Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ՀԱՈՒ-Ն ՍՆԱՆԿ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ»

Հոկտեմբեր 01,2002 00:00

«ՀԱՈՒ-Ն ՍՆԱՆԿ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ» Երեկ, ՀՀ քաղաքացիական ավիացիան տոնեց իր 69-րդ տարեդարձը։ Այդ առիթով հավաքված լրագրողների հետ մի փոքրիկ ճեպազրույց անցկացրեց «Հայկական ավիաուղիներ» ընկերության նորանշանակ տնօրեն Արսեն Ավետիսյանը։ «ՀԱՈՒ-ն սնանկ չի ճանաչվելու, այն շարունակելու է գոյատեւել եւ կանենք ամեն ինչ, որ տեղի ունենան նույնիսկ զարգացումներ,- պաշտոնապես հայտարարեց տնօրենը, ապա շարունակեց,- անլուրջ է շատ բան խոստանալը, քանի որ այսպիսի վիճակում գտնվող ընկերության համար այսօր լավագույն հեռանկարը շուկան պահպանելն է»։ Քանի որ տնտեսավարման մեկ շաբաթվա ընթացքում տնօրենը չի հասցրել ստուգել ընկերության փաստացի իրավիճակը, ուստի, ըստ ներկայացրած փաստաթղթերի տեղեկացրեց, որ դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի տարբերությունը կազմում է մոտ մինուս 19 մլն ԱՄՆ դոլար։ Այսօր ՀԱՈՒ-ի ինքնաթիռային պարկն ունի 2 ԻԼ 86 տիպի օդանավ (մինչեւ 2010 թվականը շահագործման ժամկետով), 4 ՏՈՒ-154, 2 ՏՈՒ-134 (երրորդը Ռոստովում կապիտալ նորոգվում է), 4 ՅԱԿ-40, 1 ԱՆ-24 տիպի օդանավեր եւ 2 ուղղաթիռ։ Ապա տնօրենը տեղեկացրեց, որ շուտով կավարտվեն «Արմենիա» միջազգային օդանավակայանի թռիչքադաշտի վերակառուցումն ու լուսատեխնիկական սարքավորումների տեղադրումը, որից հետո կունենանք միջազգայի չափանիշներին համապատասխան օդանավակայան՝ միակը ԱՊՀ տարածքում։ Սակայն ինչպես պարզվեց, ՀԱՈՒ-ն առ այդ օրը ոչ մի համագործակցության պայմանագիր չունի կնքած օդանավակայանի հետ եւ ըստ տնօրենի, միայն ճշտված են վառելիքի սակագինը եւ մեկ ուղեւորի հաշվով սպասարկման արժեքը։ Ըստ ՀԱՈՒ-ի տնօրենի, համակարգում այս տարի կրճատումներ չեն լինի, իսկ աշխատողներին տրվում էր հունիս ամսվա աշխատավարձը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել