Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դարվինը պարտվեց Աստծուն, բայց ոչ մարդուն

Հոկտեմբեր 01,2002 00:00

Դարվինը պարտվեց Աստծուն, բայց ոչ մարդուն Մինչեւ Խորհրդային Միության փլուզումը աշխարհի առնվազն մեկ վեցերորդ մասում մարդն անվերապահորեն առաջացել էր կապիկից։ Այսօր աշխարհի մեկ վեցերորդ մասն ազատություն ունի որոշելու իր նախահայրերի արյունակցական պատկանելությունը։ Հայ Առաքելական եկեղեցին այսօր խորամանկում է։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այս տարվա օգոստոսի 22-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ստորագրել է մի հուշագիր, որով Հայաստանի դպրոցներում 5-րդ դասարանից պետք է անցնեն «Կրոնի եւ հայ եկեղեցու պատմություն» առարկան։ Այսինքն, պետությունը տվել է իր համաձայնությունը, որպեսզի ճեմարանական կրթություն ստացածներն ազատորեն դպրոցներում հայտարարեն, որ մարդն արարված է Աստծո կողմից։ Ոչ մի եկեղեցի չի կարող յոլա գնալ առանց այն համոզմունքի, որ Աստված արարեց մարդուն, այլապես ի՞նչ իմաստ ունի եկեղեցին ընդհանրապես։ Ուրեմն 5֊րդ դասարանից երեխան անցնում է կրոնի եւ եկեղեցու պատմություն, 6-րդում կենսաբանություն առարկայից ուսումնասիրում է բույսերի ծագումը, 7-րդում՝ կենդանիների ծագումը, իսկ 8-րդում՝ մարդու ծագումը եւ մարդուն ընդհանրապես։ Կենսաբանության դպրոցական դասագրքերի կենդանաբանության մասնագետները 2000 թվականին 7-րդ դասարանցիների համար հրատարակել են մի գիրք, որտեղ խոսելով անգլիացի գիտնական Չարլզ Դարվինի էվոլուցիայի տեսության, ինչպես նաեւ՝ պրիմատների (շիմպանզե, օրանգուտան, գորիլա եւ այլ կապիկներ) մասին, հիշեցնում են, որ «դեռ վաղ ժամանակներից իշխում էր այն կարծիքը, որ կենդանի բնությունը ստեղծվել է արարչի կողմից… Սակայն 1717218172րդ դարերի փիլիսոփաները եւ բնագետները հանգեցին այն պատկերացման, որ օրգանիզմները կարող են նպատակահարմար ձեւով փոփոխվել՝ միջավայրի փոփոխության հետեւանքով»։ Այսինքն, մինչ Աստված կստեղծեր կենդանի բնությունը, վերջինս անձամբ էր զբաղվում իր ձեւավորումով։ Այնուհետեւ հայ կենսաբանները դպրոցականներին տեղեկացնում են, որ սաղմնաբանությունն ավելի համոզիչ ապացույցներ է տալիս էվոլյուցիայի մասին։ Ըստ այդմ, բարձրակարգ ողնաշարավորների սաղմերն իրենց զարգացման փուլերում շատ նման են ստորակարգ ողնաշարավորների սաղմերին։ Խոսվում է նախաբջիջների մասին եւ նշվում, որ նրանց պարզագույն օրգանիզմների երկարատեւ էվոլյուցիայի արդյունքում ծագել են միաբջիջները, սրանցից էլ բազմաբջիջները։ Կենդանաբանության գրքում փոքր172ինչ խոսվում է նաեւ մարդու մասին, բայց ոչ նրա առաջացման, այլ կենդանի օրգանիզմի ձեւավորման վրա մարդու ազդեցության մասին։ Այսինքն, կենսաբանության տեսանկյունից մարդը դեռ չի առաջացել 7172րդ դասարանցու համար, բայց նա արդեն ազդում է բնության վրա։ 5-րդ դասարանում նա տեղեկացել է, որ մարդն առաջացել է Աստծուց, ապրել է դրախտում, կծել է պտուղը, վռնդվել է դրախտից եւ ահա երկու դասարան հետո սկսել է միջամտել բնության գործերին։ Այնուամենայնիվ, 7-րդ դասարանցի ոչ մի հայ երեխա այլեւս չի իմանա, թե մասնավորապես ինչպես է առաջացել մարդը։ Նկատենք, որ էվոլյուցիայի մասին խոսելով կենսաբանները ոչ թե Աստծուն են «սխալ հանում», այլ եկեղեցուն, քանի որ եկեղեցին է շահագրգռված, որպեսզի արարչագործությունից բացի ոչ մի էվոլյուցիա ասպարեզում չլինի։ Հայ մասնագետներն աշխարհի այդպիսի զարգացումից հանգել են մի եզրակացության՝ երկրի վրա օրգանական աշխարհն ունի միասնական ծագում։ Այս մտքից բնականաբար երեխան հանգում է մի քանի հետեւության՝ 1) Աստված աշխարհն արարել է մեկ օրում, եւ ոչ թե վեց օրում։ 2) Ոչ մի կենդանի օրգանիզմ մեկ այլ կենդանի օրգանիզմից անկախ չի առաջացել։ 3) Աստված չի արարել աշխարհը եւ մարդուն։ 4) Մարդը միասնական ծագման մեջ չկա, քանի որ կենդանի բնությունն առաջացել է ինքնին, իսկ մարդուն առաջացրել է Աստված։ Հիշեցնենք, որ բոլոր այս հետեւություններին հանգած 7-րդ դասարանցի երեխան դեռեւս 5-րդ դասարանում տեղյակ է, որ գոնե մարդն Աստծո ծնունդ է։ 7-րդ դասարանցիների համար հայ կենսաբանների արած գլխավոր հետեւությունն այն է, որ մարդը կապիկի ծնունդ չէ։ Ոչ մի տող այն մասին, թե ինչպես է նախաբջիջը, հանձին մարդու, ծնունդ տվել, պայմանականորեն ասած, բարձրագույն բջիջին։ 7-րդ դասարանցու համար կապիկն իր նախնիների ծագման արանքից վերացել է, քանի որ Դարվինի մասին խոսելով, կենսաբանները 7-րդ դասարանցուն ոչինչ չեն ասում մարդու պրիմատային ծագման Դարվինի մոլորության մասին։ Հանկարծ ու երեխան մտքով չանցկացնի օրերից մի օր համաձայնել Դարվինի հետ։ 8-րդ դասարանցիներն արդեն Կենսաբանության «Մարդ» դասագրքից տեղեկանում են, որ մարդու օրգանիզմը պատմականորեն ձեւավորված ամբողջական, դինամիկ համակարգ է, որն ունի իր մենահատուկ կառուցվածքն ու զարգացումը։ Այսինքն, 8-րդ դասարանցու համար Աստված գոյություն ունի, որովհետեւ մարդն ունի ոչ մի կենդանու չնմանվող մենահատուկ կառուցվածք ու զարգացում։ Այսինքն, ինչպես էլ զարգացած լինի մարդը, իր նախաբջջային վիճակում նա արդեն մարդ էր։ Այս մասին ոչ մի խոսք, մինչդեռ կապիկը վերջնականապես վռնդված է նախամարդու ծագումից։ Բայց այդ դեպքում ի՞նչ անենք բնակլիմայական պայմանների միջամտության հետ, որի արդյունքում դինոզավրեր են ոչնչացել եւ առաջացել ավելի փոքր կենդանիներ եւ որի մասին սովորում են նույն 7֊րդցիները։ Հայտնի է, որ դինոզավրերը նախահայրեր են այսօր գոյություն ունեցող կենդանական մի շարք օրգանիզմների համար։ Մարդը, ըստ դասագրքերի, նախահայր չունի, նա ունի նախաբջիջ։ Ըստ Աստվածաշնչի, դա Ադամն է։ Կենսաբանությունը չի խոսում առաջին մարդու մասին, նա խոսում է մարդու ծագման մասին եւ չնայած դրան՝ կենսաբանությունը եւ աստվածաբանությունն այլեւս ոխերիմ թշնամի չեն։ Կենսաբանությունը մի տեսակ դարձել է աստվածաբանության կրտսեր եղբայր։ Ոչ ոք չգիտի, թե կենսաբանորեն Ադամից ինչպես առաջացան մնացած մարդիկ։ Այսպիսով, կաթողիկոսը խորամանկել է եկեղեցու պատմությունն անցնող դասարանի ընտրության հարցում։ 7-րդ դասարան հասած երեխան այլեւս չի սակարկի առաջին մարդու եւ մարդու ծագման խնդիրների տարբերությունը, քանի որ մարդը կա, եւ գլխավորը դա է։ ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել