Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

62 տարեկան երեխան

Հոկտեմբեր 01,2002 00:00

62 տարեկան երեխան Լուսակերտցի Արսեն Փանոսյանն իր ստեղծածով հնարավորություն ունեցել, բայց չի դիզել հարստություն, չի ավարտել կիսակառույց տունը, բայց հայրենի գյուղի համար նվեր է թողել 2 հուշահամալիր։ Ինչո՞ւ. «որովհետեւ մենք անցնող ենք, իսկ գործը՝ մնացող»,- պատասխանեց քանդակագործը։ Արցախի հերոսներին նվիրված կոթողից հետո վերջին մեկ-մեկուկես տարում Փանոսյանների ընտանիքը՝ հայրն ու Արթուր եւ Պարույր տղաներն աշխատում էին «Քրիստոնյա Հայաստան» համալիրի թվով 15 խաչքարերի ստեղծման վրա։ Իր լուծումներով հետաքրքիր քառաշերտ փորագրությամբ կլորագլուխ խաչքարերը խորհրդանշում են Քրիստոսին իր 12 առաքյալներով, Տրդատ թագավորին եւ Գրիգոր Լուսավորչին։ Հուշահամալիրի բացումը կայացավ կիրակի առավոտյան, մեծ շուքով, համագյուղացիների, ծնունդով չարենցավանցի բարձրաստիճան պաշտոնյաների եւ Կոտայքի մարզպետի մասնակցությամբ։ Արգել (նախկինում՝ Լուսակերտ) գյուղի գյուղապետն իր կողմից նվեր արեց՝ Արսեն Փանոսյանի անունով կոչել գյուղի դաշտամիջյան ճանապարհներից մեկը, իսկ պատվավոր քաղաքացու կոչում շնորհվել էր ոչ վաղ անցյալում։ Փանոսյանների ընտանիքն, ինչպես ասում են՝ «ծնունդով ու կնունքով» մանկավարժների ընտանիք է, նույնիսկ հարսներն են մանկավարժ։ Արսեն Փանոսյանը վերջին տասնամյակում անցել է վաստակած հանգստի եւ ամբողջությամբ նվիրվել քանդակագործությանը։ Փայտի փորագրություն սովորել է քեռուց՝ բժիշկ Հովսեփ Մարգարյանից, երբ դեռ 14 տարեկան էր։ Թե ժամանակի ընթացքում ինչի հասավ, նշենք մի փաստ. ժողովրդական արվեստների ԽՍՀՄ փառատոներին 3 անգամ մասնակցությունը բերել է 3 ոսկե մեդալ։ Նրա աշխատանքները ցուցադրվում են ամենահեղինակավոր թանգարաններում, հետաքրքրվողներ շատ կան նաեւ արտերկրից։ Քառաշերտ բարդ փորագրությամբ գործերը հիմնականում կենցաղային իրեր են՝ կճուճ, շերեփ, դաղդաղան (կովերի պարանոցից կախվող թալիսման), կան նաեւ բազմիմաստ խորհրդանիշ քանդակներ։ «Իմ մուսան ու առաջին քննադատը կինս է՝ Նուբարը, եթե նրան դուր եկավ, ուրեմն՝ գործ է»,- ամենայն լրջությամբ նշեց քանդակագործը։ «Մուսան» էլ իր հերթին ավելացրեց, որ «կյանքում ամեն ինչ դրել եմ մի կողմ, ստեղծել պայմաններ, որ ամուսինս կարողանա զբաղվել միայն իր երազած գործով, կարծում եք հե՞շտ է»։ Ընկերներն էլ տարիքն առած քանդակագործին բնութագրեցին որպես «մեծ երեխա, մաքուր, անաղարտ, նույնիսկ իմիջիայլոց ասված բարի խոսքից այնպես է ուրախանում, ոնց որ աշխարհն իրեն տվին»։ «Մեծ երեխան» նաեւ անչափ հպարտ է, երբեք ոչ մեկից ոչինչ չի խնդրել, կանե՞ն իրենց առաջարկով՝ լավ, չեն ասի ու չեն անի՝ էլի լավ։ «Նույնիսկ հուշահամալիրի պատրաստման համար ոչ մեկին չդիմեց, թեպետ ահռելի ծախս էր,- պատմում են տղաները,- ճիշտ է, օգնեցին, այն էլ՝ պատահաբար տեղեկացող պատահական մարդիկ. տուֆով, տեխնիկայով, դրա համար էլ ենք շնորհակալ»։ Ամեն ինչ առուծախի վերածված մեր օրերի մարդկային շփումներում անգամ Արսեն Փանոսյանը պահպանել է խորհրդային տարիների համար զարմանալի բացսիրտ-բացձեռն բնավորություն։ «Մեկը մի քիչ երես ունենա ու տարիների բարձրարժեք գործերից անգամ նվեր ուզի՝ առանց մտածելու կտա»,- պատմեց ընտանիքի Վարդգես անունով հին բարեկամներից մեկը։ Ճիշտ այդպես անշահախնդիր էլ ուսուցանել է իր գործը 60-ից ավելի աշակերտների, որոնցից շատերի համար այն դարձել է ապրուստի միջոց։ Այս ամենի հիմքում կրկին նույն բացատրությունն է՝ «մենք գնացող ենք, արած գործը՝ մնացող»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել