Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ՎՃԻՌԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ»

Հոկտեմբեր 02,2002 00:00

«ՎՃԻՌԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ» Ասում է «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Շողեր Մաթեւոսյանը – Առաջիկա ընտրությունների հետ կապված ներքաղաքական կյանքը, թվում է, ակտիվ փուլ պետք է թեւակոխեր, մինչդեռ մեզ հայտնի ընդդիմության շրջանակներում, հանրությանը ներկայանալու իմաստով, նկատելի աշխուժություն չկա: Մասնավորապես «16»-ը դեռեւս միայն ներկազմակերպչական խնդիրներ է լուծում: Ինչպե՞ս եք գնահատում վերջինիս գործունեությունը: – Ընդդիմության գործունեությունը թող ժողովուրդը գնահատի: Պարզապես պետք է գիտակցել, որ քանի դեռ նախագահի տեղում Քոչարյանն է, ընդդիմության ցանկացած գործունեություն արդեն խրախուսելի է: Ներկազմակերպչական խնդիրների մասին կասեմ, որ ընտրությունների արդյունքները պարզ կդառնան այն օրը, երբ ընդդիմությունը համաձայնության գա միասնական թեկնածուի հարցում, այսինքն՝ կազմակերպչական խնդիրները լուծվեն: – Ներքաղաքական ներկապնակի աջ անկյունում էլ առանձնակի տեղաշարժեր չկան, եթե, իհարկե, չհաշվենք ՀՀ առաջին նախագահի առաջադրման մասին շրջանառվող լուրերը: Ըստ Ձեզ, «աջերը» կամ՝ «նախկինները» ինչո՞ւ են նախընտրական այս փուլում պասիվություն դրսեւորում: – Ժամանակն է «նախկին իշխանություններ» բառակապակցությունը շրջանառությունից հանելու, քանի որ նախկին իշխանություն կարող է լինել այն դեպքում, եթե կա ներկա իշխանություն: Իսկ Հայաստանում չկա, կա ժամանակին իշխանությունը հանձնածների մերձակայքում վխտացող անգաղափար բաշիբոզուկների հրոսակախումբը՝ Քոչարյանի գլխավորությամբ եւ դաշնակցական երանգավորումով: Այս կոնտեքստում ինչ պիտի անեն «աջերը»՝ բարդ, մատչելի, քաղաքական, կենցաղային՝ հնարավոր բոլոր ձեւերով ու տերմիններով ներկայացել են հասարակությանը: Հիմա էլ հասարակությունը պիտի իրեն նեղություն տա եւ մտածի, համեմատի… – Ի՞նչ եք կարծում, «16»-ի շրջանակներից ո՞վ կարող է լինել նախագահի այն ռեալ թեկնածուն, որը կարող է մրցակցել եւ հաղթել գործող նախագահին: – Արդար ընտրությունների դեպքում գործող նախագահին կարող է հաղթել 16-ից յուրաքանչյուրի գրասենյակի պահակը, բայց քանի որ ընտրությունները արդար չեն լինելու, ընդդիմությունը պիտի փորձի միասնական թեկնածու առաջադրել այնպիսի մեկին, ում ձայները խլելը Քոչարյանի համար դժվար կլինի: Օրինակ՝ Գեղամյանին՝ իր ապարանցու հաստ կողով, Դեմիրճյանին՝ հոր խարիզմայով, Արմեն Սարգսյանին՝ արեւմտյան բարեկրթությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանին՝ բառիս բուն իմաստով՝ հայեցի նկարագրով: Մի խոսքով՝ ճաշակի հարց է: – Ինչպե՞ս եք գնահատում Ռ.Քոչարյանի առաջադրումը: Ոմանք արդեն կարծիք են հայտնել, որ նրա հերթական հակասահմանադրական այդ քայլը կանխորոշում է ընտրությունների ելքը՝ դրանք կեղծելու իմաստով: – Առաջադրումը, այո՛, հակասահմանադրական է, բայց՝ չի կանխորոշում, Քոչարյանն ինքն է հակված եւ բոլոր միջոցներով տարածում է, թե իր դեմ պայքարն անիմաստ է, թե իշխանական լծակն իր ձեռքում է, եւ ցանկացած միջոցով «անցնելու է», բայց իրականությունն այսպիսին է. չինովնիկական ողջ համակարգը խորշում է նրանից, որովհետեւ ճորտի կարգավիճակով փայ փախցնելը նվաստացուցիչ է, իսկ նրանք հենց այդ վիճակում են: – Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, ըստ Ձեզ, կառաջադրվի՞: Նրա վերադարձի մասին խոսակցությունները օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ պատճառներ ունեն: – Տեր-Պետրոսյանն արդեն մի անգամ ասել է, թե երբ կվերադառնա: Ինչ վերաբերում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներին, ապա նա իշխանության էր եկել օբյեկտիվ պատճառներով եւ գնացել սուբյեկտիվ պատճառներով: Ընդհանրապես նորմալ երկրների նորմալ նախագահները իշխանության են գալիս օբյեկտիվ պատճառներով, իսկ սուբյեկտիվ պատճառներով միայն Քոչարյանը կամ նմանատիպները կարող են գալ ու գնալ: – «Շամիրամն» ինչպե՞ս է մասնակցելու առաջիկա տեղական, ապա նաեւ՝ նախագահական ընտրություններին եւ ի՞նչ դերակատարում է ունենալու, ո՞ւմ հետ կարող է համագործակցել առաջիկա ընտրությունների համատեքստում: – «Շամիրամն» արդեն մի անգամ վճռել է, թե ում հետ է համագործակցելու. ընդդեմ անօրինական իշխանությունների եւ հանուն Հայաստանի Հանրապետության: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ վճիռը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել