խաչատրյանը քննարկված հարցերը բնորոշեց՝ իբրեւ «աշխատանքային, կազմակերպչական»: Բայց առավել որոշակիացնելու խնդրանքին նույնպես արձագանքեց. «Այդ հարցերին լիազորված չեմ պատասխանել»: Հանկարծահաս գաղտնապահության պատճառը թերեւս այն էր, որ հենց երեկվա նիստում էր արծարծվել այն հարցը, թե հատկապես ո՞ր կուսակցությունն է 16-ի աշխատանքային փաստաթղթերը տրամադրում մամուլին: Եվ բոլորը հրապարակավ փորձում էին կարծես ձերբազատվել այն կասկածից, թե իրենք են արտահոսքի աղբյուրը: Արդեն իսկ հայտնի դարձած փաստաթղթի՝ 16-ի միասնական ծրագրի 18 հիմնադրույթներից մեկի վերաբերյալ մեր հարցին, թե ինչո՞ւ են նշել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացման մասին, բայց ոչ մի խոսք չկա եվրոպական կառույցներին ինտեգրվելու վերաբերյալ՝ Հրանտ Խաչատրյանը պատասխանեց. «Հիմնադրույթները հրապարակվել են ոչ պաշտոնապես, եւ ես դժվարանում եմ պատասխանել, թե հրապարակվածը որքանով է համապատասխանում խորհրդում քննարկվող նախագծին: Երբ խորհուրդն այդ հիմնադրույթները կհրապարակի պաշտոնապես՝ դրանից հետո նոր կպատասխանենք այդ հարցերին: Իսկ առայժմ որեւէ հիմնադրույթ հաստատված չէ: Աշխատանքային փաստաթղթերի վերաբերյալ հայտնվում են տարբեր տեսակետներ: Կուսակցությունների առանձին տեսակետները հայտնի են՝ հասարակությանն ավելի շատ պետք է հետաքրքրի նրանց ընդհանուր հայտարարները, եզրերը, որոնք դեռ չկան այսօր»: Ընդհանուր եզրերի առումով թերեւս փոքր-ինչ վերապահ էր Ալեքսան Կարապետյանի գնահատականը. «16-ի աշխատանքները կամաց-կամաց առաջ են ընթանում, կուզենայինք, որ գործընթացն ավելի արագ ընթանար, մի քիչ դանդաղ է գնում: Ոչինչ, կամաց-կամաց կարագանա»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել