Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տեսնենք Անին ու շա՛տ ապրենք

Հոկտեմբեր 01,2002 00:00

Տեսնենք Անին ու շա՛տ ապրենք «Մենք պիտի հաստատ լինենք այն հավատքի մեջ, որ մի օր Շիրակ աշխարհը ամբողջանալու է ու մենք տեսնելով Անին, ազգովի շարունակելու ենք ապրել»,- համոզված է Միքայել սրբազանը։ Այս տարի լրանում է Անիի Մայր տաճարի 1000-ամյակը։ Այդ առիթով Գարեգին Բ հայրապետի բարձր հովանավորությամբ մի շարք հանդիսություններ են կազմակերպվել հանրապետությունում։ Սկիզբը սեպտեմբերի 22-ին Էջմիածնի Մայր տաճարում մատուցված պատարագն էր։ Այնուհետեւ գիտական նստաշրջան Օշականում, կլոր սեղան եւ լիագումար նիստ ՀՀ ԳԱԱ-ի նիստերի դահլիճում։ Երեւանում բացված «Անիի ճարտարապետությունը», «Հոգեւոր Անի» ցուցահանդեսների բացումը եւ նախավերջինը՝ սեպտեմբերի 27-ին ուխտագնացություն դեպի Անի՝ «Ավերակների դիտում Ախուրյանի հանդիպակաց ափից», այնուհետեւ նախատեսված էր հանդիսություն եւ համերգ Գյումրիում՝ «Ամենափրկիչ» եկեղեցու հրապարակում։ Այդ հետաքրքիր միջոցառումը նախաձեռնել էին Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Մոտ 200 մարդ էր մասնակցում ուխտագնացությանը՝ ուսանողներ, գիտության եւ մշակույթի աշխատակիցներ, սփյուռքահայեր։ Չնայած ճանապարհի դժվարություններին, ոգեւորությունը համընդհանուր էր։ Արարողություն կատարվեց եւ ներկաները աղոթք հղեցին առ Աստված։ Բագրատունյաց իշխանության այդ տարիներին Հայաստանը շեն էր ու ծաղկում էր եւ Անին դրա խոսուն վկան էր։ Այսօր մեզ մոտ կատարվում է այն, ինչ կար Անիում անկումից առաջ՝ լքում եւ արտագաղթ։ Պատմությունը միշտ կրկնվում է։ Հայրենասիրական առողջ մոտեցում է պետք դիմակայելու ժամանակի դժվարություններին։ Անիի ու նրա երբեմնի վսեմ փառքի ավերակների առջեւ կանգնած ակնածանք ու թախիծ էիր զգում, երբ այդքան մոտ ու նաեւ հեռու տեսնում էիր այն, ինչ քո եւ յուրաքանչյուր հայի հոգու մեջ է։ Մեսրոպ սրբազանը անհատի կյանքում եկեղեցին համեմատեց փայլուն ասպազենի հետ, որով պիտի գոտեւորվենք ու ապրենք հաղթողի գիտակցությամբ։ Ոգեշնչող ոգի ու հզոր հավատ կար Միքայել սրբազանի խոսքերում. «Այո՛, մենք հաղթող ենք եւ մեզանից հետո եկողները պիտի աղոթեն Անիի Մայր տաճարում։ Մենք պիտի ապրենք առանց տրտնջալու, երկրի տիրոջ հստակ գիտակցությամբ»։ Հավանաբար ի պատասխան մեր ներկայության, հակառակ ափում սկսեց կանչել մոլլան։ Այնուհետեւ Գյումրիի երիտասարդների պատրաստած համերգային մասը սկսվեց։ Մի սփյուռքահայ տիկին շատ գեղեցիկ բանաստեղծություն կարդաց եկեղեցու մասին։ Բոլորի սրտերում ցավ կար, նաեւ՝ հպարտություն։ Իսկ ավերակները, թեկուզ գերված ու տխուր, սակայն վեհասքանչ էին։ Երեկոյան Գյումրիում հանդիսություն պիտի լիներ, սակայն, չգիտես ինչու, մեր ավտոբուսը (չգիտեմ, ուսանողներինը ինչպես) վերադարձավ Երեւան։ Հավանաբար գտան, որ ազգի «գիտական պոտենցիալը» պետք չուներ զվարճանալու։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել